Նորօրյա Սարդարապատ Արցախում

Երբ չի մնում ելք ու ճար, խենթերն են գտնում հնար…
1918-ին Ավարայրից ջանք առած խենթերն այդ հնարը գտան Սարդարապատում, երբ վտանգված էր որպես հայ ապրելու և անհայրենիք մնալու դարերից եկող մեր իրավունքը: Հնարը հաղթանակն էր ու Անկախության հռչակումը:
…Պատմությունը սիրում է կրկնվել: Մեզ՝ հայերիս համար, շատ հաճախ այդ կրկնությունը պահանջում է ինքնազոհողություն ու մահ իմացյալի գիտակցություն: Գիտակցություն, որը երբեք չի նիրհում մեր հոգիներում:
…Մենք չհանգանք դեռ կգանք, Երբ տան զանգը, ահազանգը…
Ահազանգը տրվեց 2016 թվականի ապրիլի 2-5-ը՝ Արցախում՝ քառօրյա պատերազմում ու նորօրյա Սարդարապատում: Այդ երկու մարտերում թշնամին ու հերոսը նույն դեմքն ունեին ու միևնույն առաքելությունը՝ տիրել ու հաղթել:
Հայի ոգին պարտվել չգիտի. հաղթեցինք Սարդարապատում, հաղթեցինք նաև Արցախում: Նույնն էր «հնարը», նույնն էին խենթերը, միայն ժամանակն էր ուրիշ ու անունները:
Սարդարապատում թուրքական 10 հազարանոց կանոնավոր զորքի դեմ դուրս եկավ 6 հազարանոց Հայկական բանակն ու աշխարհազորը: Մարտնչելով անհավասար մարտում՝ հերոսաբար հաղթեց՝ բոլորիս պարգևելով ազատ, անկախ հայրենիք ու պետություն:
Արցախում ժամանակակից տեխնիկայով գերհագեցած թշնամու բանակի առաջխաղացումը կասեցրին մեր 18-20 տարեկան տղաները: Հերոսներ, որոնց համար հայրենիքը սկսվում էր այն խրամատից, որն ապրիլյան մի գիշեր դարձավ կենաց ու մահու ճակատամարտ՝ նորօրյա Սարդարապատ: Մեր հերոս տղաները նայելով մահվան աչքերին՝ կարողացան ժպտալ մահին ու հերոսանալ…
Արցախում թշնամին պարտվեց այնպես, ինչպես Սարդարապատում:
Սարդարապատում համազգային պայքարին զինվորագրվեցին հասարակության բոլոր խավերի ներկայացուցիչները: Գրողն ու գիտնականը, հասարակ գյուղացին բահ ու մանգաղով կանգնելով զինվորի կողքին՝ հաղթեցին միասնաբար:
Քառօրյա պատերազմի առաջին իսկ րոպեներից Արցախ շտապեցին կամավորականները՝ ժամ առաջ կանգնելու զինվորի կողքին: Հայր ու որդի, պապ ու թոռ միասին, ուս-ուսի պաշտպանեցին բոլորիս հայրենիքը: Պատերազմեցին կողք-կողքի փորձառու կամավորն ու մեկ օրում անպարտելի դարձած զիվորը:
Պատերազմեցին ու հաղթեցին այնպես, ինչպես Սարդարապատում:
Սարդարապատում հայ ժողովրդի կողքին հերոսաբար մարտնչում էին եզդի աշխարհազորայինները՝ Ջհանգիր աղայի գլխավորությամբ: Կռվում էին արիաբար, որովհետև այս հողը նաև նրանց հայրենիքն է:
Հայն ու եզդին մարտնչեցին կողք-կողքի ու հաղթեցին:
Արցախում հայ զինվորի կողքին կռվում էր նաև եզդի զինվորը: Քյարամ Սլոյանի անունը օրեր շարունակ բոլորի շուրթերին էր, իսկ նրա «Ձեզ մենակ չեմ թողնի հրամանատար» թևավոր խոսքի ուժ ստացած արտահայտությունը դարձավ հայ և եզդի ժողովուրդների բարեկամության նորօրյա վերահաստատում:
Հայն ու եզդին կողք-կողքի պատերազմեցին Արցախում ու հաղթեցին այնպես, ինչպես Սարդարապատում:
Սարդարապատի ճակատամարտին մասնակցում էին հոգևորականներ: Էջմիածնի հոգևոր ճեմարանի տեսուչ Գարեգին եպիսկոպոս Հովսեփյանց (հետագայում՝ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս), Էրզրումի թեմի առաջնորդ Զավեն եպիսկոպոս Բաբայան. երկու հոգևորականներ, խաչը բարձր պահած, անցնում են զորքի գլուխն ու հայ զինվորներին առաջնորդում մարտի։
Գրեթե 100 տարի անց Արցախ մեկնեցին նաև հոգևորականները:
Խաչն ու զենքը ձեռքում՝ մարտնչեցին ու հաղթեցին հանուն հավատի և հայրենիքի՝ ինչպես Սարդարապատում:
Սարարապատի ճակատամարտի 5 օրերի ընթացքում ղողանջել են Արարատյան դաշտավայրի բոլոր եկեղեցիների զանգերը՝ ոտքի հանելով ողջ ժողովրդին:
Արցախյան քառօրյա պատերազմում չղողանջեցին եկեղեցիների զանգերը: Փոխարենը՝ Հայաստանից մինչև Ամերիկա, Ռուսաստան, Եվրոպա ու Կանադա ղողանջեցին մեր «հոգու» զանգերը, որոնք ոտքի հանեցին ու միավորեցին բոլորիս՝ ստիպելով հայացքներս ուղղել դեպի Արցախ: Այդ «զանգերի» ղողանջները լսվում են առ այսօր:
Տարիներ անց՝ 1968-ին, Արմավիրի բարձունքներից մեկում վեր խոյացավ Սարդարապատի անմահ հերոսներին նվիրված հուշահամալիրը, որը յուրատեսակ ուխտատեղի է յուրաքանչյուր հայի համար:
Քառօրյա պատերազմից մոտ երկու ամիս է անցել: Թարմ է ինչպես հաղթանակի բերկրանքը, այնպես էլ կորստի ցավը: Պատերազմից օրեր անց յուրաքանչյուր հայի համար ուխտատեղի են դարձել արցախյան մերօրյա հերոսների տունն ու դպրոցը, բակն ու խրամատը, որտեղ նրանց ծիծաղն է հնչել ու արյունն է թափվել…
Սարդարապատի և Արցախի հերոսները նույն խենթերն էին, որոնք երբեք չեն նիրհում մեր հոգիներում:
…Մենք չընկանք, մենք միշտ կանք…
Հավերժ խոնարհում ու խնկարկում…

Լուսինե Աբրահամյան

Հայերն այսօր

Scroll Up