«Սա՛ է իմ առաքելությունը». Հիմնադրամի` Տորոնտոյի մարմնի ատենապետը՝ 23 տարվա աշխատանքի մասին

Օրերս ՀՀ սփյուռքի նախարարությունում կայացավ Սփյուռքի նախարարի և «Հայաստան» համահայկական հիմնադրամի տեղական մարմինների անդամների հանդիպումը, որի մասնակիցներից Կանադայի Տորոնտո քաղաքի նույնանուն հիմնադրամի հիմնադիր-ատենապետ  Մկրտիչ Մկրտիչյանի հետ զրուցել է «Հայերն այսօր»-ի թղթակիցը:  

–  Պարո՛ն Մկրտիչյան, քանի՞ տարվա պատմություն ունի այդ հիմնադրամը և քանի՞ հոգի են զբաղված հիմնադրամի կազմում:

–  23 տարվա պատմություն ունի. 1992-ին, երբ ՀՀ նախագահի հրամանագրով ստեղծվեց «Հայաստան» համահայկական հիմնադրամը, որը կոչված է համախմբելու Հայաստանում և արտերկրում ապրող բոլոր այն հայերին և նրանց համախոհներին, ովքեր պատրաստակամ էին իրենց ջանքերն ուղղելու Հայաստանի նորաստեղծ հանրապետության և Արցախի կայուն զարգացմանը, այդ օրերին էլ սկսեցին Տորոնտոյի նույնանուն հիմնադրամի ձևավորման աշխատանքները: 1993-ին պաշտոնապես հիմնադրվեց Տորոնտոյի «Հայաստան» համահայկական հիմնադրամը, որտեղ զբաղված են 13 հոգի: Հիմնադրամը ներառում է 18 կազմակերպություններ՝ 4 եկեղեցիներ, 3 կուսակցություններ, բարեգործականը, ՀՕՄ-ը և մշակութային այլ միություններ: Ես միակն եմ, ով ոչ մի կազմակերպություն չի ներկայացնում: 23 տարի է, ինչ անընդմեջ ինձ են ընտրում ատենապետ: Սա՛ է իմ առաքելությունը: Մինչ այսօր իրականացրել ենք մոտ 53-54 ծրագրեր, որոնցից 42-ը՝ Արցախում, 10-12-ը՝ Հայաստանում: Օրինակ՝ Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղի համար նախատեսված ծրագիրը, որի շրջանակներում այսօր ես այցելեցի Նալբանդյան գյուղ: Այդ գյուղի հետ կապված հետաքրքիր պատմություն կա, ասեմ, թե ինչու ընտրեցինք հենց այդ գյուղը. Տորոնտոյում կա մի մեծ ընտանիք՝ Նալբանդյանները, ովքեր ուզում էին Արցախում կամ Հայաստանում մի լավ բան ձեռնարկել, մի օգտակար գործ անել և որոշեցին դա իրագործել նույն՝ իրենց ազգանունով կոչվող Նալբանդյան գյուղում՝ հիմնովին վերանորոգելով տեղի դպրոցը: 2014-ին Նալբանդյանները եղան այդ գյուղում, տեսան դպրոցի վիճակը, և աշխատանքներն սկսվեցին:

–  Պարո՛ն Մկրտիչյան, Արցախում և Հայաստանում հիմնականում ի՞նչ բնույթի ծրագրեր եք իրականացնում:

–  Հիմնականում կրթական, շինարարական ծրագրեր ենք իրագործում: Օրինակ՝ Արցախում կառուցել ենք 5 նոր դպրոց, վերանորոգել ենք 3 դպրոց, կառուցել ենք համայնքային բուժկետ և համայնքային կենտրոն, որը մենք անվանում եք «Կյանքի կենտրոն», որովհետև գյուղում մեկ տանիքի տակ տեղակայված են թե՛ բժշկատունը, թե՛ համայնքային կենտրոնը: Դա Դրախտիկ գյուղն է, Նոր Մարաղան, երրորդը կառուցում ենք Իվանյան (Ֆիզուլի) գյուղում, այստեղ նաև մանկապարտեզ ենք կառուցել, աշխատանքներն ավարտվել են, մի քանի օրից գնալու եմ այնտեղ՝ ներկա լինելու բացմանը, իսկ համայնքային կենտրոնի կառուցումն էլ կավարտենք հաջորդ տարի: Այս ծրագրերին զուգահեռ՝ մենք զբաղվում ենք նաև ջրագծերի հարցով, ջուր ենք հասցնում այն գյուղերը, որոնք դրա կարիքն ունեն: Մինչ այժմ բազմաթիվ գյուղերի արդեն ջուր ենք հասցրել: Ստեփանակերտի առաջին օղակաձև ջրաշարը մենք ենք կառուցել, ջուր ենք հասցրել 1998 թվականին: Ես կատակով միշտ ասում եմ զբոսաշրջիկներին՝ երբ գնաք Ստեփանակերտ, հյուրանոցում ծորակից ջուր հոսի, իմացե՛ք, որ դա մենք ենք իրագործել: Չորս գյուղերի գազ ենք հասցրել. Վանք գյուղին խողովակներով ու հաշվիչներով մեր հիմնադրամն է գազով ապահովել: Այդ կողմի մի քանի գյուղերի ևս ապահովել ենք ջրով:

–  Ձեզ ճանաչո՞ւմ են այդ շրջանների, գյուղերի մարդիկ:

–  Ես ամեն տարի մեր կառուցած դպրոցներն եմ այցելում, արդեն հարազատներ ենք դարձել: Իրենք նեղանում են, երբ ես առանց զգուշացնելու եմ գնում, որովհետև ուզում են մեծ հյուրասիրություն անել, իսկ ես միշտ էլ գնում եմ հանկարծակի: Շոշ գյուղի դպրոցը ես իմ անձնական միջոցներով եմ կառուցել 2004-ին: 2009-2010-ին կառուցեցինք Սպիտակաշենի դպրոցը, ուր այցելում եմ արդեն 6 տարի անընդմեջ: Կառուցել ենք Մատաղիսի դպրոցը, որն այս պատերազմական գործողությունների հետևանքով վնասվել է, պետք է վերանորոգենք: Կառուցել ենք Վերին Հոռաթաղի դպրոցը. առանց չափազանցնելու ասեմ, որ 500-600 մարդկանց հետ եմ մտերմացել, նրանք իմ էլեկտրոնային փոստին նամակներ են ուղարկում: Անցյալ շաբաթ Սպիտակաշեն այցելեցի, շրջեցի՝ տեսնելու, թե ինչ վիճակում է մեր կառուցածը, ինչն է մաշվել: Մտա դպրոց, զրուցեցի տնօրենի հետ, ուսուցչական կազմի հետ, լսեցի նրանց կարծիքները, առաջարկությունները, խոսեցին իրնց հոգսերի մասին: Վերջում էլ զրուցեցի 10, 11, 12-րդ դասարանների աշակերտների հետ: Նրանք ինձ միշտ հարցեր են տալիս Սփյուռքի ու սփյուռքահայերի մասին: Մի ուսուցչուհի մոտեցավ ինձ և ասաց, որ մի մեծ խնդրանք ունի՝ 15 երեխաներից միայն մեկն է մկրտված, կարո՞ղ եմ 14-ին էլ ես կնքահայր դառնամ… Անցած կիրակի այդ մկրտությունն իրականացրեցի Ամարասում: Դա շարունակական է լինելու: Մարդկանց հոգսերը շատ են, որոնք ինձ անհանգստացնում են, ես չեմ կարող անտարբեր լինել և որոշ այցելուների նման գնալ, ժապավեն կտրել ու դրանով ամեն ինչ ավարտել…

–   Սիրիահայերի խնդիրների հետ կապված՝ ի՞նչ ծրագրեր եք իրականացնում:

–  Նայեցե՛ք, մենք կանադական բարեսիրական կազմակերպություն ենք, որը միայն ու միայն Հայաստանի և Արցախի համար կարող է ծրագրեր իրականացրել: Եթե առաջարկվի, որ որևէ շրջանում հանգրվանած սիրիահայերի համար մի դպրոց կամ տուն կառուցվի, բարերարներ գտնվելու դեպքում, մենք կկառուցենք, սակայն պաշտոնապես չենք հայտարարում, որ սիրիահայերի համար է:

–  Ո՞վ է Ձեզ ուղղորդում Ձեր ծրագրերում, ո՞ւմ հետ եք համագործակցում:

–  Մերին թևերը, աչքերը, ոտքերը «Հայաստան» հիմնադրամի գործադիր մարմինն է, որի ատենապետն Արա Վարդանյանն է: Նրանք կապ ունեն տեղական ինքնակառավարման մարմինների՝ քաղաքապետերի, մարզպետերի, գյուղապետերի, համայնքապետերի հետ: Նրանք մի ցանկ են պատրաստում, որում ընդգրկված են տարբեր թեմաներ: Ամեն տարի ընդհանուր ժողովում մի մայր թեմա է ընտրվում. սրանից 5 տարի առաջ թեման «Կյանքի կենտրոններն» էին՝ համայնքային կենտրոնները, անցյալ տարի 5-6 և ավելի զավակներ ունեցողների համար տներ կառուցելն էր մայր թեման: Ես գալիս եմ, շրջում գյուղերով, իմ աչքերով տեսնում ամենը, լսում մարդկանց, ասում եմ գյուղապետին, որ գրի իրենց խնդիրների մասին, որից հետո գնում եմ Տորոնտո և մեր կազմակերպության հետ քննարկում այդ խնդիրները՝ որոշելու, թե որն է առաջնահերթ ու կարևոր, որը պիտի լուծենք: Հավաքված ամբողջ գումարը գրավոր ձևով ներկայացնում ենք մեր լրատուի մեջ և տեղեկացնում ենք, թե ինչի վրա և որքան գումար է ծախսվել:

–  Առաջիկայում ի՞նչ կառույց է մոտենում ավարտական աշխատանքին և ե՞րբ է բացումը:

–  Օգոստոսի 29-ին Նալբանդյանների ընտանիքը՝ 25 անձով գալիս է Նալբանդյան գյուղ՝ մասնակցելու դպրոցի բացմանը (նրանք 579 հազար դոլար են տվել միայն դպրոցի կառուցմանն ու դրա շրջակայքի ասֆալտապատմանը): Մարզասրահը, որը շատ հին էր և հիմք չուներ, փլվեց, փոխարենը կառուցվեց նորը:

–  Պարո՛ն Մկրտիչյան, որևէ դասարան կոչվա՞ծ է Ձեր անունով. չէ՞ որ Դուք Ձեր անձնական միջոցներով եք կառուցել Շոշի դպրոցը:

–  Իմ անունով ես թույլ չեմ տվել անվանակոչել, փոխարենն առաջարկել եմ կոչել Մոնթե Մելքոնյանի անունով:

–  Մեկ տարվա կտրվածքով քանի՞ ծրագիր եք իրականացնում:

–  Նայած՝ որքան հանգանակություն է լինում: Վերջին 3 տարին շատ բեղուն էր Տորոնտոյի մասշտաբով: Միայն այս տարի 4 տուն ենք կառուցում 5-6 և ավելի երեխաներ ունեցող ընտանիքների համար Արցախի Կարմիր գյուղում (1), Ճարտարում (2), Վանք գյուղում (1): Ես անձամբ այցելել եմ այդ ընտանիքներին, տեսել նրանց տները, նկարել եմ և այդ նկարները պետք է տանեմ, ցույց տամ բարերարներին (2 տուն էլ կառուցում են Նալբանդյանների աղջիկն ու որդին): Նոր ծրագիր ենք սկսում Աղդամի մոտ գտնվող Ուխտասար գյուղում: Մանկապարտեզն ավարտեցինք, Իվանյան գյուղում համայնքային կենտրոնն էլ ավարտեցինք: Ասեմ, որ մենք միայն դպրոցի շենքը չենք կառուցում, ապահովում ենք նաև կահույքով, համակարգիչներով, իսկ ոչ պաշտոնապես՝ նվիրում ենք նաև գրենական պիտույքներ:

–  Դառնանք Ձեր բարեկամությանը Սփյուռքի նախարարության հետ:

–  Դեռևս 1993-ին կայացած հիմնադրամի ժողովի ժամանակ ես առաջարկել եմ, որ ստեղծվի Սփյուռքի նախարարություն, որն այսօր շատ կարևոր գործունեություն է ծավալում: Աշխատանքային համագործակցություն չունենք Սփյուռքի նախարարության հետ, բայց միշտ կապի մեջ ենք: Ես շատ կարևոր և անհրաժեշտ եմ համարում այս կառույցի գոյությունն ու ծավալած գործունեությունը:

–  Պարո՛ն Մկրտիչյան, շնորհակալությո՛ւն Ձեր ծավալած բարեսիրական գործունեության և հետաքրքիր հարցազրույցի համար:

Կարինե  Ավագյան

6 4 3 2

Scroll Up