Արգենտինայի հայ համայնքի հանդիպումը Արգենտինայում Ֆրանսիայի դեսպանի հետ

Արգենտինայի հայ համայնքը, շարունակելով առաջնային նպատակներից մեկը՝ պահելու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծման ջանքերը, հանդիպեց Արգենտինայում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Միշել Կասայի հետ: Այս մասին «Հայերն այսօրին» տեղեկացնում է Բուենոս Այրեսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր Հովիվ Տեր Մաղաքիա վարդապետ Ամիրյանը:

Համայնքային պատվիրակությունը Արգենտինայի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Գիսակ արքեպիսկոպոս Մուրադյանի առաջնորդությամբ իրենց մտահոգությունը հայտնեցին ստեղծված իրավիճակի վերաբերյալ՝ փաստելով այն հանգամանքը, որ Ադրբեջանի ղեկավարությունը թիրախ է դարձնում խաղաղ բնակչությանը` արկակոծելով Մարտակերտն ու հարակից գյուղերը:

Պատվիրակության անդամներն արգենտինահայ համայնքի անունից նամակ փոխանցեցին դեսպանին՝ ակնկալելով որ խնդրով զբաղվող համապատասխան մարմինները ազդեն Ադերբեջանի վրա՝ դադարեցնելու խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու մտածումից: Դեսպանը կիսելով մտահոգությունները՝ հայտնեց, որ այժմ Հայաստանում է գտնվում Եվրոպական հարցերով նախարարը՝ քննարկելու համար խնդրի խաղաղ կարգավորման գործընթացը: Հանդիպման վերջում Ֆրանսիայի դեսպանն իր աջակցությունը հայտնեց հայ համայնքին Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի առթիվ՝ կարևորելով Ֆրանսիայի դիրքորոշումը Ցեղասպանության խնդրի վերաբերյալ:

Scroll Up