«Այգեպարում ապրող ցանկացած բնակիչ շատ դժվարությամբ է լքում գյուղը». Արևիկ Արզումանյան

«Հայերն այսօր»-ի թղթակիցը կապ է հաստատել Տավուշի  մարզի սահմանամերձ գյուղերի բնակիչների հետ. այս անգամ  հարցազրույցը   Այգեպարի  դպրոցի տնօրեն Արևիկ Արզումանյանի հետ է:

Տարիներ շարունակ   Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրել և ապրում  են   ազերիների կողմից  մշտատև  կրակոցների   վտանգի ներքո. տիկի՛ն Արզումանյան, բնականաբար,  այդ վտանգը կախված է եղել նաև դպրոց հաճախող անպաշտպան երեխաների գլխին, ինչպե՞ս է դպրոցը դիմակայել, ինչպե՞ս  եք  աշակերտներին  նախապատրաստել հանկարծահաս «Աստված չարասցե» ավելի լայնածավալ  պատերազմական գործողություններին:

-Բոլորս էլ գիտենք,որ Այգեպար գյուղը սահմանային ամենավտանգավոր գոտում գտնվող գյուղերից մեկն է: Բնականաբար,  մեր աշակերտները դեռևս շատ փոքր տարիքից են նախապատրաստված՝ դիմակայելու թշնամու մշտատև կրակոցներին , նրանք գիտեն, թե երբ է վտանգավոր, երբ պետք է պատրաստվեն  և որտեղ: Դպրոցում հաճախակի անց են կացվում նախապատրաստական միջոցառումներ:

Լինո՞ւմ են դեպքեր, երբ ծնողներն ընդհանրապես  երեխաներին դասի չուղարկեն՝ վախենալով թշնամու կողմից գյուղի վրա ընկնող արկերից, դիպուկահարների կրակոցներից, ի՞նչ աշխատանքներ են տարվում ծնողների հետ:

-Այդպիսի դեպքեր հազվագյուտ են հանդիպում՝ 1-2 ծնող. հիմնականում երեխաները պարտաճանաչ հաճախում են դպրոց, ինչքան էլ որ նախորդ օրը կրակոցներ են եղած լինում: Իհարկե, ծնողների հետ աշխատանքներ տարվում են, նրանք գիտեն կրակոցների ժամանակ ինչպես վարվել:

Դուք ապրում եք ադրբեջանական դիրքերից շատ մոտ. այսինքն՝ ամեն գիշեր ու ամեն առավոտ ՝ կյանքի ու մահվան անկանխատեսելի   սահմաններում. երբևէ չե՞ք մտածել Ձեր բնակատեղին լքելու մասին:

-Ուզում եք հավատացեք, ուզում եք՝ ոչ, Այգեպարում ապրող ցանկացած բնակիչ շատ դժվարությամբ է լքում գյուղը, այն էլ ոչ թե կրակոցների պատճառով, այլ ավելի շատ աշխատանք չունենալու և ընտանիքը պահել չկարողանալու պատճառով:

Տիկի՛ն Արզումանյան, որտեղի՞ց է գալիս  տավուշցու՝   այդչափ  հայրենասեր, իր հողին կառչած լինելու   անսահման ներուժը:

-Մեր չքնաղ բնությունը, մեր նախնիների  օրինակը և դաստիարակությունն է տվել մեզ այդ անսահման ներուժը:

– Ինչպիսի՞ վնասներ է կրել Այգեպարի դպրոցն ադրբեջանական դիրքերից արձակված կրակոցների հետևանքով  և   երեխաների հաճախելն ու տունդարձը  հնարավորինս ապահովելու համար ի՞նչ միջոցներ  են կիրառվում՝ պատնեշներ,  քարաշեղջեր….

-Այգեպարի դպրոցն ամբողջությամբ տեսանելի է թշնամու դիտակետերից  և գտնվում է մշտական թիրախի տակ, դպրոց  հաճախելը  աշակերտների և ուսուցիչների համար միշտ էլ վտանգավոր է եղել: ՀՕՖ-ի  հայաստանյան գրասենյակի ջանքերով դպրոցի տարածքում գյուղամիջյան  ճանապարհերի երկայնքով կառուցվել են պաշտպանական պատեր՝ աշակերտների և բնակիչների անվտանգությունը ապահովելու նպատակով:

Ինչի՞ կարիք ունի  սահմանամերձ Այգեպարի դպրոցը:

-Առաջին հերթին՝ խաղաղություն: Դե, իհարկե, խնդիրներ շատ կան դպրոցում, այս հարցի համար մտահոգված ենք:

Հարցազրույցը՝   Կարինե Ավագյանի

Scroll Up