«Ցանկանում եմ տեսնել հավասար կրթական հնարավորություններ ապահովող Հայաստան». Լարիսա Ռայան

Լարիսա Ռայանը Հայաստան է վերադարձել 2013 թվականին, սակայն միշտ այն զգացումն է ունեցել, որ ծնվել և մեծացել է այստեղ: Հայրենիքին օգնելու, նրա վաղվա օրն ավելի բարեկեցիկ տեսնելու ձգտումով ապրող Լարիսան Հայաստանում նախաձեռնեց «Դասավանդի´ր Հայաստան» ծրագիրը, որը արդյունավետ կերպով իր առաքելությունն է իրականացնում նաև հիմա: Առաջնորդի եզակի որակներով օժտված հայուհու հետ «Հայերն այսօրի» թղթակիցը զրուցել է զրուցել է անցած ուղու, նախաձեռնած ծրագրի և հայաստանյան կրթական ոլորտի հնարավոր բաեփոխումների մասին:

-Լարիսա´, Ձեր մեջ միահյուսված են երկու ազգություններ՝ հայ և իռլանդացի: Ինչպե՞ս ԽՍՀՄ-յան անհանդուրժողականության տարիներին հնարավոր եղավ ծնողներիդ ամուսնությունը: Որտե՞ղ եք ծնվել և մեծացել Դուք:

-Մայրական կողմս սերում է Արցախ աշխարհից, իսկ հայրիկս Իռլանդիայից է արմատներով, բայց նրանց գերդաստանը երկար տարիներ՝ համարյա մի քանի սերունդ, ծնվել և ապրել է ԱՄՆ-ում: Ծնողներս հանդիպել են Մոսկվայում 30 տարի առաջ, երբ սովորում էին Մոսկվայի պետական համալսարանում: Ահա այստեղից էլ սկսվել է նրանց համատեղ պատմությունը: Սակայն մայրս ԽՍՀՄ քաղաքացի էր, իսկ հայրս ուներ ամերիկյան քաղաքացիություն: Սառը պատերազմի տարիներ, քաղաքական անհանդուրժողականություն, դժվարություններ ամուսնությունը պաշտոնականացնելու հարցում: Այսպիսով՝ ես ծնվեցի Հայաստանում, սակայն 3 ամիս հետո մենք տեղափոխվեցինք Ամերիիկա: 5 տարի ընտանիքիս հետ ապրել եմ Կալիֆորնիա նահանգում, հետագայում հայրիկիս աշխատանքը մեզ բերեց Ռուսաստանի Դաշնություն: Սակայն կապը հայրենիքի հետ միշտ առկա էր:

Մայրիկս ինձ և քրոջս ամեն ամառ բերում էր Երևան: Այստեղ մեզ էր սպասում տատիկս, ով այդ տարիներին Երևանի Վալերի Բրյուսովի անվան լեզվաբանակական համալսարանի ամենահայտնի պրոֆեսորներից էր: Սակայն գեներում, բացի բանասիրական-լեզվաբանական ուղղվածությունից, առկա է նաև գրականության շունչը: Պապիկս՝ Արցախի հայտնի գրողներից մեկը՝ Լեոնիդ Հուրունցը, արդեն մահացել էր, բայց ես շատ հաճախ եմ մայրիկիցս, տատիկիցս և ուրիշներից լսել նրա մասին: Հիմա նպատակներիցս մեկը նրա երբեմնի անունը վերականգնելն ու նրա հիշատակը վառ պահելն է: Գուցե այդքան ուժեղ գեներն էին, որ ինձ անբաժանելի-աննկարագրելի կերպով կապեցին հայրենիքին:

Ամեն ամառ այստեղ գալով՝ ես սիրահարվում էին հայրենի երկրիս: Ու հիմա էլ, երբ հետադարձ հայացք եմ նետում այդ տարիներին, հասկանում եմ, որ ես դեռ այն ժամանակներից եմ սկսել սիրել Հայաստանն ամբողջությամբ՝ ներառայալ լավ ու վատ, թերի ու գեղեցիկ կողմերը, այստեղի դժվար, բայց միաժամանակ քաղցր ու ապահով կյանքը: Դա իրական սեր է և ոչ երևակայական: Գուցե սա է պատճառը, որ ես ինձ այդքան էլ Սփյուռքի հայ չեմ զգացել, միշտ այն գեղեցիկ ու բարի զգացողությունն է եղել, որ այստեղ եմ ծնվել ու մեծացել, և որ այստեղի ցավն ու խոչընդոտներն էլ են իմը, ուրախությունն ու հրճվանքն էլ:

– Այսպիսով՝ կարելի է ասել, որ հայ գենը Ձեր մեջ առավել քան դոմինանատ է: Այնուամենայնիվ, ինչքանո՞վ է առկա նաև իռլանդական մշակույթի և քաղաքակրթության ադզեցությունը Ձեր՝ արդեն իսկ ամբողջովին կայացած մարդկային տեսակի ու որակի մեջ:

-Այո´, ես սրտով, հոգով հայ եմ: Ցանկանում եմ ստեղծել, արարել և ապրել իմ հայրենիքի բարօրության համար: Նույնքան չափով ինձ իռլանդացի չեմ զգում, և դա գուցե նրանից է, որ ինչպես նշեցի, հայրական կողմս ԱՄՆ-ում է ապրել, կապ չի եղել Իռլանդիայի հետ, տվյալ լեզվով չենք խոսել, իսկ դա այդ մշակույթից և իրականությունից հեռանալուն նպաստող մեծ գործոն է: Սակայն երբ իռլանդական ազգային երաժշտություն եմ լսում, զգում եմ, որ հոգուս մեջ մի բան թրթռում է, կա այդ հարազատության զգացումը: Ի վերջո գեները չեն լռում, չեն մահանում: Ցանկություն ունեմ իմ այդ կողմ ձգվող արմատները ավելի բացահայտելու, ճանաչելու իմ պատմության այդ անկյունը ևս:

– Լարիսա´, գիտեմ, որ ուսանողական տարիներին ապագայի այլ տեսլական եք ունեցել, Ձեզ պատկերացրել եք լրիվ այլ ոլորտում: Ինչպես հայտնվեցիք «Teach For America» ծրագրում և ի՞նչ տվեց այն Ձեզ:

-Ես բավականին ստեղծագործ մարդ եմ, և միշտ մտածում էի, որ մասնագիտական ուղիս պիտի անցեր ստեղծագործ բիզնեսի ոլորտով: Համալսարանում ուսումնասիրել եմ հենց միջազգային բիզնեսի ոլորտը, որը մինչ այժմ ինձ գրավում է, հետաքրքրվել եմ գրաֆիկական դիզայնով, սովորել ֆրանսերեն: Սակայն եկավ մի պահ, երբ հասկացա, որ ուզում եմ իմ կյանքը մի փոքր այլ ուղղությամբ տանել, բացահայտել ինձ մեկ այլ ասպարեզում, այլ իրականության ու հնարավորությունների մեջ:

Այդ փնտրտուքների մեջ ես իմացա «Teach For America» ծրագրի մասին, որի նպատակն էր գտնել լավագույն մասնագետների տարբեր ոլորտներից, հատուկ խստացված կարգով ընտրել նրանց և ուղարկել ԱՄՆ-ի ամենախնդրահարույց դպրոցներ՝ ուսուցչության: Ամեն տարի այս ծարգրին դիմում է 50 հազարից ավելի մարդ, որոնցից ընտրվում են միայն եզակիները: Ես այդքան մեծ հույսեր չունեի, սակայն ծրագրի ղեկավարները իմ մեջ տեսան այն մասնագիտական և անձնային որակները, որոնք համապատասխանում էին նրանց չափանիշներին: Ես սկսեցի աշխատել հատուկ խնդիրներ ունեցող երեխաների հետ:

Այդ երկու տարին և´ հուզական , և´ ֆիզիկական, և´ հոգեբանական առումներով ծանր էին ինձ համար, սակայն ես իմ մեջ գտա այն կամքն ու եռանդը անելու այն, ինչ շատերը անհնար էին համարում: Երբ մտնում ես մի դպրոց և աշխատում աշակերտների հետ, որոնք կարծում են՝ ապագա չունեն, իսկ դու 2 տարում նրանց հակառակն ես ապացուցում, քո մեջ հաստատվում է այն համոզմունքը, որ այս աշխարհում շատ քիչ բան կա, որը մարդկային իրական ձգտման ու ցանկության դեպքում կմնա դարձյալ անհնարին: Այս մտքի գիտակցումը կարելի է համարել իմ ամենամեծ ձեռքբերումներից մեկը:

-Ինչպե՞ս առաջացավ «Դասավանդի´ր Հայաստան»ծրագրի մտահղացումը: Ի՞նչ դժվարությունների հանդիպեցիք այստեղ և ինչպե՞ս հաստավեցիք որպես հենց միայն հայաստանյան ու տեղական կազմակերպություն:

-Ես աշխատում էի Ամերիկայում, սակայն միշտ մտածում էի, որ իմ երկրի երեխաները ևս ունեն այսպիսի կրթության անհարժեշտություն: Ինչու՞ ես՝ որպես հայ, չեմ կարող այդ ռեսուրսը կիրառել Հայաստանում մեր ներկա և ապագա սերունդների համար: Այդ միտքը ինձ բերեց այստեղ:

Հայաստանում մարդիկ շատ են մեղադրում: Իհարկե, դժվարություններ կան, սակայն մեղադրելով ուրիշին, դու չես կարող այդպիսով օգնել քեզ, քո ընտանիքին ու հասարակությանը: Շատերը չեն գիտակցում իրենց որոշումների կարևորությունը, այն պարտավորությունը, որ ունեն իրենք իրենց երկրի հանդեպ: Մարդիկ քիչ են միմյանց մեջ կամուրջներ ստեղծում, միասնական չեն, հետևաբար՝ աշխատանքն էլ շատ հաճախ արդյունավետ չի լինում: Մեր ծրագիրը ապացուցեց, որ հնարավոր է արդյունքի հասնել միասնական ու թիմային աշխատանքով: Սկզբում մեզ իդեալիստ ու ռոմանտիկ անվանեցին, սակայն շատ ժամանակ չանցած մեր ծրագիրը կապող օղակ դարձավ շատ աշխույժ և ստեղծագործ երիտասարդների միջև: Միավորելով նորարար առաջնորդներին՝ «Դասավանդի´ր Հայաստան» ծրագիրը հնարավորություն է տալիս երիտասարադ մասնագետներին իրագործելու իրենց ձգտումները, ապացուցելու իրենց նվիրումն ու կատարելու իրենց առաքելությունը: Մենք գտանք  մասնագետների, որոնք 2 տարի աշխատելով հիմնականում այնպիսի հանրակրթական դպրոցներում, որտեղ հաճախող երեխաները չունեն որակյալ կրթության նույն հնարավորությունները, ինչ իրենց հասակակիցները, դարձան իրենց գործի նվիրյալները: Ծրագրի բոլոր մասնակիցները լիարժեքորեն ստանձնում են իրենց առջև դրված նպատակների կատարման պատասխանատվությունը, և մենք սերտորեն աշխատում ենք նրանց հետ՝ խրախուսելով նրանց մեջ նորանոր հմտությունների զարգացումը: Այսպիսով՝ մեր ծրագրի առաքելությունն է բարելավել Հայաստանի բոլոր երեխաների կրթության որակը՝ ներգրավելով և վերապատրաստելով բացառիկ անհատների, ովքեր պատրաստ կլինեն առնվազն երկու տարի դասավանդելու ուսուցիչների կարիք ունեցող դպրոցներում: Այս ծրագիրը տեղայնացված և զուտ հայկական ծրագիր է, որի մասնակիցները և´ Երևանից են, և մարզերից, և´ Արցախից, և´ Սփյուռքից:

-Լարիսա´, ի՞նչ սկզբունքով եք ընտրում մասնակիցներին և ի՞նչ մասնագիտական և անձնային որակների կրողներ պիտի լինեն նրանք:

– Դիմորդները պիտի ունենան ամենաքիչը բակալավրի կոչում: Տարիքային սահմանափակում չկա, բայց նշեմ, որ հիմնականում դիմում են երիտասարդները, և դա հասկանալի է: Նրանց մեջ պիտի նկատելի լինի առաջնորդի որակը, լինեն նախաձեռնող և փնտրող անհատ, սիրեն իրենց հայրենիքն ու աշխատանքը: Պիտի իրենց մեջ կերտեն օրինակելի ուսուցչի կերպարը: 2 տարի դասավանդելուց հետո նրանք դառնում են «Դասավանդի´ր Հայաստան» ծրագրի դեսպանները, հավասար կրթական հնարավորություններ հաստատող առաջամարտիկները, որ նոր մտքեր ու գաղափարներ ունեն և իրենց գաղափարների առանցքում առողջ մարդկային ռեսուրսն է:

 -Բացի անհրաժեշտ և որակյալ մասնագիտական կադրերի պակասից՝ ի՞նչ խնդիրներ ունի այսօր հանրակրթական դպրոցը: Ինպե՞ս լուծել այդ խնդիրները:

-Մեր երեխաները շատ են գնահատում լավ ուսուցչին, կարևորում են նրա դերը իրենց կյանքում:  Եվ շատ կարևոր է, թե ում հետ են երեխաները անցկացնում իրենց օրվա կեսը, ինչ մարդկային հատկանիշներ ու արժեքներ են փոխանցվում նրանց: Առաջնային տեղում պիտի լինի աշակերտը: Ֆինլանդիայի օրինակը վերցնենք: Նրանք շատ են կարևորում աշակերտի՝ լավ կրթություն ստանալու հնարավորությունը և ընտրում են լավագույն մասնագետներին, ովքեր պիտի աշխատեն յուրաքանչյուր աշակերտի հետ անհատական մոտեցմամբ: Պետք չէ կենտրոնանալ գնահատականի վրա: Երեխաների մեջ պիտի զարգացվեն վերլուծական միտքն ու քննադատական հայացքը: Նրանք պիտի սկսեն հասկանալ իրենց պարտավորությունները շրջապատի, հայրենիքի ու իրենք իրենց հանդեպ: Իսկ այս գործում հիմնական աշխատանքը ընկած է ուսուցչի ուսերին:

 Բարեբախտաբար, դեռևս հայ ընտանիքները կարևորում են կրթության դերը: Դա գալիս է մեր պատմությունից: Նույն Ամերիկայում այդ մոտեցումը ոչ միշտ է գերակայում:

-Լարիսա´, ե՞րբ կհամարեք, որ ձեր առաքելությունը Հայաստանում ավարտված է:

– Երբ տեսնեմ այնպիսի Հայաստան, որտեղ բոլոր երեխաները, անկախ իրենց սոցիալ-տնտեսական պայմաններից, ապրելու աշխարհագրական վայրից՝ հնարավորություն ունենան փայլուն կրթության միջոցով բացահայտելու իրենց ողջ ներուժն ու ընդունակությունները: Հուսամ՝ իմ կյանքի ընթացքում ես դա կտեսնեմ:

Լարիսա´, շնորհակալություն հարցազրույցի և Ձեր անձնվեր աշխատանքի համար: Նորանոր հաջողություններ և ձեռքբերումներ եմ մաղթում Ձեր ծրագրին:

Ամալյա Կարապետյան

Scroll Up