Սևանա լճի ափամերձ տարածքի մաքրման աշխատանքների արդյունքում հանգստացողները կունենան 250 կմ մաքուր լողափ

Մովսիսյանն ասել է, որ այսօրվա դրությամբ լճում ջրի ծավալը կազմում է 35 մլրդ խմ, իսկ եթե Սևանի մակարդակը բարձրանա 6 մետրով, ապա ջրի ծավալը լճում կկազմի 42 մլրդ խմ՝ արդյունքում կավելանա աղտոտված ջրի ծավալը:

«Այսօրվա դրությամբ մենք լճի մակարդակի բարձրացման խնդիր չունենք, փոխարենը, առաջացել է ջրի մաքրության խնդիր»,-ասել է ՀՀ նախագահին կից Սևանա լճի հիմնախնդիրների հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանը Գեղարքունիքի մարզ այցելության շրջանակներում: Ըստ նրա, լճի վիճակը չի բավարարում մաքուր քաղցրահամ ջրի պահանջներին և այդ խնդրի լուծումը առաջնային խնդիր է: «Եթե մենք մաքուր ջուր չունենանք, ապա լճի մակարդակի բարձրացման աշխատանքն անիմաստ է դառնում, քանի որ դա կբերի լճի էկոլոգիական վիճակի վատթարացմանը»,-ասել է նա: Մովսիսյանն ասել է, որ այսօրվա դրությամբ լճում ջրի ծավալը կազմում է 35 մլրդ խմ, իսկ եթե Սևանի մակարդակը բարձրանա 6 մետրով, ապա ջրի ծավալը լճում կկազմի 42 մլրդ խմ՝ արդյունքում կավելանա աղտոտված ջրի ծավալը: «Այդ ուղղությամբ մենք լուրջ աշխատանք ենք կատարել, հանձնաժողովի օրակարգից ընդմիշտ հանվել է Արարարտի ոսկու արդյունահանման գործարանը Սոթք տեղափոխելու հարցը.,-ասել է նա:

Հանձնաժողովի նախագահը տեղեկացրել է նաև, որ 5 քաղաքներում՝ Սևանում, Գավառում, Վարդենիսում, Մարտունիում և Ջերմուկում կստեղծվեն ջրի մաքրման կայաններ՝ 7,5 մլն դոլար արժողությամբ, որը տրամադրել է ՎԶԵԲ-ը: Կայանների կառուցումը կավարտվի 2011թ.: Եվս 12 մլրդ դրամ կհատկացնի կառավարությունը կենցաղային աղբից մաքրման համար: Լճացած տարածքները կմաքրվեն ծառերից ու թփերից: Այդ նպատակի համար ձեռք է բերվել 605 հազար եվրո արժողությամբ ֆինական էքսկավատոր, կա նաև հայրենական արտադրության մի սարք, որը հավասարեցնում է հատակը:

«Մաքրման աշխատանքների ավարտին մենք կարող ենք ունենալ 250 կմ մաքուր լողափ բնակչության հանգիստը կազմակերպելու համար»,-ասել է Մովսիսյանը:

Scroll Up