ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ աշխատակիցների երդման և պարգևատրման հանդիսավոր արարողությունը

Հոկտեմբերի 4-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ նախարարության աշխատակազմի քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնների համար հայտարարված մրցույթում հաղթող ճանաչված և սահմանված փորձաշրջանն անցած 11 քաղաքացիական ծառայողների երդման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանը, Քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը, ԱԺ պատգամավոր Արտակ Զաքարյանը, պետական-հասարակական գործիչներ, ուսուցիչներ, սփյուռքահայեր:

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը շնորհավորելով աշխատակիցներին, մասնավորապես նշեց. «Կարծում եմ անցնելով քաղծառայության, երբեք երդմնազանց չեք լինի: Մեր պարտքն է ծառայել Հայրենիքին, պետությանը, ժողովրդին և երբեք չխախտել օրենքները: Ի տարբերություն մյուս նախարարությունների, մեր նախարարության վրա ազգապահպանման կարևորագույն խնդիր է դրված:  Անցած 5 տարիների ընթացքում արել ենք ամեն ինչ, որպեսզի Սփյուռքի նախարարությունը կայանա: Պահանջում եմ լինել ազնիվ, օբյեկտիվ, պատասխանատու և նվիրյալ ձեր աշխատանքի: Եթե չլիներ ՀՀ Նախագահի կամքը և ուշադրությունը, Կառավարության աջակցությունը, և ամենակարևորը Սփյուռքի աջակցությունը, նախարարությունը չէր կայանա: Շնորհակալություն Սփյուռքին»:

ՀՀ սփյուռքի նախարարության 5 ամյակի առիթով ներկաներին ողջունեց, ՀՀ վարչապետի անունից շնորհավորեց և պարգևներ հանձնեց ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար նախարար Վաչե Գաբրիելյանը:

Միջոցառման ընթացքում ՀՀ սփյուռքի նախարարության հոբելյանական 5 ամյակի առիթով պարգևատրվեցին նախարարության նախկին և ներկա աշխատակիցները, ինչպես նաև գործընկեր կառույցների ներկայացուցիչներ և անհատներ, ովքեր իրենց ներդրումն են ունեցել նախարարության կայացման, Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման գործում:

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը շնորհավորեց նաև միջոցառմանը մասնակից կրթօջախների ներկայացուցիչներին, որոնք ևս արժանացան խրախուսական պարգևների:

IMG_5955 IMG_5941 IMG_5954

Scroll Up