Ավստրիահայ համայնքը մի շարք քայլեր է ձեռնարկել

Հայաստանին և Լեռնային Ղարաբաղին իր համերաշխությունն ու զորակցությունը ցուցաբերելու նպատակով ավստրիահայ համայնքը մի շարք քայլեր է ձեռնարկել, գրում է Tert.am-ը:

Ավստրիայում գործող բոլոր համայնքային կազմակերպությունների անունից բաց նամակ է կազմվել և փոխանցվել Ավստրիայի բոլոր քաղաքական մարմիններին՝ երկրի նախագահի ու վարչապետի գրասենյակներ, Ավստրիայի Դաշնային Ժողով, Ավստրիա-Հայաստան բարեկամական խմբի անդամներին, արտաքին գերատեսչության ղեկավարին: Նամակում ս.թ. ապրիլի 2-ից սկսած ԼՂ նկատմամբ Ադրբեջանի ռազմական ագրեսիան կանխելու և Ալիևի վարչակազմի նկատմամբ ճնշում գործադրելու կոչ հնչեցնելուց բացի դատապարտվել են Բաքվի արկածախնդիր քայլերը՝ ԼՂ հիմնահարցը ռազմական ճանապարհով լուծելու ուղղությամբ: Նույն նամակը ներկայացվել է նաև ավստրիական և երկրում հավատարմագրված միջազգային մամուլին:

Համայնքային կազմակերպությունները նաև բողոքի ցույց են անցկացրել Վիեննայում տեղակայված ԵԱՀԿ գրասենյակի առջև, ուր ս.թ. ապրիլի 5-ին անց էր կացվում Մշտական խորհրդի արտահերթ նիստը՝ նվիրված ԼՂ-ում վերջին օրերին ռազմական գործողությունների վերսկսմանը: Բողոքի ակցիայի մասնակիցները ծածանել են Հայաստանի և ԼՂՀ դրոշները և պարզեցին տրանսպարանտներ, որոնց վրա գրված էին «Մենք ցանկանում ենք խաղաղություն և կայունություն», «Ադրբեջա՛ն. ձեռքդ հեռու Արցախից», «Հարգեք մեր կյանքի եւ ինքնորոշման իրավունքը», «ԵԱՀԿ Մինսկի խումբ՝ դուք պետք է դադարեցնեք Ալիևի ագրեսիան» կարգախոսներ: Վիեննայի կենտրոնական Հելդենպլաց հրապարակի վրա դիմավորելով ԵԱՀԿ գրասենյակ ժամանող արտերկրի ներկայացուցիչների, Ալիևյան արյունալի ռեժիմի դեմ բողոքող մեր հայրենակիցները սուլոցներով և աղաղակներով դիմավորել են Ադրբեջանի և Թուրքիայի դիվանագետներին:

Այնուհետև բողոքողները ԵԱՀԿ նախագահությանը հանձնել են նամակ, որում կոչ էր արվում աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին՝ տարածաշրջանում երկարատև ու կայուն խաղաղությանը հասնելու համար:

Scroll Up