«Ես շատ ուրախ կլինեմ, որ ինձ հայ ճանաչեն…». գերմանացի գրող Գիզելա Ռամինինգ-Լեուփոլդ

ՀՀ սփյուռքի նախարարությունում Գերմանիայից հյուրընկալված «Armenia Land Around Ararat» գրքի հեղինակ Գիզելա Ռամինինգ-Լեուփոլդի հետ զրուցել է «Հայերն այսօր»-ի թղթակիցը:  

–  Բարի՛ գալուստ Հայաստան և ՀՀ սփյուռքի նախարարություն, տիկի՛ն Գիզելա: Հեռավոր Գերմանիայից ժամանել եք Հայաստան՝ բերելով Հայաստանին, հայերին նվիրված Ձեր հեղինակած գիրքը, շնորհակալությո՛ւն: Ինչո՞ւ որոշեցիք անդրադառնալ հե՛նց հայերին, հայոց պատմությանը:

–  2001 թվականին զբոսաշրջության նպատակով առաջին անգամ եկա Հայաստան և այնքան մեծ տպավորություններ ունեցա, որ հաջորդ տարի դարձյալ այցելեցի և սկսեցի տեղեկություններ հավաքել այս չքնաղ երկրի մասին, ուսումնասիրեցի հայոց պատմությունը, ծանոթացա հայկական մշակույթին. հենց դա՛ էլ հիմք հանդիսացավ, որ իմ մեջ ծագի հայերի ու Հայաստանի մասին գիրք գրելու գաղափարը:

1

–  Մինչ Հայաստան այցելելն ի՞նչ գիտեիք հայերի ու Հայաստանի մասին:

–  Ոչի՛նչ. անգամ չգիտեի, թե որտեղ է գտնվում Հայաստանը: Հիացած ձեր մշակույթով, հայոց այբուբենով՝ սկսեցի գրքեր կարդալ: Մոտավորապես 136 գիրք եմ կարդացել, մեջբերումներ եմ արել այդ գրքերից: Ուսումնասիրել եմ Մովսես Խորենացու «Հայոց պատմություն»-ը, որից շատ բան եմ քաղել: 10 տարի տևեց իմ գրքի ծնունդը, խորհուրդներով ինձ շատ են օգնել իմ հայ ընկերները, ճշտումներ են արել, ուղղություն են տվել: Գիրքս 2014-ից արդեն վաճառքի մեջ է. այն տպագրվել է գերմաներեն և անգլերեն լեզուներով:

–  Տիկի՛ն Գիզելա, Գերմանիայում մեծ է թուրքերի թիվը. երբևէ Ձեզ չե՞ն անհանգստացրել հայերին, Հայոց  ցեղասպանությանն անդրադառնալու համար:

–  Ընդհանրապես չեն անհանգստացրել: Ես եղել եմ ոչ միայն Բեռլինի, այլև Ստամբուլի արխիվներում և շատ տեղեկություններ եմ քաղել այնտեգղից:

–  Ի՞նչ առաքելությամբ եք Հայաստանում:

–  Եկել եմ, որպեսզի Հայաստանի, Երևանի բոլոր թանգարաններում լուծեմ անգլերեն տարբերակով գրքիս վաճառքի հարցը: Ես ուզում եմ, որ բոլոր զբոսաշրջիկներն այն ձեռք բերեն, ծանոթանան հայերի պատմությանը: Ես իմ գրքում հայերի պատմությունը սկսել եմ խորքից, հասել եմ մինչև Օսմանյան կայսրության տարիներ, մինչև Հայոց ցեղասպանություն և դրանից հետո՝ մինչև մեր օրերի Հայաստան, գրել եմ նաև Հրանտ Դինքի մասին: Անդրադարձել եմ հայոց հոգևոր արժեքներին, առաջին հերթին՝ Կոմիտասին: Ինձ հետաքրքրել է Հայաստանի պատմությունը՝ սկսած վաղնջական ժամանակներից, սկսած Ուրարտուից, Աբգար թագավորից, Տիգրան Մեծից, այս բիբլիական երկրի նախաքրիստոնեական և քրիստոնեական շրջանի բոլոր անցուդարձերից, պատմամշակութային հուշարձաններից: Ցանկությունս ու նպատակս է, որ գրքիս անգլերեն տարբերակը հասանելի լինի Հայաստան այցելող զբոսաշրջիկներին: 2000 տպաքանակով գերմաներեն լեզվով է լույս ընծայվել, որից 1700-ն արդեն վաճառված է:

–  Հայաստանում ի՞նչն է Ձեզ ամենից շատ հետաքրքրել:

–  Պատմամշակութային հուշարձանները, ճարտարապետությունը: Իմ գրքում զետեղել եմ հեթանոսական շրջանից մնացած հուշարձանների և քրիստոնեական մշակույթի՝ ասես անձեռակերտ կոթողների լուսանկարներ՝ Գառնին, Զվարթնոցը, Էջմիածինը, Գեղարդը, Սաղմոսավանքը, Սևանա լիճն ու Աղթամար կղզին՝ համանուն վանքով, Օձունը, Հաղարծինը, Սանահինը, Հաղպատը, Տաթևը, Կեչառիսը… Հիացած եմ հայկական խաչքարերով, Մատենադարանով, գեղեցիկ Երևանով, շատ արևոտ հայերով:

–  Դյուրի՞ն եղավ գրքի ծնունդը:

–  Այո՛: Ինձ համար ասես բոլոր դռները բաց էին Հայաստանում: Թե՛ Մատենադարանում, թե՛ Էջմիածնում ուսումնասիրություններ կատարելիս ես ոչ մի խոչընդոտների չհանդիպեցի: Ես ասես վազում էի բաց դռների միջով և կարողանում էի բոլոր տեղեկությունները գրքիս համար հեշտությամբ հավաքել: Չեմ կարող չհիշել ու չխոսել հայերի ջերմության ու հյուրասիրության մասին:

–  Տիկի՛ն Գիզելա, Դուք եղե՞լ եք Արցախում, տեղյա՞կ եք Ադրբեջանի կողմից սանձազերծված ապրիլյան պատերազմի մասին :

–  Տեղեկություններ ունեմ այնքան, որքան հաղորդում են իմ երկրի լրատվամիջոցները և այդ մասին լսել եմ մի հավաքույթի ժամանակ իմ լավ ընկեր Հրաչ Ստեփանյանից: Արցախի մասին լսել եմ, որ այն ևս մի չքնաղ լեռնաշխարհ է, հույս ունեմ լինել Արցախում, ուսումնասիրել պատմական բոլոր կարևոր անցուդարձերը և հաջորդ գիրքս նվիրել Արցախ աշխարհի պատմությանը:

–  Ինչիսի՞ն են հայերը Ձեր տեսանկյունից:

–  Հայերը միշտ շրջապատված են եղել մահմեդական երկրներով, տեղահանվել են, Հայաստանը հաճախ դարձել է պատերազմի թատերաբեմ: Մահմեդականները նստած սպասում են, թե Ալլահն ինչ պետք է տա իրենց, իսկ հայերն Աստծո օրհնությամբ են սկսում իրենց գործը, աշխատասեր են, ստեղծարար ու խաղաղասեր: Հայերն իրենց երեխաներին շատ լավ դաստիարակություն և կրթություն են տալիս: Իմ տեսանկյունից հայերը շատ տաղանդավոր են, և երբեք երկրորդական հայ չի լինում: Ասում են՝ հայերը երբեք «երկրորդ ջութակ» չեն լինում:

–  Տիկի՛ն Գիզելա, երբևէ լսե՞լ եք, որ բոլոր ազգությունները Հայկական լեռնաշխարհում են ձևավորվել, հետո ցրվել աշխարհով մեկ, այդպես և գերմանացիները, ովքեր հին հայերի և Ձեզ նման կապուտաչյա են ու շիկավարս…

–  Օ՜, հասկացա, ես շատ ուրախ կլինեմ, որ ինձ հայ ճանաչեն… Ես չեմ կարողանում գերմանացի իմ ընկերների հետ խոսել՝ առանց հայերին հիշատակելու, առանց հայերի ու Հայաստանի մասին որևէ բան ասելու:  

–  Շնորհակալությո՛ւն, տիկի՛ն Գիզելա՝ հայերով ու Հայաստանով հետաքրքրված լինելու, գրքի և հետաքրքիր, անմիջական հարցազրույցի համար, որի ընթացքում գերմաներենից թարգմանելու հարցում մեզ սիրով օգնեց մյունխենահայ, «Անուշ» պարային համույթի ղեկավար Անուշ Չախալյանը: Հիրավի, հաճելի պատահականություն էր նաև Ձեր երկուսի հանդիպումը, այն էլ՝ ՀՀ սփյուռքի նախարարության «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերականի խմբագրությունում: 

Կարինե  Ավագյան

Scroll Up