Հայաստանը, Ոստանիկն ու Անաստասյան. հայրենադարձ երիտասարդի պատմությունը

Ոստանիկ Աճեմյանը երիտասարդ տնտեսագետ է: Ծնվել է Մոսկվայում, սովորել Գուբկինի անվան նավթի և գազի ռուսական պետական համալսարանում, ստացել տնտեսագետի որակավորում, աշխատել Մոսկվայի լավագույն ընկերություններից մեկում: Սակայն անցած տարի նա տեղափոխվել է Երևան ու իրեն համարում է հայրենադարձված հայ:

Նրա հետ է նաև հարսնացուն` Անաստասյա Վոլկովան, որի հետ նա պատրաստվում է կազմել հայկական ընտանիք` բոլոր ավանդույթներով: Սակայն. մինչ երիտասարդ զույգին անդրադառնալը պատմենք, թե ինչպես Ոստանի մայրական պապը ստիպված եղավ հեռանալ Հայաստանից ու հաստատվել Մոսկվայում. «Պապս տեղափոխվել է գարնանային կատար հիվանդության պատճառով: Մայրս այնտեղ է մեծացել: 1987 թվականին, երբ եկել է Հայաստան, Դիլիջանում ծանոթացել է հորս հետ, որը երևանցի էր, ու նրանք ամուսնացել են»:

Եթե չլինեին մութ թվերը, ինչպես Ոստանիկն է ասում, ապա ծնողները կմնային Հայաստանում: Սակայն 88-ի երկրաշարժը, պատերազմը, սոցիալական ծանր օրերը ստիպում են նրանց տեղափոխվել Մոսկվա: Այնտեղ ծնվում են Ոստանիկն ու եղբայրը: Հայաստանը նրանց համար երբեմն-երբեմն ամառային արձակուրդն անցկացնելու վայր էր, բայց երբ Ոստանն արդեն այն տարիքում էր, երբ կարող էր ինքնուրույն որոշումներ կայացնել, հասկանում է, որ Հայաստանն իրեն ձգում է ավելի, քան ընդամենը արձակուրդ անցկացնելու համար. «Սակայն կար մի խնդիր, որի առջև շատերն են կանգնում. մտածում էի` իմ գիտելիքները Հայաստանում պե՞տք են, թե՞ ոչ»:

Մի օր էլ, երբ Ռուսաստանում որոշում է փոխել աշխատանքը և գտնել տնտեսագետի աշխատանք հենց նավթային ոլորտում, որպեսզի զբաղվի նեղ մասնագիտական գործունեւթյամբ, նրան աշխատանք են առաջարկում ռուսական ընկերության հայաստանյան մասնաճյուղում: Ամեն ինչ կարծես ստացվում էր այնպես, որ նա գար Հայաստան: Այդ օրերին նրանց ընտանիքը հրավիրվում է Երևան` մասնակցելու ազգականներից մեկի հարսանիքին: Ոստանիկն անմիջապես այցելում է այդ ընկերություն և մասնակցում հարցազրույցի: Ամեն ինչ բարեհաջող է անցնում: Նրան ընդունում են աշխատանքի: Մեկ ամիս անց նա արդեն Երևանում էր:

Անաստասյան Ոստանիկին է միանում մի քանի ամիս անց: Հայաստանը նրան դուր է գալիս հենց առաջին հայացքից. հիանալի, արևաշող եղանակ, գեղեցիկ բնություն, ջերմ ընդունելություն: Նա Մոսկվայում թողնում է աշխատանքն ու որոշում Հայաստանում աշխատանք գտնել: Հաջողվում է: Մասնագիտությամբ մարկետոլոգ Անաստասյան այսօր աշխատում է մարկետինգային ընկերությունում, սովորում է հայերեն: Ոստանիկն ու Անաստասյան ասում են, որ Հայաստանում իրենց համար ամենամեծ խնդիրը եղել է հայերենը: Եթե Ոստանը հայերենին քիչ թե շատ տիրապետում էր, ապա Անաստասյան մինչ Ոստանիկի հետ հանդիպելն անգամ տեղյակ չէր, թե որտեղ է Հայաստանը կամ ովքեր են հայերը:

Այսօր նրանք լրացնում են բացն ու ինքնուրույն հայոց լեզու սովորում: Համոզված են, որ շուտով լեզվական խնդիրը կվերանա: Ոստանիկը շատ լուրջ է վերաբերվում Անաստասյայի հայերեն իմացությանը` դա համարելով ոչ թե ցանկություն, այլ անհրաժեշտություն. «Չէ՞ որ երեխաների հետ հայերեն պիտի խոսի»,- ասում է ապագա հայրիկը` խոստովանելով, որ 5 որդի է ուզում ունենալ: Հայ տղամարդկանց բնորոշ այդ ցանկությանը մի քիչ վերապահումով է մոտենում Անաստասյան` ասելով, որ աղջիկ էլ պետք է ունենան:

Ոստանիկն ասում է, որ Մոսկվայից Երևան տեղափոխվելու առաջին պատճառն այն է, որ իր երեխաները Հայաստանում մեծանան: Ճիշտ է, այստեղ խնդիրները շատ են, հատկապես` կրթության ոլորտում, սակայն ամեն դեպքում երեխաների համար շատ ավելի լավ է, քան Մոսկվայում: «Կան օրինակներ, որ մարդիկ ծնվել ու մեծացել են Հայաստանում, հետագայում տեղափոխվել են արտերկիր ու դարձել հաջողակ ու հայտնի մարդիկ: Սկսած իմ ծնողներից մինչև, օրինակ, Ռուբեն Վարդանյանը, որը ծնվել ու մեծացել է Երևանում»:

Երիտասարդ զույգն օրվա մեծ մասն անցկացնում է աշխատավայրում, սակայն ընդմիջման ժամերին նրանք հասցնում են հանդիպել, քանի որ երկուսի աշխատավայրերն էլ նույն բիզնես կենտրոնում են: Իսկ ազատ ժամանակ այցելում են տարբեր պատմա-մշակութային վայրեր: Անաստասյան տպավորված է Հայաստանի տեսարժան վայրերով, հատկապես` հնամենի վանական համալիրներով: Նա նաև հայկական խոհանոցի սիրահար է, շատ է սիրում ժենգյալով հաց, չնայած դեռ չի հասցրել տեսնել Արցախը: Ոստանիկը խոստացել է այնտեղ էլ տանել: Անաստասյան սիրում է Հայաստանը ոչ միայն նրա համար, որ ապագա ամուսնու ու երեխաների հայրենիքն է, այլև անկեղծորեն թվարկում է այն բոլոր առավելությունները, որոնք, Մոսկվայի համեմատ, մարդու կյանքն առավել հարմարավետ ու հաճելի են դարձնում. լավ եղանակային պայմաններ, հանգիստ, անվտանգ, հարմարավետ քաղաք, որտեղ ֆիզիկապես ամեն ինչ հասանելի է: Անաստասյային հատկապես դուր է գալիս այն, որ Երևանում կարելի է ոտքով որևէ տեղ գնալ, անգամ աշխատավայր հասնել: Նրան դուր է գալիս նաև հայկական մթերքը` թարմ, համեղ ու օգտակար:

Անաստասյան բավականին հեշտությամբ է շփվում տեղացիների հետ և արդեն բազմաթիվ ընկերներ ունի: Ի տարբերություն նրա` Ոստանիկը կարծում է, որ հայաստանցիները դրսից եկածների հետ դժվարությամբ են շփվում. «Հատկապես, եթե դրսից եկածները խելացի են, հարուստ ու հաջողակ»: Միաժամանակ Ոստանիկը շեշտում է, որ Հայաստանում կանայք շատ ավելի ազատ են շփման մեջ, քան տղամարդիկ: Խոսելով Հայաստանի ներքին խնդիրների, մասնավորապես` արտագաղթի մասին, Ոստանիկը մի հետաքրքիր տեսակետ է հայտնում. երբ Հայաստանից մասնագետները արտերկիր են գնում` իրենց մասնագիտությամբ ավելի լավ աշխատանք գտնելու, դա նաև դրական է, քանի որ շատերը դրսում ավելի են կայանում, դառնում լուրջ մասնագետ և մի օր վերադառնում են` իրենց փորձն ու գիտելիքները ծառայեցնելով հայրենիքին: Իսկ եթե գնում են ու չեն վերադառնում, ապա դրան էլ չպետք է խիստ քննադատաբար մոտենալ. կարևորը` իշխանություններն այնպես անեն, որ այդ մարդիկ չմոռանան իրենց լեզուն, իրենց հայ լինելը, չձուլվեն, այլ միշտ կապի մեջ լինեն Հայաստանի հետ, գան-գնան, ներդրումներ անեն, ծրագրեր իրականացնեն:

Ի դեպ, Ոստանիկը նաև հասարակական կազմակերպության անդամ է, որը զբաղվում է Հայաստանի և Արցախի սահմանամերձ շրջանների զարգացման խնդիրներով: Հայաստանի աշխատանքը` աշխատավարձի առումով, չի կարող համեմատել Մոսկվայի հետ, որտեղ պայմաններն ավելի շահավետ էին, բայց երբ սկսում է մտածել, թե որտեղ է իրականում ուզում ապրել, ապա աշխատավարձի խնդիրը դառնում է չորրորդական: Ոստանիկի ծնողները, հատկապես` հայրը, չափազանց ուրախ է, որ որդին տեղափոխվել է սիրելի Երևան, որտեղ վերադառնալն իր համար արդեն դժվար է: Սակայն Ոստանիկը հույս ունի, որ ծնողները թոռնիկների համար կգան Հայաստան, և ընտանիքը լիարժեք կհայրենադարձվի:

Անի Գասպարյան

ani.ankakh.com

Scroll Up