«Ես ուզում եմ, որ մենք պետության գաղափարի կրողներ լինենք». Արթուր Ավետյան

ՀՀ սփյուռքի նախարարությունում հյուրընկալված Ֆրանսիայի Նանս քաղաքի հայկական համայնքի նախագահ Արթուր Ավետյանի հետ ունեցած զրույցի ընթացքում, այս էլ որերոդ անգամ պարզ դարձավ, որ աշխարհի ամեն մի անկյունում հանգրվանած հայերը շատ արագ ինքնակազմակերպվում են, հարմարվում, նոր բույն հյուսում, աշխատանք գտնում, կայանում, ընտանիք կազմում, բազմանում, ստեղծում մի մարգարտահատիկ Հայաստան, որը դառնում է հայի ու հայության հաղթական կամարը, Հայրենիքի արտացոլքը:

2011-ին Նանսիում Արթուր Ավետյանի հիմնադրած հայկական համայնքը տարեցտարի հզորանում է, հանդես գալիս նոր, ազգանպաստ, ազգապահպան նախաձեռնություններով, բազմաբնույթ միջոցառումներով, որոնց մասին պատմելիս համայնքի երիտասարդ ղեկավարը արված աշխատանքները համարում է օրինաչափություն, սովորական և չի հպարտանում իր արած գործերով, որոնց մեջ առանձնակի տեղ է գրավում Արցախին, զոհված ու կռվող զինվորների ընտանիքներին արված օգնությունը: Նույնիսկ խնդրում է չգրել այդ մասին՝ ասելով, որ դա մեր բոլորի պարտքն է, քանի որ այդ զինվորները պաշտպանում են մեր Հայրենիքի սահմանները, հայ երեխաների խաղաղ մանկությունն են ապահովում:

«Ես հիացած եմ այդ տղաների անօրինակ սխրանքներով, նրանց աննահանջ, աննկուն կեցվածքով. նրանցից մենք հայրենասիրության դասեր պիտի առնեն: Ինձ հետ Նանսի եմ տանում ոչ թե նվնվոց, վախի զգացում կամ նահանջի, զղջման զգացում, այլ ինձ հետ տանում եմ նրանց ժպիտներն ու ինքնավստահությունն իրենց ուժերի հանդեպ: Իմ ֆեյսբուքյան էջում մի գրառում եմ արել՝ որ աշխարհում թող ոչ մի հայ չասի այդ տղաներին, թե, ահա, մենք եկել ենք, որ օգնենք ձեզ, որ ձեր կողքին ենք… մ՛ենք ենք նրանցից ուժ և օգնություն ստանում, նրանցից հայրենասիրության դասեր առնում: Մեր համայնքում հայորդիները մի մարդու նման պատրաստ էին մեկնելու Արցախ, բոլորն էլ պատրաստ են սատար լինելու Հայրենիքին: Հայերի լավագույն հատկանիշը դժվար պահերին բռունցքվելու մեջ է, և դա էլ հաղթանակի ճանապարհն է: Համայնքը, չնայած իր ոչ երկար կենսագրությանը, հասցրել է կայանալ, գեղեցիկ ծրագրեր իրականացնել: Մոտ 2000 հայերով բնակեցված Նանսին մեզ համար, իհարկե, Հայրենիք չէ, մեր պետությունը չէ, սակայն այնտեղ ապրող հայերի համար այն մի տաքուկ անկյուն է, որը պահպանելու համար հարկավոր են առաջին հերթին մարդկային լավ հարաբերություններ, շփումներ: Համայնքում կա հայկական ռադիո, կիրակնօրյա դպրոց ունենք, խաչքար ենք տեղադրել, պարային համույթ, երգչախումբ, 4 տարի է, ինչ համայնքում Համազգային վարչություն ունենք…

Ապրիլի 7-ին իմ հովանավորությամբ համայնքում կազմակերպեցինք մկրտության մեծ արարողություն՝ մկրտելով 25 հայ երեխաների, և դա շարունակական է լինելու:Գրեթե ամեն ինչ ունենք, միայն գրականության պակաս կա: Մասնագիտությամբ բանասեր լինելով՝ շատ բարձր եմ գնահատում գրի ու գրականության արժեքը, որը մայրենին չմոռանալու նախապայմաններից մեկն է: Իմ նպատակն է համայնքը տարածաշրջանում ավելի մեծացնել. Նանսիի մոտակայքում կան փոքրիկ քաղաքներ, որտեղ ապրող հայության թիվն այնքան մեծ չէ, որ իրենք տեղերում ստեղծեին սեփական համայնքները, մենք նրանց ներգրավում ենք մեր համայնքում, ես նպատակ ունեմ այդ քաղաքներում էլ հիմնել կիրակնօրյա դպրոցներ. այս առիթով զրուցեցի ՀՀ սփյուռքի նախարարի հետ: Սփյուռքի նախարարության հետ բարեկամացել ենք 3-4 տարի առաջ, երբ Մարսելում ծանոթացանք տիկին Հակոբյանի հետ: Ծանոթացա նախարարության ծրագրերին, աշխատանքներին, որոնք բարձր եմ գնահատում: Մոտ տաս տարի առաջ եմ եղել Հայաստանում, շատ եմ կարոտում….

Երբ գալիս եմ Հայաստան, ընկերներիս խնդրում եմ ինձ երբեմն միայնակ թողնել. սիրում եմ շրջել Երևանի իմ երիտասարդության փողոցներով և ասում եմ ընկերներիս, որ չանհանգստանան, որ ես մենակ չեմ, ես Երևանի հետ եմ: Ես չեմ ասում Հայրենիք, ես ասում եմ ՝ պետություն և ցանկանում եմ, որ մեր պետությունը շատ հզորանա, որ այս ցանկությունը գործ, իրականություն դառնա, և մենք պետության գաղափարի կրողներ լինենք:

Հայաստանը մեր պետությունն է: Ես շատ եմ ցանկանում, որ ամեն տարի Հայաստանում եղած ժամանակ ոչ միայն խոսենք Սփյուռքի հայկական կառույցների աճի, գործընթացի, հզորացման մասին, այլ նաև պետության հզորացման փաստի երջանիկ ականատեսը, որ ամենքս լինենք հզոր, կայացած պետության քաղաքացիներ»:

Կարինե Ավագյան

Scroll Up