Հրաժեշտ արխիվագետ Սարգիս Դարչինյանին

Հոկտեմբերի 5-ին, Թբիլիսիում տեղի ունեցավ վաստակաշատ արխիվագետ, թբիլիսահայ ճանաչվածճարտարագետ, Վրաստանի հայկական պատմական կոթողների հետազոտող և մեծ գիտակ Սարգիս(Սերգո) Դարչինյանի հուղարկավորությունը:

Առավոտից թբիլիսահայությունը Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցում վերջին հրաժեշտն էր տալիս ազգի լավագույն զավակին, ով իր գիտակցական կյանքի 40 տարիները նվիրել է Վրաստանում, հատկապես Թբիլիսիում հայոց հետքի ուսումնասիրությանը և ստեղծել գիտականորեն հիմնավորված, փաստարկներով հագեցած ու լուսանկարներով ապացուցված բազմաբնույթ արխիվ:

Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի հանդիսապետությամբ, կատարվեց եկեղեցու կարգ: Հավարտ արարողության Թեմակալ առաջնորդը օրհնության և վշտակցության խոսքերով դիմեց սգակիր թբիլիսահայությանը, ով կորցրեց ազգի նվիրյալ իր անդամին: Այնուհետև Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի համակարգող Լևոն Չիդիլյանն ընթերցեց ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ցավակցական հեռագիրը Սարգիս Դարչինյանի մահվան կապակցությամբ:

Թբիլիսահայերի թափորը Սարգիս Դարչինյանի դին հետիոտն Հավլաբարի Սբ. Էջմիածին եկեղեցուց հասցրեց մինչև հայ գրողների և հասարակական գործիչների Խոջիվանքի պանթեոն, որտեղ հրաժեշտի խոսքերով հանդես եկան Թբիլիսիի հայկական հասարակական կառույցների ղեկավարները, մտավորականներ, Սարգիս Դարչինյանին ճանաչողները և նրա գործը գնահատողները:

Թաղման արարողակարգից հետո նվիրյալ հայ, վաստակաշատ արխիվագետ Սարգիս Դարչինյանն իր հավերժական հանգիստը գտավ ազգի մեծամեծների կողքին: Երջանկահիշատակ Սարգիս Դարչինյանի հիվանդության ողջ ընթացքում նրա խնամակալությունը և հուղարկավորության հետ կապված պարտականությունները ամենայն պատասխանատվությամբ ստանձնել էր Վիրահայոց թեմը:

sargis darjinyan2    sargis darjinyan3

armenianchurch.ge

Scroll Up