Կայացավ Ճարտարապետների և ճարտարագետների համահայկական ընկերակցության կայքի շնորհանդեսը

Հոկտեմբերի 2-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ Ճարտարապետների և ճարտարագետների համահայկական ընկերակցության կայքի շնորհանդեսը, որին ներկա էին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ընկերակցության համանախագահներ Վահե և Գոհար Թութունջյանները, ՀՀ կառավարությանն առընթեր ճարտարապետության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը, Աշտարակի քաղաքապետ Արմեն Անտոնյանը, «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ի նախագահ Լենա Հալաջյանը, Հայաստանում ֆրանսիական Բարձրագույն Ինժեներական Ինստիտուտի հիմնադիրները:

Նախարար Հրանուշ Հակոբյանը ողջունեց ընկերակցության կայքի ստեղծումը՝ հայկական ճարտարապետական միտքը միջազգային մակարդակին համաքայլ դարձնելու, անհրաժեշտ ծրագրերի մշակման և դրանք կյանքի կոչելու առումով:

 ՃՃՀԱ-ի կայքը հնարավորություն է ընձեռում Սփյուռքի ճարտարապետներին և ճարտարագետներին միասին աշխատելու և համագործակցելու, կիսելու փորձն ու գիտելիքները, ստեղծելու համատեղ նախագծեր: Կայքն արժեքավոր աղբյուր կհանդիսանա  յուրաքանչյուր անհատի և այն կառույցների համար, ովքեր հետաքրքրված կլինեն հայկական շինարարության և անշարժ գույքի արդյունաբերության ոլորտում ներդրումներ կատարելու ուղղությամբ:

Ճարտարապետների և ճարտարագետների ընկերակցությունը իր մասնակցությունն է բերել Աշտարակում սիրիահայերի համար Նոր Հալեպ թաղամասի նախագծմանը, որը ներկայացրեց ընկերակցության համանախագահ Գոհար Թութունջյանը:

Ճարտարապետների և ճարտարագետների համահայկական ընկերակցության գործադիր տնօրեն Արփինե Դանիելյանը ներկայացրեց ընկերակցության կայքն իր ողջ հնարավորություններով, որը աշխարհի տարբեր ծայրերի ճարտարապետների և ճարտարագետների համար տեղեկատվության փոխանակման և համագործակցության նոր և արդյունավետ հարթակ կարող է դառնալ: Կայքն այցելուներին նաև հայկական ճարտարապետական ժառանգությանը ծանոթանալու հնարավորություն է ընձեռում:

Հիշեցնենք, որ Ճարտարապետների և ճարտարագետների համահայկական ընկերակցությունը ստեղծվել է ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ 2009թ ապրիլի 21-24-ը կազմակերպված ճարտարապետների համահայկական առաջին համաժողովի արդյունքում:

IMG_6978 IMG_6911 IMG_6846

Scroll Up