Ռումինահայ համայնքը խստորեն դատապարտում է Ադրբեջանի ագրեսիան

Ապրիլի 4-ին ռումինահայ համայնքը տարածել է հայտարարություն, որով խստորեն դատապարտում է Լեռնային Ղարաբաղի դեմ աննախադեպ ագրեսիան:

Ռումինիայի իշխանություններին ուղղված Ռումինիայի Հայոց միության եւ Ռումինահայոց թեմի համատեղ հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.

«Ռումինիայի հայ համայնքը խորը անհանգստություն է հայտնում եւ խստորեն դատապարտում ս.թ. ապրիլի 2-ին սկսած եւ մինչեւ օրս շարունակվող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմաների ամբողջ երկայնքով օդային զինուժի, ծանր հրետանու և զրահամեքենաների կիրառությամբ Ադրբեջանի լայնամածավալ ռազմական հարձակումները, որոնք աննախադեպ էին 1994թ. հաստատված հրադադարից ի վեր:

Հարձակումների զոհ են դարձել եւ վիրավորվել տասնյակ զինվորականներ եւ քաղաքացիական անձինք, որոնց մեջ նաեւ երեխաներ: Այս առիթով Ռումինիայի Հայոց միությունը եւ Հայոց թեմը խորը վշտակցությունն են հայտնում անմեղ զոհերի հարազատներին ու մերձավորներին և կիսում կորուստի ցավը:

Ցավով պետք է արձանագրել, որ միջազգային հանրությունը ցայսօր Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն անդրադառնալիս գերադասել է հավասարության նշան դնել կողմերի միջև, խուսափել է հասցեական քննադատությունից և զլացել է զսպվածության հաստատակամ կոչեր անել Ադրբեջանին` վերջինիս մոտ ստեղծելով իր ցանկացած գործողությունների ամենաթողության տպավորություն: Անտես է առնվել այն հանգամանքը, որ հենց Ադրբեջանի ղեկավարությունն է մշտապես ու հետևողականորեն հանդես եկել ռազմատենչ հռետորաբանությամբ, պատերազմական կոչերով, ռասիստական և հայատյաց քարոզով` օգտագործելով, այդ թվում, նույն միջազգային հարթակները:

Ուստի կոչ ենք անում հայրենի Ռումինիայի իշխանություններին, եվրոպական և միջազգային մարմիններին վճռականորեն դատապարտել Ադրբեջանի սադրիչ գործողությունները` մարդկային տասնյակ ու հարյուրավոր կյանքերի կորստյան համար, այդ թվում` քաղաքացիական խաղաղ բնակչության շրջանում:

Ստալինյան կամայական որոշմամբ Ադրբեջանին բռնակցված Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն ազատ ապրելու իր որոշումը կայացրել է 25 տարի առաջ` հենվելով միջազգային իրավունքի հիմնարար սկզբունք հանդիսացող ժողովուրդների ազատ ինքնորոշման իրավունքի վրա:

Ուստի Ռումինիայի Հայոց միությունը եւ Հայոց թեմը, ամբողջ ռումինահայ համայնքը զորավիգ է Լեռնային Ղարաբաղի ինքնիշխան Հանրապետությանն ու նրա ժողովրդին հանուն ազատության նրա պայքարում և խաղաղ, անվտանգ ու բարեկեցիկ երկիր կառուցելու ջանքերում»:

Ռումինահայոց թեմն ու Ռումինիայի Հայոց միությունը զորակցության կոչերով դիմել են նաեւ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի հոգեւոր եւ աշխարհիկ բարձրագույն իշխանություններին»:

Scroll Up