Կայացավ «Կոմիտասը և հայ մանուկները» խորագրով համերգը

Սեպտեմբերի 28-ին ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ իրականացվող «Կոմիտաս Վարդապետ» փառատոնի շրջանակներում Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի այգում` Կոմիտասի արձանի մոտ, տեղի ունեցավ «Կոմիտասը և հայ մանուկները» խորագրով բացօթյա համերգ: Բացման խոսքով հանդես եկավ կոնսերվատորիայի դասախոս Կարինե Բրուտյանը:

Կոմիտասյան անզուգական կատարումներով ելույթ ունեցան Ռուսաստանի Դաշնության Հյուսիսային Օսեթիայի հայ առաքելական եկեղեցու Սուրբ Գրիգոր Լուսավորիչ կամերային երգչախումբը (գեղ. ղեկավար` Ադելինա Գրիգորյան), Մոսկվայից ժամանած «Նորահրաշ» երգեցիկ խումբը և «Օվսաննա» երգչախումբը (գեղ. ղեկավար` Ելենա Բեգլարյան), Իրանի Թեհրան քաղաքի Արարատ կազմակերպության «Արարատ» երգչախումբը (գեղ. ղեկավար` Արաքս Խաչատրյան), Երևանի «Երաշխավոր» երգչախումբը (գեղ. ղեկավար` Ինեսա Ադամյան), Երևանի «Փարոս» կամերային երգչախումբը (գեղ. ղեկավար` Րաֆֆի Միքայելյան):

Երեկոյին ասմունքեց «Արարատ» երգչախմբի երգչուհի Բեթինա Հովսեփյանը: Նա կատարեց Կոմիտասի վերծանությամբ Գրիգոր Նարեկացու «Հավուն-հավուն» հարության տաղը: Կոմիտասյան երգերով հանդես եկան Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի շրջանավարտներ Իռեն Ավագյանը և Մարինե Գրիգորյանը, կոնսերվատորիայի երրորդ կուրսի ուսանողուհի Անուշ Մելքումյանը: Վերջում փառատոնի բոլոր մասնակիցները կատարեցին Ազգային օրհներգը:

  «Կոմիտաս Վարդապետ» փառատոնի ղեկավար Սամվել Հարոյանը իր շնորհակալական խոսքը հղեց փառատոնի բոլոր մասնակիցներին հայ մեծ կոմպոզիտորի երգերը կենդանի պահելու և նոր շունչ հաղորդելու համար:

Մարիաննա Անանյան

Scroll Up