Ուր էլ լինեմ՝ հայ ժողովրդին պիտի ծառայեմ. Բաբկեն արք. Չարյան

Օրեր առաջ Սպահանի Հայոց թեմի առաջնորդարանում` Նոր Ջուղայի Ս. Ամենափրկիչ վանքի Ծաղկյա դահլիճում, գումարվեց թեմի 61-րդ Պատգամավորական Ժողովի հաշվետու նիստը, որտեղ թեմակալ առաջնորդ գերշ. Տ. Բաբկեն արք. Չարյանն իր հրաժարականը ներկայացրեց ժողովին, բացատրելով, որ անսալով Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետի տնօրինմանը, հրաժարվում է թեմիս առաջնորդի պաշտոնից` նոր ծառայողական դաշտում գործունեություն ծավալելու համար:

Նկատի առնելով, որ թեմակալ առաջնորդի հրաժարականն ընդունվել է նույն ժողովի կողմից եւ նա շուտով մեկնելու է Նոր Ջուղայից, Սպահանի Հայոց թեմում Սրբազան Հոր ծառայողական 12 տարիների վերաբերյալ կատարվել է հետեւյալ հարցազրույցը, որն ստորեւ ներկայացնում ենք.

– Գերշ. Սրբազան Հայր, ի՞նչ փորձեր եք ձեռք բերել անցնող 12 տարիների ընթացքում եւ Սպահանի Հայոց թեմը ի՞նչ է տվել ձեզ:

-12 տարի առաջ, երբ գործուղվեցի Սպահանի Հայոց թեմ, 2004 թվականի սեպտեմբերի 25-ին, սույն թեմում իմ առաջին արարողությունը կատարեցի Ս. Գեւորգ եկեղեցում` Ս. Գեւորգ Զորավարի տոնի առթիվ եւ ներկաներին ուղղված իմ խոսքում շեշտեցի. «Ով Տեր, ավելացրու մեր հավատը, հույսը եւ սերը»:Այնուհետեւ այդ հավատով, հույսով ու սիրով լծվեցի աշխատանքի եւ փառք Աստծո անցնող տարիների ընթացքում, հոգեւորականաց դասի, ազգային մարմինների եւ միությունների հետ  համագործակցաբար աշխատեցինք նշված նշանաբանի ներքո` հոգեւոր կյանքի աշխուժացման, քրիստոնեական եւ հայեցի դաստիարակություն տալու, մշակութային ու ազգային կյանքի առավել բարգավաճման եւ նոր սերնդի ոգեւորման ու խանդավառման ուղղությամբ:

Այս տարիների ընթացքում ունեցել ենք ոչ միայն ձեռքբերումներ, այլեւ դժվարություններ ու մարտահրավերներ: Բնականաբար 100 տոկոսով չենք կարողացել փարատել բոլոր դժվարությունները, սակայն ճիգ եւ աշխատանք ենք գործադրել` այդ խնդիրներին մասամբ լուծում տալու համար: Բարեբախտաբար այսօր թեմի հոգեւոր կյանքն աշխույժ է եւ նկատելի է եկեղեցիների շուրջ մեր զավակների համախմբումն ու մեծ թվով աշխատողների զորակցությունը: Կարեւոր ձեռքբերումներից  կարելի է համարել այն փաստը, որ որպես համայնք եւ հավաքականություն բոլորս կարողացել ենք աշխատել ուրախությամբ եւ սիրով:

Այս տարիների ընթացքում առկա են եղել նաեւ մի շարք մտահոգություններ, որոնցից հիմնականը արտագաղթի խնդիրն է եղել, ինչը գոյություն ունի մինչեւ այսօր: Ես հաճախ իմ խոսքերում անդրադարձել եմ` կառչած մնալ մեր արժեքներին, սրբություններին, եկեղեցիներին ու ազգային հաստատություններին, որոնցով ոչ միայն մեր գոյությունը կամրանա, այլեւ կերաշխավորվի մեր գոյատեւման եւ հաղթական երթը:

– Գիտենք, թե ինչպիսի մեծ ժողովրդականություն եք վայելում թեմի ժողովրդի կողմից եւ նրանք ինչպիսի խորը ցավով են ընդունել ձեր հրաժարականի փաստը: Ձեր կարծիքով առաջնորդժողովուրդ հարաբերության մեջ նման սերտ կապի առկայությունը ինչի՞ արդյունք է:

– Բնականորեն երբ մեկը ապրում է մի տան մեջ, դառնում է այդ տան հարազատ անդամը եւ այդ տնից բաժանվելը երկուստեք դժվար է լինում: Մեր կյանքում նման փոփոխություններ հաճախ են տեղի ունենում, քանի որ մեր հոգեւորականի կոչումն ու առաքելությունը ծառայության հիմքի վրա է: Երբ հոգեւորականն իր գործը կատարի սիրով, նվիրումով ու խոնարհությամբ, ժողովուրդ-հոգեւորական կապը օրըստօրե կամրանա եւ հարազատի հետ կապի նման կդառնա անքակտելի: Որպես Կիլիկիո կաթողիկոսության միաբան` մենք հնազանդ մնալով մեր ուխտին, լսում ենք այն ձայնը, որ մեզ կանչում է եւ որտեղ էլ որ լինենք այդ ձայնին անսալով, շարունակում ենք մեր ծառայությունը:

Մենք ժողովրդին ենք ծառայում եւ այդ ժողովրդի հետ կապը պետք է լինի հարազատ, անկեղծ ու փոխադարձ հարգանքի վրա: Ճիշտ է մեր ժողովրդի զավակները դժվար ընդունեցին իմ հրաժարականի լուրը եւ արտահայտեցին իրենց զգացումները, բայց ես համոզում եմ նրանց, որ ուր էլ լինեմ հայ ժողովրդին պիտի ծառայեմ, իսկ այս համայնքից ստացած փորձառություններն ինձ հետ տանելով, կիրառելու եմ մի այլ համայնքում: Ես որպես մնայուն նվեր ինձ հետ տանելու եմ այս թեմի ժողովրդի սերն ու անկեղծ հարգանքը:

– Որո՞նք են Ձեր կողմից իրագործված ամենագլխավոր աշխատանքները: Արդյոք որեւէ անավարտ գործ կա՞, որը կցանկանայիք ավարտել մինչեւ այստեղից հեռանալը:

– Թեմերի կյանքում ոչ մի աշխատանք չի կարող ավարտ ունենալ: Սկիզբ կարող է ունենալ, սակայն ավարտ ոչ, քանի որ ինչքան էլ կազմակերպենք ու ծրագրենք, քայլելու ենք այնպիսի ճանապարհով, որը վերջ չունի: Դա մի ճանապարհ է, ուր աշխատանքները բազմածավալ են: Հայ եկեղեցին ազգային եկեղեցի է եւ դա նշանակում է, որ այն պատկանում է ազգին: Հայ հոգեւորականի աշխատանքը բոլորովին տարբեր է եւ չի սահմանափակվում միայն հոգեւոր գործունեությամբ: Հայ հոգեւորականի աշխատանքի մեջ պարփակված են հատկապես համայնքի վերելքի եւ բարգավաճման ուղղությամբ գործունեությունը: Մեր եկեղեցուն առնչվող բոլոր աշխատանքները կատարվում են հոգեւորականների եւ աշխարհականների համագործակցությամբ: Փառք Աստծո թեմի եկեղեցիներն այսօր բարվոք վիճակում են: Անցնող տարիների ընթացքում ձեռնադրվել են երեք քահանա հայր եւ ավելի քան 15 սարկավագներ ու դպիրներ, որոնք այսօր ծառայում են թեմի եկեղեցիներում եւ սա արդեն ձեռքբերում է:

Կրթական ասպարեզում ձեռքբերում կարելի է համարել այն փաստը, որ Կրթական եւ Քրիստոնեական դաստիարակության խորհուրդների, ինչու չէ նաեւ Հայաստանից մասնագետ մանկավարժ ու հոգեւոր գիտելիքներով հարուստ անհատների համագործակցությամբ հաջողվեց պատրաստել գունազարդ եւ արդի մանկավարժական մեթոդիկայի համաձայն կրոնի դասագրքեր, որոնցից չորսն արդեն դասավանդվում են դպրոցներում, իսկ յոթը գրքեր պատրաստման ընթացքի մեջ են եւ հաջորդ տարի կտրամադրվեն դպրոցներին:

– Պետական բարձրաստիճան պաշտոնատարների հետ ունեցած հարաբերությունների շրջագծում, երբ համեմատություն եք անցկացնում ներկա եւ Ձեր առաջնորդության սկզբնական ժամանակաշրջանների միջեւ, ի՞նչ առաջընթաց եք նկատում:

– Բնականորեն պետական պաշտոնատարների հետ կապը միշտ էլ եղել է, սակայն այսօր այդ հարաբերութիվները ոչ միայն պաշտոնական հողի վրա են, այլեւ ավելի մտերմիկ եւ հարգալից են անցյալի համեմատությամբ: Երբ ես հրաժեշտի այցելություններ տվեցի մի շարք պաշտոնատարներին, նկատեցի, որ նրանք նեղված են իմ հեռանալու փաստից, քանի որ վարժվելով միմյանց` մեր հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա:

– Լինելով այն հոգեւորականներից, ովքեր միշտ վստահել են երիտասարդներին եւ կողմնակից են այդ սերնդի զարգացման եւ բարգավաճման համար ներդրումներ կատարելուն, ի՞նչ կասեք նաեւ այդ մասին

– Երիտասարդության խնդիրները եւ նրանց օժանդակելու հարցը միշտ եղել են իմ եւ ազգային մարմինների մտահոգության սեւեռակետը: Բնականաբար, չենք կարող հարյուր տոկոսով լուծում տալ նրանց բոլոր դժվարություններին: Ճիշտ է՝ այսօր թեմի նորապսակներին նյութական օժանդակություն է տրամադրվում` որպես բնակարանի գրավ գումար եւ երիտասարդ զույգերի համար կառուցվում է բնակելի համալիր, սակայն պետք է ավելին կատարել եւ հատկապես ջանք թափել նրանց մեր հաստատություններին առավել մոտեցնելու ուղղությամբ:

Դա հեշտ աշխատանք չէ, քանի որ այսօրվա երիտասարդության հետաքրքրությունները եւ մոտեցումները տարբեր են: Երիտասարդներին ճիշտ օգնություն ցուցաբերելու համար` պետք է մտնենք նրանց հոգեբանության մեջ: Երիտասարդներին ուղղություններ պետք է տանք, որպեսզի իրենց կյանքը դարձնեն նպատակադրված, համախմբվեն մեր կառույցների շուրջ եւ իրենց մեջ եղած սերն ու ոգին արթնացնեն հայրենիքի, ազգի եւ եկեղեցու նկատմամբ:

– Ինչպիսի՞ հուշերով եք հեռանում Նոր Ջուղայից եւ որո՞նք են ձեր լավ եւ վատ հիշողությունները` այս թեմի հետ կապված:

 – 12 տարիներ ես այստեղ ապրելով` ինձ զգացել եմ իմ հարազատ տան մեջ: Հուշերս շատ մեծ են, քանի որ ծառայել եմ նման պատմական թեմում, որը հարուստ է իր անցյալով, արժեքներով ու սրբություններով. եւ այդ բոլորն ինձ հետ տանելու եմ` որպես մնայուն հուշ: Ես ուր էլ գնամ միշտ վկայելու եմ այդ մասին:

Ունեմ նաեւ տխուր հուշեր, որոնք են  Արեւմտահայաստանի ուխտագնացության եւ Թեհրան-Երեւան չվերթի դառնակսկիծ աղետները: Այդ երկու դեպքերի ժամանակ դժվար օրեր ապրեց թեմը եւ ես մեր ժողովրդի կողքին լինելով` նրանց ցավակիցը դարձա այդ ծանր եւ տխուր պահերին: Ճիշտ է՝ չենք մոռացել մեր զոհերին, սակայն կարողացել ենք անցկացնելով այդ ժամանակաշրջանը, հաշտվել իրականության հետ: Բայց միեւնույնն է՝ առաջացած սպին դեռ գոյություն ունի:

– Եթե ավելացնելիք ունեք, խնդրեմ:

– Վերջում ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ`այս հարցազրույցն անցկացնելու համար, ապա իմ գնահատանքի եւ շնորհակալական խոսքն ուղղել ազգային բոլոր մարմիններին ու ենթամարմիններին, միություններին ու ողջ ժողովրդին, որոնց հետ 12 տարիներ շարունակ ապրեցի, աշխատեցի, տխրեցի եւ ուրախացա. մի խոսքով ձեռք-ձեռքի տված, մեր միասնական հաղթական երթը շարունակեցինք:

Զրույցը վարեց «Ալիք» օրաթերթի Նոր Ջուղայի թղթակիցը

Scroll Up