«Ցանկությունս է, որ բոլորը գան և շենացնեն մեր հայրենիքը». Սեթրակ Արփի

Սեթրակ Արփին հինգ տարեկան էր, երբ ընտանիքը Իրաքից եկավ Հայաստան: Հիմա նա ապրում և սովորում է հայրենիքում. ապագա լրագրող է: «Հայերն այսօրի» թղթակիցը  Արփի Սեթրակի հետ զրուցել է նախնիների, իրաքյան մանկության,  հայաստանյան իրականության մասին է:

-Արփի՛, որտեղի՞ց են քո նախնիները, ի՞նչ ճանապարհ են անցել և ինչպե՞ս են հաստատվել Իրաքում:

– Հայրիկիս նախնիները մշեցի են և զեյթունցի, իսկ մայրիկիս ընտանիքը Իրանից եւ Յոզղատից: Գաղթի տարիներին ճանապարհը պապիկիս հասցրել է Իրաք: Այստեղ էլ նա ամուսնացել է և ընտանիք կազմել, ինչպես հետագայում և ծնողներս: Ես ու քույրիկս ծնվել ենք Իրաքում:

Հայրս մասնագիտությամբ երկրաբան է, մի քանի տարի աշխատել է մասնագիտությամբ, հետո պատերազմական տարիներին, քանի որ դժվար էր աշխատանք գտնելը՝ զբաղվել է ոսկերչությամբ: Մայրս աշխատում էր Իրաքի Հայոց առաջնորդարանում:

-Ինչպե՞ս է անցել երկու քույրիկների մանկությունը Իրաքում:

– Փոքր եմ եղել, շատ բան չեմ հիշում իրաքյան մանկությունիցս, միայն հիշում եմ, որ շատ չարաճճի և հետաքրքրասեր երեխա եմ եղել: Սիրել եմ նկարել, երգել ու պարել: Քանի որ բարդ է օտար միջավայրում պահպանել հայկականությունը, ծնողներս ինձ և քրոջս ուղարկել են հայկական կիրակնօրյա դպրոց: Հաճախել ենք նաև հայկական երգի-պարի խմբակ, որպեսզի կարողանայինք պահպանել մեր հայկական արմատները և հայկական ոգով մեծանայինք:

Իրաքում ես վեց ամիս էլ հաճախել եմ մանկապարտեզ. հետո սկսվեց պատերազմը, և մանկապարտեզները փակվեցին: Քույրիկս՝ Այգը, ավարտական դասարանում էր, երբ մենք եկանք Հայաստան: Նա այստեղ շարունակեց ուսումը: Քույրիկս մասնագիտությամբ լեզվաբան և արևելագետ է:

Ես շատ շնորհակալ եմ ծնողներիս, որ մեզ հայ են մեծացրել, ու մենք հիմա Հայաստանում ենք:

– Արփի՛, սովորում ես Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետում: Ինչու՞ ընտրեցիր այս մասնագիտությունը:

– Ինձ միշտ հետաքրքրել է, թե լրագրողներն ինչպես են աշխատում, ռեպորտաժներ, հարցազրույցներ պատրաստում: Միշտ սիրել եմ լինել տեղակատվության կենտրոնում: Լրագրությունն ինձ համար ամենահոգեհարազատ մասնագիտությունն է, և չեմ պատկերացնում ինձ այլ ոլորտում:

Երբ նոր էի ընդունվել, վախենում էի, որ կհիասթափվեմ այս մասնագիտությունից, բայց հիմա ավելի շատ եմ ուզում լավ լրագրող լինել:

– Կպատմե՞ս, թե ինչպես հայտնվեցիր «Գարեգին Նժդեհ»  ֆիլմում:

-Նոր էր սկսվել «Գարեգին Նժդեհ» ֆիլմի նկարահանումները: Ինձ ընկերուհիներիցս մեկը զանգահարեց և ասաց,  որ հարկավոր է մեկը, որը կհնչունավորի արևմտահայերենով խոսող երեխային: Ֆիլմում նկարահանվող երեխան յոթ տարեկան էր և չէր կարողացել արևմտահայերեն խոսել:

Մեծ պատասխանատվություն զգացի, երբ իմացա, որ պետք է աշխատեմ ռեժիսոր Հրաչ Քեշիշյանի հետ, բայց նրա հետ աշխատելը շատ հետաքրքիր էր ու հաճելի: Մենք աշխատեցինք անմիջական ու ջերմ մթնոլորտում: Շատ  ուրախ եմ, որ հենց այդ ֆիլմում կա իմ ձայնը, որովհետև իսկապես շատ լուրջ ու մեծ ֆիլմ է: Ես հպարտություն եմ զգում, որ մեր մեծ զորավար Գարեգին Նժդեհի մասին պատմող ֆիլմում կա իմ փոքրիկ ներդրումը:

-Ինչպե՞ս ես քեզ զգում Հայաստանում:

– Հայաստանում օրերս շատ ակտիվ ու հագեցած են անցնում:  Այստեղ մանկապարտեզ եմ գնացել, դպրոց: Այստեղ է իմ շրջապատը ձևավորվել: Հիմա համալսարանում եմ սովորում՝ շատ ջերմ ու ընկերական մթնոլորտում: Համալսարանում ինձ այնքան լավ եմ զգում, որ հաճախ տուն գնալու ցանկություն չի լինում: Անդամակցում եմ ԵՊՀ «Վարդանանք» ռազմահայրենասիրական դաստիարակության ակումբին, մասնակցում եմ ազատամարտիկներին նվիրված տարբեր միջոցառումների:

Ի՞նչ խորհուրդ կտաս օտարության մեջ ապրող քո հայ հասակակիցներին:

– Խորհուրդս մեկն է, որ գան Հայաստան, որովհետև Հայաստանը բոլորիս տունն է: Օտարության մեջ մենք մեզ «կիսատ» ենք զգում. որքան էլ աշխատենք, սովորենք, միևնույնն է՝ օտարությունն ամենուր քեզ ուղեկցում է: Իսկ հայրենիքում մեր ոտքը ամուր դնում ենք գետնին ու գիտենք, որ սա մերն է: Ինչ էլ լինի, ուր էլ գնանք՝ ունենք հայրենիք: Ցանկությունս է, որ բոլորը գան և շենացնեն մեր հայրենիքը:

Տաթև Դավթյան

Արփի1Արփի4 Արփի5

Scroll Up