«Վիքին Սիրում է Հուշարձաններ»․ Հայաստանը 7-րդ տեղում է 53 երկրների շարքում

«Վիքին Սիրում է Հուշարձաններ» միջազգային լուսանկարչական մրցույթի շրջանակներում 22 օրվա ընթացքում ավելի քան 170.000 լուսանկար է բեռնվել Վիքիպահեստ։ Դրանցից ավելի քան 10.000-ը հայկական հուշարձանների լուսանկարներ են, այս ցուցանիշով Հայաստանը ներկա պահին 7֊րդ տեղն է զբաղեցնում 53 երկրների շարքում։ Մրցույթի առաջատարը Լեհաստանն է՝ ավելի քան 27.000 լուսանկարով, երկրորդ տեղում է Գերմանիան` 22.000 լուսանկարով։ Մրցույթը շարունակվելու է մինչև սեպտեմբերի 30-ը։

Հայաստանը երեք շաբաթվա ընթացքում 130 մասնակից է ունեցել։ Նրանցից մեկը՝ Արփինե Անդրեասյանը, նշում է, որ իրեն միշտ մտահոգում էր համացանցում հայկական մշակույթի ներկայացվածության աղքատությունը։ «Սա լավ հնարավորություն է՝ թեկուզ կազմակերպչական առումով համալրելու այդ բոլորը, կենտրոնացնելու ուշագրավ վայրում»,- կարծում է նա։ Արփինեն հիմնականում Վիքիպահեստ է բեռնում այն լուսանկարները, որոնք արել է նախկինում Հայաստանում շրջելու ընթացքում։ Մրցույթի մեկ այլ մասնակից՝ Արման Մուսիկյանը, սկսել է ճամփորդել հատկապես մրցույթին մասնակցելու համար։ «Պարզեցի, որ լուսանկարելը շատ հետաքրքիր և սպորտային զբաղմունք է։ Սպորտային, որովհետև հուշարձաններ որոնելու ժամանակ ոտքով բավականին երկար ճանապարհ ես կտրում, հարկ եղած դեպքում նույնիսկ բարձրանում ժայռեր, ինչպիսին է օրինակ Հաղպատի Կայան բերդը»,-նշում է նա։

Արմանի կարծիքով՝ մրցույթը սպորտային է նաև այն պատճառով, որ յուրաքանչյուր երկիր փորձում է իր լուսանկարների քանակով գերազանցել մյուսներին։ Արմանն ինքը շուրջ երեք հազար լուսանկար է արդեն բեռնել և դեռ շարունակում է ճամփորդել Հայաստանով ու լուսանկարել։

Մրցույթի մասնակիցներին խրախուսելու համար, հայաստանյան կազմակերպիչները ֆոտոզբոսանքներ են կազմակերպել Երևանում, Գորիսում, Շուշիում և Վանաձորում։ Այս միջոցառումների մասնակիցները փոքր խմբերով շրջում են իրենց քաղաքում, լուսանկարում պատմաճարտարապետական հուշարձաններ, ապա դրանք միասին բեռնում Վիքիպահեստ։ Վերջին ֆոտոզբոսանքը տեղի է ունենալու սեպտեմբերի 29֊ին՝ Գյումրիում։

«Վիքին Սիրում է Հուշարձաններ» մրցույթի ավարտին մնացել է ընդամենը մեկ շաբաթ, որից հետո մասնակից յուրաքանչյուր երկրում տեղական ժյուրին ընտրելու է այդ երկրի հաղթողներին, իսկ միջազգային ժյուրին այդ հաղթողների միջից ընտրելու է միջազգային հաղթողներին։ Կազմակերպիչներից Վաչագան Ղռաթյանը տեղեկացնում է, որ մրցույթի հայաստնյան մրցանակային ֆոնդը կազմում է 1,7 մլն դրամ, սակայն իրենք դեռ չեն որոշել, թե կոնկրետ ինչ մրցանակներ են տալու հաղթողներին։ Հայտնի է սակայն, թե ինչ մրցանակ է ստանալու միջազգային հաղթողը՝ ուղևորություն Լոնդոն՝ «Վիքիմանիա» կոնֆերանսին մասնակցելու համար։

«Վիքին սիրում է հուշարձաններ»-ը Գինեսի գրքի կողմից ճանաչված է որպես աշխարհի խոշորագույն լուսանկարչական մրցույթ։ Այն ամեն տարի անց է կացվում սեպտեմբերի 1-30֊ը։ Հայաստանն այս տարի մրցույթին մասնակցում է առաջին անգամ։ «Վիքին սիրում է հուշարձաններ»-ի հայաստնյան կազմակերպիչն է «Վիքիմեդիա Հայաստան» հկ֊ն։ Գլխավոր աջակիցն է «Յուքոմ» ընկերությունը։ Մրցանակային ֆոնդի աջակիցն է «Վիքիմեդիա Հիմնադրամը»։

Scroll Up