ՀՀ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ 5 ՏԱՐԵԿԱՆ Է. ՇՆՈՐՀԱՎՈ՛Ր ՓԱՌԱՎՈՐ ՀՆԳԱՄՅԱԿ…

ՀՀ  սփյուռքի նախարարությու՜ն…

Երկրագնդի տարբեր ծագերում սփռված հայության համար ահա արդեն  5 տարի հարազատ դարձած ազգային մի հրաշալի կառույց,  աշխարհասփյուռ  հայության միասնականության  համար խիստ կարևոր նշանակություն ու դերակատարում  ունեցող, մայր հայրենիքում գործող պետական  մի  ծանրակշիռ գերատեսչություն, որի՝ հանուն հայության  բարի գործոց  համբավն արդեն վաղուց տարածվել է  աշխարհով մեկ ու իր հանդեպ մեծ սեր ու մեծ համակրանք, մեծ վստահություն  շահել:

Մի քանի օրից լրանում է ՀՀ Սփյուռքի նախարարության  5-ամյակը…Թվում է՝ դեռ մանուկ է նա… եթե նայենք տարիքին…Սակայն հայտնի ճշմարտություն է, որ լինում են նաև հանճարեղ մանուկներ… Սփյուռքի նախարարությունն այդ հանճարեղներից է… Ընդամենը 5 տարի, սակայն համարձակ կարելի է ասել, որ 50 տարում էլ գուցե հնարավոր չլիներ անել այն, ինչը  5 տարում արեց Սփյուռքի նախարարությունը՝ ի դեմս իր տաղանդաշատ ու գործունյա, բանիմաց ու արհեստավարժ,  մարդկային սրտեր  կամրջող նախարարի՝ տիկին Հրանուշ Հակոբյանի…Եվ բոլոր բարի գործերը, որ  իր հիմնադրման առաջին իսկ օրից նախաձեռնեց ու կարճ ժամանակահատվածում կենսագործեց  նախարարությունը՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ու ՀՀ կառավարության, վարչապետ Տիգրան Սարգսյանի աջակցությամբ, դարձան այն ամուր ու անսասան կամուրջի հիմնաքարերը,  որն այսօր կապում է իրար մայր հայրենիքն ու սփյուռքը…Ու տուն կանչեց, հայրենի տուն կանչեց իր զավակներին Սփյուռքի նախարարությունը,  ու «Արի տուն» ծրագրի սրտալի կոչով  5 տարի շարունակ, խումբ առ խումբ  հայրենակարոտ երիտասարդներ ու պատանիներ են  ահա գալիս Հայաստան,  հայ զգում իրենց, ուժ առնում Հայաստանից, ճանաչում  ու սիրում Հայաստանը՝ իրենց տունը, իրենց վերջին հանգրվանը..

Երիտասարդներից բացի տարբեր երկրներում ապրող  ստեղծագործող մտավորականության՝ գրողների, լրագրողների, ճարտարապետների, նկարիչների,  երգիչ-երգահանների ուսուցիչների, բժիշկների խմբեր են գալիս Հայաստան, համաժողովների են  հավաքվում, տարբեր ծրագրեր ներկայացնում  ու իրագործում Հայաստանում ու արտերկրում՝ ի նպաստ հայապահպանության…Ու նրանց բոլորին քաջալերում- ոգևորում ու  ու աջակցում է Սփյուռքի նախարարությունը..

Եվ ոչ միայն ամենատարբեր այս համահայկական ծրագրեը… Հապա հանդիպումներն ու հրավերնե՞րը, հապա անվանի հայերին տրված ամենատարբեր գնահատականներ՞ը, որոնք  ավելի են թևավորում ու լիցքավորում մայր հայրենիքից դուրս ապրող հայերին…Հապա այն բոլոր նյութական աջակցություննե՞րը, որ տրվում են Հայաստանից դուրս գործող, հայապահպան գործի նվիրյալ կրթօջախներին,  մշակութային օջախներին՝ օգնելու նրանց հայ մնալ, հայ արմատներին, հայոց ոգուն, հայոց համատեղ գործին նվիրված հայ… Ես  անձամբ ինչպե՞ս կարող եմ շնորհակալ չլինել թե՛ «Կամուրջ» տարեգրքին  (որի գլխավոր  խմբագիրն եմ) տրվող նյութական աջակցության համար, թե՛ «Վրաստան» թերթին (որտեղ լրագրող, բաժնի վարիչ եմ աշխատում), թե՛ «Վերնատուն» գրողների միությանը, որի  վարչության անդաներից եմ…

Հապա «Հայերն այսօր» էլեկտրոնային թե՞րթը, որը  հայելին է այսօր  դարձել համայն հայության կյանքի, նրանց ձեռքբերումների ու հաղթանակների, ինչու չէ՝ նաև բազում ու բազմապիսի հիմնախնդիրների..

Հապա հրատարակված  արժեքավոր գրքերը, տեղեկատու ձեռնարկները, Ցեղասպանության պատմությանը վերաբերող արժեքավոր հրատարակությունները…

Անհնար   է պարզապես չտեսնել այս ամենը..Անհնար է  մարդ լինել, հայ լինել ու չտեսնել ու չուրախանալ..Անհնար է չտեսնել ու չհպարտանալ…Անհնար է  սրտի ու հոգու մեջ չզգալ բոլորիս հարազատ այնքան ու այնքան նվիրված Սփյուռքի նախարարությունը՝ իր բոլոր բաժիններով ու ենթաբաժիններով հանդերձ…Անհնար է չասել, թե  ինչ մեծ ուժ է այսօր այս նախարարությունը, ինչպես է հոգում վասն հայության ու ինչ ջերմ սիրտ ունի նա… Անհնար է չտեսնել այն լույսը, որն ինչպես փարոսից, գալիս է  Սփյուռքի նախարարությունից …Վերջապես անհնար է  ունենալ սփյուռքի նախարարություն և  հայ չմնալ, ավելին՝ եթե հեռացել ես արմատներից քո, նորից չվերադառնաս դրանց ու հայ վերստին չդառնաս…

Շնորհակալությո´ւն  ձեզ , նախարարության  սիրելի´ աշխատակիցներ…

Շնորհակալությո´ւն ձեզ, Կովկասի տարածաշրջանի, ի մասնավորի Վրաստանի հետ կապերի բաժնի  հարազատ աշխատակիցնե´ր…

Շնորհակալությո´ւն Ձեզ, մեծարգո տիկի´ն նախարար, որ հոգով- սրտով,  Ձեր ողջ էությամբ նվիրվել եք աշխարհասփյուռ հայությանն ու ծառայում եք նրան…

Շնորհավո´ր  փառավոր  5 –ամյակ. գեղեցիկ տոնդ շնորհավո´ր..

 Հուսալի գալիքն առջևում է, քանզի ներկան է փայլուն ու հարուստ, ու Սփյուռք-Մայր հայրենիք երթևեկն է մշտաշարժ ու մշտանորոգ:

   Խորին հարգանոք, հավատով ու բարի մաղթանոք՝

ԱՆԱՀԻՏ ԲՈՍՏԱՆՋՅԱՆ

«Կամուրջ» տարեգրքի  գլխավոր խմբագիր և համանուն ՀԿ նախագահ, բանաստեղծ, թարգմանիչ, հրապարակախոս, լրագրող

Վրաստան, Թբիլիսի

 

Scroll Up