Կոմիտասի երաժշտությունը հոգիս մաքրում է.չիլիահայ հոգեբան

«Հայերն այսօրի» զրուցակիցը չիլիահայ հոգեբան Կարոլինա Տերտերյանն է. վերջինիս  Հայաստան կատարած անդրանիկ այցը թերևս խորհրդանշական կարելի է համարել: Տեսնելով հայրենի եզերքները, վայելելով մեր մաքրամաքուր օդն ու ջուրը՝ նրա հոգում ամուր դաջվում է նաև հանճարեղ հայի՝ Կոմիտաս Վարդապետի լուսանկարի հետ «հանդիպման» լուսավոր պահը, որն էլ հետագայում  հոգեբանի համար դառնում է ներշնչանքի աղբյուր, ուսումնասիրության հարուստ շտեմարան և, ի վերջո, հայկական արմատներին վերադառնալու հզոր ազդակ:

 -Կարոլինա՛, ինչքա՞ն ժամանակ է,որ  հոգեբանությամբ եք զբաղվում:

-Հոգեբանության բնագավառում արդեն 10 տարվա փորձառություն ունեմ: Աշխատում եմ ինչպես անհատների, այնպես էլ ընտանեկան խմբերի հետ: Այս պահին Չիլիի ազգային «Sename» ազգային կազմակերպության կողմից լիազորված եմ զբաղվելու երեխաների իրավունքների պաշտպանությամբ: Պատասխանատու եմ նրանց որդեգրման հարցերով: Այդ կազմակերպությունը գործում է Չիլիի արդարադատության նախարարությանը կից: Նաև թերապևտիկ հոգեբանության թեկնածու եմ:

– Որտեղի՞ց են Ձեր արմատները:

-Ցավոք, շատ տեղեկություններ չունեմ իմ ծագման մասին: Գիտեմ, որ նրանք Երուսաղեմից են եղել: Պապիկս ընտանիքով 1915 թվականին, Հայոց ցեղասպանությունից փրկվելով, հաստատվել է Չիլիում: Առաջին հայերից են եղել, որ ոտք են դրել այս գեղեցիկ պետությունում:

Մեր ընտանիքում հայ լինելու մասին լուռ են եղել: Այդ լռությունը տիրել է ոչ թե եսասիրության, այլև հայկական ջարդերին ականատես լինելու պատճառով, որի մասին Չիլիում չեն բարձրաձայնել: Նրանք իրենց ապրած դառը կյանքին հաղորդակից չեն դարձրել մեզ, որպեսզի չառնչվեինք այդ ցավի հետ: Ես հետո հասկացա, որ այդ դժբախտը կյանքը նաև Կոմիտասն է ապրել:

6

– Ինչպե՞ս հասկացաք:

-Ամեն ինչ սկսվեց այն պահից, երբ անցյալ տարի Հայաստան կատարած այցի շրջանակում այցելեցինք Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ: Այնտեղ տեսնելով Կոմիտաս Վարդապետի մեծադիր լուսանկարը՝ ցնցվեցի, այն մեծ ազդեցություն թողեց ինձ վրա: Չեմ կարող նկարագրել, թե ինչ կատարվեց ինձ հետ:

Այդ պահին միանգամից միտք ծագեց, որ, իբրև հայ հոգեբան, ուսումնասիրեմ Կոմիտասի ապրած կյանքը, հատկապես Ֆրանսիայի հոգեբուժարանում ապրած տարիները: Վերադառնալով Չիլի՝ խանդավառված հոգեբանների հետ մի ծրագիր մշակեցի և առաջարկեցի ուսումնասիրել նրա հոգեկան խնդիրներ ունենալու փաստը: Ուզում էի հասկանալ, թե որն է նրա ողբերգական վախճանի պատճառը:

Խորամուխ լինելով աշխատանքի մեջ՝ սկսեցի ինտերնետի միջոցով հավաքագրել բոլոր փաստերը: Հետո կապ հաստատեցի Ամերիկայում բնակվող հոգեբան Մելինե Կարագաշյանի հետ, որը նույնպես Կոմիտասի կյանքն է ուսումնասիրում: Տիկին Կարագաշյանն ուղարկեց իր հեղինակած Կոմիտասին նվիրված գիրքը: Քույրս էլ մեկ այլ գիրք գտավ Կոմիտասի նկարներով, որոշ նյութեր էլ ինքս հայթայթեցի: Այդ ամենը մեկտեղելով՝ շարունակեցի ուսումնասիրությունը:

Կոմիտասի կյանքը նաև՝ որպես մագիստրոսական թեզի թեմա ընտրեցի: Մի խոսքով՝ սիրահարված եմ Կոմիտասի ստեղծագործություններին:

– Մինչ այդ գիտեի՞ք Կոմիտասի մասին, նրա կատարումները ունկնդրե՞լ էիք:

-Իհարկե գիտեի: Առհասարակ, հայկական մշակույթի, մասնավորապես՝ երգ-երաժշտության մասին խոսելիս՝ կամա-ակամա միանգամից մտաբերում ես Մեծն Կոմիտասի անունը: Երբ լսում ես Կոմիտասի կատարումները, հպարտութամբ ես պարուրվում և ամբողջովին գիտակցում հայ լինելու իրական արժեքը: Գիտեմ, որ տաղանդաշատ հայի ստեղծագործությունները շատ արվեստագետների ստեղծագործական ճախրանքի թևեր են տվել և առաջ ընթանալու խթան հանդիսացել: Տեղյակ եմ, որ Կոմիտասով են տարված նաև օտարները:

Իսկ երբ առաջին անգամ լսեցի Կոմիտասի ձայնը, հիացա նրա տեմբրով և զգացմունքային կատարումով. շատ թովիչ, անուշ ձայն ունի, որոնք միանգամից սրտիդ են դիպչում:

Հետո արդեն հետևեցի կոմիտասյան երաժշտությանը: Ամեն անգամ մեծ երաժշտի երգերը լսելիս՝ իր ժամանակաշրջանն եմ տեղափոխվում:

Կոմիտասի երաժշտությունը հոգիս մաքրում է, ուրախության պատճառ հանդիսանում և հանգստություն տալիս:

Carolina

-Կոմիտասի ստեղծագործություններից որո՞նք են Ձեզ առավել հոգեհարազատ:

-Իհարկե բոլորն էլ անզուգական են ու հոգեցունց: Կոմիտասի ստեղծագործություններն իրարից զանազանելը փոքր-ինչ բարդ է:

Այնուամենայնիվ կառանձնացնեմ «Քելե-քելե» և «Կուժն առա» երգերը, որոնք  շատ եմ սիրում: Առանց բառերը հասկանալու՝ պատրաստ եմ անընդհատ լսել, քանի որ դրանք աշխարհի խաղաղությունն են ինձ փոխանցում:

-2015 թվականին Ձեր ընտանիքի առաջի՞ն այցելությունն էր  Հայաստան:

-Անցյալ տարի հայրիկս ինձ, քրոջս և մայրիկիս Հայաստանը առաջին անգամ տեսնելու հնարավորություն ընձեռեց: Եկանք՝ մասնակցելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառումներին:

Դա բոլորիս համար ամենամեծ նվերն էր և մեր կյանքի ամենակարևոր իրադարձությունը: Շատ վայրերում հասցրեցինք լինել: Եղանք Երևանում, Էջմիածնում, Նորավանքում, Ջերմուկում, Գեղարդում, Գառնիում, Նորադուզում, Սևանում, Զվարթնոցում, Սարդարապատում և Խոր Վիրապում: Այն վայրերում, որտեղ չհասցրեցի գտնվել, պարտքս եմ համարում հաջորդ այցելության ժամանակ անպայման լրացնել բաց թողածը: Հայաստանում ամեն բան լավ էր ինձ համար, մարդկային ջերմ ընդունելության արժանացա, կարծես՝ իմ տան մեջ գտնվեի: Հայրենի հողի վրա իմ պատկանելիության զգացում ունեի:

Այցելության շնորհիվ ծանոթացանք մեր ծագմանը, վերագտանք մեզ և վերադարձանք մեր ինքնությանը: Հասկացանք, որ Սիրականյան և Տերտերյան ընտանիքների շառավիղներն ենք, որոնք 100 տարի անց Հայաստան են եկել:

Carolina T

– Ի՞նչ զգացողություն եք ունենում հայկական ազգանունը կրելիս:

-Հպարտությամբ եմ լցվում: Միշտ մտածում եմ, որ ազգանունս 100 և ավելի տարվա պատմություն ունի: Նաև հանճարեղ Կոմիտասի ներկայությունն եմ զգում: Ազգանունիս մեջ կարելի է Կոմիտասի «հետքը» գտնել. չէ՞ որ նա նաև հոգևորական է եղել: Առհասարակ շնորհակալ եմ Կոմիտասին, որ հայկական մշակույթը նրա շնորհիվ առ այսօր տարածվում է աշխարհով մեկ և բարձր պահում հայի անունը:

Իմ կատարած աշխատանքով ես նույնպես փորձում եմ Չիլիում ճանաչելի դարձնել Հայաստանն ու հայկական մշակույթը:

Հարցազրույցը Գևորգ Չիչյանի

Հ.Գ.-Շնորհակալություն արգենտինահայ երաժիշտ, հասարակական գործիչ Գագիկ Գասպարյանին՝ հարցազրույցը կազմակերպելուն աջակցելու համար:

Scroll Up