Ապրիլի 1-ից հետո 10 ընտանիք դիմել է Քաշաթաղում վերաբնակվելու համար

Սյունիքի մարզի Տեղ գյուղի արդեն նախկին բնակիչներ Ղուլունցների բազմազավակ ընտանիքը 7 օր է` Արցախի Քաշաթաղի շրջանի Մարտունաշենում է ապրում:

Մեդիամաքսի-ի փոխանցմամբ՝ Մարտունաշեն են տեղափոխվել նույն այն օրը, երբ սկսվեցին լայնածավալ ռազմական գործողությունները:

Ընտանիքի հայր Արայիկ Ղուլունցը դեռ 20 օր առաջ էր դիմել Մարտունաշենում վերաբնակվելու համար: Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը շփման գծում սկսված կռվի մասին լսելուն պես` նա Քաշաթաղի շրջանի վարչակազմին խնդրել է արագ կազմակերպել իրենց վերաբնակեցումը:

«Ասացին, որ ուզում են շտապ տեղափոխվել եւ միանալ Արցախի պաշտպանությանը: Քանի որ մոտ էին, կարողացանք արագ կազմակերպել, չնայած տունը, որ հատկացվելու էր իրենց, դեռ չէինք հասցրել ամբողջությամբ պատրաստի վիճակի բերել»,- ասել է Քաշաթաղի շրջանի վերաբնակեցման բաժնի պետ Ռոբերտ Մաթեւոսյանը:

Ընտանիքը 6 երեխա ունի, մեծը` 17 տարեկան է, փոքրը` մեկ ու կես: 7-րդ զավակը կծնվի Արցախում: Մարտունաշենում մեկ տուն ստացել են որպես վերաբնակ, իսկ երկրորդը` բազմազավակության համար, պետությունը կհատկացնի 7-րդ երեխայի ծնվելուց հետո: Ընտանիքը զբաղվելու է գյուղատնտեսությամբ:

Վերջին 7 օրում Քաշաթաղի շրջանում շտապ վերաբնակվելու համար, բացի Ղուլունցներից, եւս 9 ընտանիք է դիմել: Ինչպես ասել է շրջանի վերաբնակեցման բաժնի պետ Ռոբերտ Մաթեւոսյանը, բոլորին պատշաճ տեղավորել են:

«Երբ մեզ դիմում են վերաբնակեցման համար, որոշակի ժամանակ է տրվում, մինչեւ այդ ընտանիքներին տեղավորենք: Բայց ապրիլի 1-2-ի դեպքերը, կարծես, ազդակ հանդիսացան, որպեսզի այս ընտանիքները շտապ վերաբնակեցվեն: Մեզ համար մի քիչ դժվար էր, բայց արեցինք»,- ասել է Ռոբերտ Մաթեւոսյանը:

Scroll Up