«Հայաստանի գյուղերն աշխարհին առաջարկելու շատ բան ունեն». Գարո Արմեն

Լոռու մարզում Հայաստանի մանուկներ հիմնադրամի (COAF) կողմից կառուցվում է աշխարհում եզակի մի հաստատություն՝ ՍՄԱՐԹ կենտրոն: Սա կրթական ավան է, որտեղ հանդիպում և հանգուցվում են արվեստը, տեխնոլոգիան, լեզուները, գյուղատնտեսությունը, առողջ, ապրելակերպը, ձեռներեցությունը՝ համեմված ստեղծագործականությամբ: Հայաստանը գիտելիքի ու ստեղծագործականության միջազգային ասպարեզում դիրքավորելու ռազմավարական այս քայլը մեկնաբանում է ամերիկահայ ձեռներեց, COAF հիմնադիր և խորհրդի ատենապետ դոկտոր Գարո Արմենը:

Արմենը ծնվել է 1953թ Թուրքիայում, 17 տարեկանում տեղափոխվել է ԱՄՆ: 1978թ. վաստակել է իր առաջին մեծ գումարը՝ ի ցույց դնելով իր արտառոց բիզնես ջիղը: Գիտական աստիճան է ստացել Նյու Յորքի համալսարանում՝ ֆիզիկական քիմիայի ասպարեզում։ Հիմնել է կենսատեխնոլոգիական «Աջենուս» ընկերությունը: 2016 թ. արժանացել է ԱՄՆ-ի «Տարվա ներգաղթյալ ձեռներեց» մրցանակին:

Ի՞նչ է ՍՄԱՐԹ-ը:

ՍՄԱՐԹ-ը Հայաստանի մանուկներ հիմնադրամի ստեղծած զարգացման մոդել է, համայնքի ու անհատի ինքնակատարելագործման և կենսամակարդակի բարելավման նորարարական ճանապարհ: Սա միջավայր է, որտեղ երեխաներն ու մեծահասակները ձեռք են բերում նոր գիտելիքներ, հմտություններ, փնտրում են իրենց ու ինքնիրացվում: Դրա համար ստեղծվում են անհրաժեշտ բոլոր պայմանները՝ տարածք, տեխնոլոգիա, հեռահար ուսուցման հնարավորություններ, գործիքներ, մասնագետներ, ինչպես նաև ձևավորվում է զարգացման տեսլական:

ՍՄԱՐԹ-ը կրթություն է, համագործակցություն, ստեղծագործականություն և նորարարություն: Եվ, որ ամենակարևորն է, ՍՄԱՐԹ-ն ինքնանպատակ կառույց չէ: Այն պատասխան է տեղի բնակչության կարիքներին: Սրանով մենք հույս ունենք ապահովել նաև բնակչության զբաղվածության հարցը՝ իրենց ծննդավայրում գործունեություն ծավալելու և հաջողելու համար:

ՍՄԱՐԹ նախաձեռնությունը մեկ այլ կարևոր հարց էլ է լուծում՝ Հայաստանի համայնքները աշխարհի ներկա ու ակտիվ մասնակից դարձնելով, երեխաների և երիտասարդության համար հասանելի դարձնելով տեղական և համաշխարհային գիտելիքը: Ինչպե՞ս: ՍՄԱՐԹ կենտրոնը հագեցած է լինելու հեռահաղորդակցության տեխնոլոգիաներով՝ անխափան կապ հաստատելով Երևանի, շրջակա 30 գյուղերի և ամբողջ աշխարհի հետ, առցանց դասընթացների կազմակերպման և շփման խոչընդոտների վերացման նպատակով:

Ո՞րն է ՍՄԱՐԹ հայեցակարգը, նորությունը, որի մասին նշեցիք:

ՍՄԱՐԹ-ը համապարփակ, համակողմանի նախաձեռնություն է: Երբ 2004 թ.-ին սկսեցինք աշխատել Արմավիրի մարզում, մեզ թվում էր, թե միայն դպրոց ենք նորոգելու: Սակայն ընթացքում պարզեցինք, որ կրթական չափորոշիչները ևս խնդիր են: Մասնագետների հրավիրեցինք՝ վերապատրաստելու ուսուցիչներին և տնօրեններին, նաև՝ ներկայացնելու աշակերտական ակումբների գաղափարը: Նույնը կատարվեց առողջապահության ծրագրի դեպքում, սոցիալական և այդպես շարունակ: Ի՞նչը հաջողություն բերեց մեզ. ամբողջական մոտեցումը, անդրադարձը համայնքի բոլոր ոլորտներին միաժամանակ:

Արդյունքներին արդեն ականատես ենք Արմավիրի և Արագածոտնի մարզերում. փոխվել են գյուղական հանրույթները, նրանց աշխարհընկալումը, կեցվածքը ու հեռանկարները:

Լոռու ՍՄԱՐԹ-ը հիմնվում է անսահման գեղեցիկ մի վայրում, և նրա ճարտարապետությունը «անողոքաբար» նորարարական է: Մարդկանց աշխարհայացքը կփոխվի. փաստորեն, անհավանականը իրապես հնարավոր է: Նման հավատքը մեր պատմական ավանդույթն է, որն արտացոլվում է մեր ձեռքբերումների և ներդրումների մեջ՝ որպես ազգ, որպես մշակույթ և որպես ժողովուրդ:

Իսկ ի՞նչ բնութագիր ունի ՍՄԱՐԹ-ը:

Լոռիում կառուցվում է ՍՄԱՐԹ ավան՝ բաղկացած ՍՄԱՐԹ կենտրոնից, արվեստանոցներից, արհեստանոցներից, բուժհաստատությունից, մարզահրապարակներից և փորձարարական գյուղատնտեսության տարածքներից` ջերմոցային տնտեսություն, մեղվաբուծական հատված, ինչպես նաև ռոբոտաշինության լաբորատորիայից: Բացի այդ, այն օթևանի հարմարություններ կունենա, ինչը թույլ կտա հյուրընկալել միաժամանակ 20 այցելուի, որը կծառայի միջազգային մասնագետների, տարբեր միջոցառումների մասնակիցների և հյուրընկալության բիզնեսի մասնագետների պատրաստման համար:

Գործում են նաև ՍՄԱՐԹ սենյակներ՝ յուրատեսակ արբանյակներ ՍՄԱՐԹ կենտրոնին: Դրանք հիմնվում են գյուղական համայնքներում, հագեցած են անհրաժեշտ տեխնոլոգիայով ու կապով և լրացուցիչ կայան են աշխարհի հետ հաղորդակցության համար: Արդեն իսկ նման հանդիպումներ եղել են Կոսովոյի, Հոլանդիայի, Պորտուգալիայի մասնագետների և լոռեցի երեխաների միջև:

Ծրագրային իմաստով՝ ՍՄԱՐԹ-ը հանգուցում է Հայաստանի մանուկներ հիմնադրամի տասնամյակների փորձը և միաժամանակ ընդգրկում հենց Լոռու մարզի կարիքներին համապատասխան ոլորտներ: Հիմնական ծրագիրը, որ կրկնվելու է յուրաքանչյուր մարզի ՍՄԱՐԹ ավանում, ներառում է ռոբոտիկա, ծրագրավորում, արվեստներ, անգլերենի ուսուցում, գյուղատնտեսություն, բնապահպանություն, առողջ ապրելակերպ, ձեռներեցություն և այլն: Իսկ հենց Լոռու մարզին առավել բնորոշ են, օրինակ, մեղվաբուծությունը, փայտամշակումը, խեցեգործությունը, տուրիզմը…

Ովքե՞ր են ՍՄԱՐԹ-ի շահառուները:

Բոլորը: Մենք հասարակություն ենք, ի վերջո: Գյուղական կարիքներն ստիպում են, որ մենք անդրադառնանք լայն հասարակությանը: Վստահ չեմ, որ հնարավոր է անել այն, ինչ մենք ենք անում՝ թիրախ ունենալով միայն երեխաներին: Իհարկե, երեխաները մեր աշխատանքի կենտրոնն են, գործի 70-80%-ը երեխաներին է վերաբերում, սակայն, կարծում եմ՝ անարդար է մյուսներին անտեսելը, չես կարող երեխաներին առանձնացնել ծնողներից:

Դասերի զբաղված ժամերին կենտրոնն աշխատելու է մեծահասակների մասնագիտական վերապատրաստման և նոր հմտությունների ձեռքբերման ուղղությամբ, իսկ արդեն հետդպրոցական ժամերին իր դռները բացելու է երեխաների առջև ևս:

Ամեն ՍՄԱՐԹ ավան Հիմնադրամի ներկայությունն ապահովելու է ամենաքիչը 25-30 նոր համայնքներում:

Ի՞նչ մասնագետներ են ներգրավվելու ՍՄԱՐԹ-ում:

Մեզ համար սկզբունքային է համագործակցություն ձևավորել և ՍՄԱՐԹ-ի գործունեության տարբեր բաղադրիչներ վստահել իրենց ոլորտում լավագույն փորձառություն ունեցող կազմակերպություններին ու մասնագետներին` ապահովելով բոլոր ուղղությունների համադրումը ու փոխադարձ կապը ՍՄԱՐԹ-ի փիլիսոփայության համատեքստում:

Բազմաթիվ ընկերությունների և տարբեր ոլորտների պրոֆեսիոնալների ենք ներգրավում՝ օգնելու մեզ կատարելագործել ՍՄԱՐԹ-ի գործունեությունը ոչ ֆորմալ կրթության, առողջապահության, սոցիալական և տնտեսական ոլորտներում: Մեր աշխատակազմում էլ գործի գիտակներ են, ովքեր որոշակի ոլորտներ կառնեն իրենց պատասխանատվության տակ:

Պետք է նշել կարևորագույն մի հանգամանք. գործընկերության հիմքում դրված է տեղական մասնագիտական ներուժի զարգացման սկզբունքը, ինչը ենթադրում է, որ յուրաքանչյուր գործընկեր կազմակերպություն կամ անհատ պարտավորվում է, իր ներգրավվածությանը զուգահեռ, վերապատրաստել տեղացի մասնագետներ, ինչը շարունակականության գրավականն է: Սա տեղական ռեսուրսները բացահայտելու և տեղում իրացնելու ռազմավարություն է:

Ինչո՞ւ հենց Լոռին, պարոն Արմեն:

Մարդն է Հայաստանի ամենամեծ ռեսուրսը: 12 տարի առաջ Հայաստանի մանուկներ հիմնադրամն իր գործունեությունն սկսելով ամենաբարդ տարածքներից մեկում՝ Արմավիրի մարզում, նպատակ ուներ ուսումնասիրելու, թե ինչպես կարող ենք այդ ռեսուրսներն արդյունավետորեն կիրառել՝ անկախ աշխարհագրական պայմաններից: Հաջողվեց: Բոլոր օբյեկտիվ չափորոշիչների համաձայն՝ ստացված արդյունքները տպավորիչ են կենսամակարդակի բարելավման, կենսական փոփոխությունների և մարդկանց խրախուսելու իմաստով: Դա, ըստ էության, բնակչության վերածնունդ էր:

Այդպես աշխատեցինք 23 տարբեր գյուղերում, և առաջխաղացմանն ուղղված մեր հարցերը հետևյալն էին՝ ինչպե՞ս և դեպի ո՞ւր ընդլայնվել, ինչպե՞ս հաջող փորձը առավել նպատակահարմար ձևով վերարտադրել: Եթե նույն կերպ վարվեինք, ինչ Արմավիրում, անհամեմատ երկար ժամանակ կպահանջվեր՝ ձեռք մեկնելու Հայաստանի բոլոր գյուղերին: Մենք պետք է հանդես բերեինք նորարար նախաձեռնություն՝ առաջիկա 10 տարում ընդգրկելով Հայաստանի 100 գյուղեր:

Ծնվեց ՍՄԱՐԹ-ը: Լոռին առաջին քայլն է՝ մեր նորարարական ՍՄԱՐԹ հայեցակարգը ներկայացնելու և փորձարկելու աումով: Վստահ ենք, որ Լոռիում ձեռնարկվող քայլերը թույլ կտան հասնել նույն արդյունքին, ինչ Արմավիրում, բայց շատ ավելի արագ և առավել արդյունավետ ճանապարհով: Լոռին ընտրվեց նաև այն պատճառով, որ ցավոք, արտագաղթի ցուցանիշով այս մարզն առաջին տեղում է…

Ի՞նչ է նշանակում ներդրում կատարել Հայաստանի գյուղերում:

Գյուղերն առաջարկելու շատ բան ունեն ոչ միայն Հայաստանին, այլև աշխարհին առհասարակ: Մենք պարզապես պետք է որոշակի ռեսուրսներ տրամադրենք, ու հավատացած եմ, որ ծանր գործի մնացյալ մասն իրենք ինքնուրույն կանեն:

Գործունեության առաջին օրից ի վեր Հայաստանի մանուկներ հիմնադրամը Արմավիրի և Արագածոտնի մարզերում տասնյակ միլիոն դոլարների ծրագրեր է իրագործել, այդ թվում՝ ենթակառուցվածքների հիմնանորոգում, կրթական, առողջապահական, սոցիալական և տնտեսական միջամտություններ:

ՍՄԱՐԹ հայեցակարգը մեզ թույլ է տալիս մեծացնել մեր ծրագրերի ընդգրկումն ու ազդեցությունը՝ տնտեսելով ժամանակ և ռեսուրսներ: Առաջին ՍՄԱՐԹ կենտրոնի կենսագործման համար Հիմնադրամը ներդնում է շուրջ 1 մլրդ դրամ գումար: 2015 թ. դեկտեմբերին Նյու Յորքում կայացած դրամահավաքը հենց այդ թիրախն ուներ: Արդյունքում հավաքված 3.7 ԱՄՆ միլիոն դոլարի մեծ մասն ուղղորդվելու է ՍՄԱՐԹ-ի շինարարությանը և կայացմանը:

Խոսելով հեռանկարների մասին՝ ո՞րն է Հիմնադրամի և ՍՄԱՐԹ-ի հաջորդ քայլը:

ՍՄԱՐԹ-ի հիմնական հայեցակարգը ենթադրում է դրա կրկնօրինակումը Հայաստանի տարբեր մարզերում, ինչը կարագացնի մինչ այս մեր գրանցած հաջողությունները:

Այժմ Հայաստանի մանուկներ հիմնադրամն ուսումնասիրում է Հայաստանի մարզերը՝ ընդլայնման իր ծրագրերը կյանքի կոչելով: Արդեն հայտարարել ենք Շիրակի և Տավուշի մարզերում ծրագրերի մեկնարկի մասին: Լոռիում ՍՄԱՐԹ-ի առջև դրված նպատակներին հասնելուն պես մենք նախատեսում ենք կրկնօրինակել ՍՄԱՐԹ մոդելը Հայաստանի բոլոր մարզերում:

Ի վերջո, երբ է շահագործման հանձնվելու ՍՄԱՐԹ ավանը:

Կրթական շինության՝ ՍՄԱՐԹ կենտրոնի շինարարությունն այս պահին թեժ ընթացքի մեջ է: Ակնկալում ենք հիմնական աշխատանքներն ավարտին հասցնել այս տարվա նոյեմբերին: Բացման օրվա մասին կհայտարարվի նախապես:

Աղբյուրը՝  168.am

Scroll Up