Հայաստանի գյուղերում ապրող մարդիկ հերոսներ են

7

Շվեդաբնակ մեր հայրենակիցները` Լորանս Շառոյանը և Կարեն Հարությունյանը, հատուկ առաքելությամբ են գտնվում Հայաստանում. շրջելով Հայաստանի գյուղերով` այցելում են կարիքավոր ընտանիքներին` հասկանալու համար, թե ինչով կարող են օգնության ձեռք մեկնել նրանց և ասելու ամենակարևորը, որ միայնակ չեն իրենց խնդիրների մեջ:

«Հայերն այսօրի» հետ զրույցում տեղեկացրին, որ ծրագիրը «Շտապ օգնություն, Հայաստան» բարեգործական ֆոնդի շրջանակներում է իրականացվում, որին միացել է Շվեդիայի հայ համայնքը, և ոչ միայն…

– Ի՞նչը Ձեզ մղեց, որ նման նախաձեռնությամբ հանդես գաք: 

Կարեն Հարությունյան-Նախաձեռնության հեղինակը ես եմ: Տասներկու տարի ապրելով օտարության մեջ՝ ցանկանում էի ուժերիս ներածին չափով օգնել Հայաստանի գյուղերի կարիքավոր ընտանիքներին, որպեսզի խղճիս առջև ինձ հանգիստ զգայի: Դեռևս անցյալ տարվանից է մեկնարկել ծրագիրը: Գալով Հայաստան՝ այցելեցի իմ ծննդավայր Գյումրի, որտեղ հանդիպեցի երեք ընտանիքների: Նրանց փոխանցեցի սնունդ, առաջին անհրաժեշտության կենցաղային ապրանքներ, երեխաներին հագուստ, խաղալիք և այլն: Ասեմ, որ նախապես հետաքրքրվում ենք, թե ինչի կարիք ունեն ընտանիքները և նոր միայն կողմնորոշվում գնումների մեջ:

Լորանս Շառոյան-Ցանկանում ենք այս քայլով Շվեդիայի հայ համայնքին իրազեկել, որ Հայաստանում շքեղ ռեստորանների, սրճարանների և ժամանցի այլ վայրերի կողքին սոցիալապես անապահով ընտանիքներ են ապրում, որոնց նեցուկ լինելու անհրաժեշտություն կա: Գիտենք, որ աշխարհի տարբեր երկրներից հայերն  օգնություն ուղարկում են: Շվեդիայի հայ համայնքն աշխույժ չէր այս հարցում: Ուստի որոշեցինք շվեդահայերին խանդավառել այս գաղափարով  և ներգրավել մեր շարքերը:

Բարեգործական ֆոնդը «Շտապ օգնություն, Հայաստան» է կոչվում: Արդեն դիմել ենք Շվեդիայի պետությանը, որպեսզի մեր գործունեությունն օրինականացնող համապատասխան փաստաթղթեր տրամադրի: Առայժմ թիրախում գյուղերն են: Հետագայում կփորձենք նաև մտածել Հայաստանում հաստատված սիրիահայերին և Արցախի ընտանիքներին ծրագրում ընդգրկելու մասին:

6

– Հաջողվե՞ց շվեդահայերին ոտքի հանել:

Կարեն Հարությունյան-Իհարկե: Նախորդ այցելությունների ժամանակ նկարահանել էինք այդ ընտանիքների կենցաղային պայմանները, և տեղեկատվական հոլովակները տարածել սոցիալական ցանցերով: Արձագանքները չուշացան: Գումարներ սկսեցին փոխանցել անհատներ, տարբեր կազմակերպություններ, միություններ, նույնիսկ շվեդները միացան ակցիային, ինչից շատ ոգևորվեցինք: Գումարի չափը բոլորովին նշանակություն չունի, կարևորը մարդասիրության և հոգատար վերաբերմունքի դրսևորումն է:

Բոլոր աջակիցներին կարող ենք վստահեցնել, որ փոխանցված գումարները չեն կորչում, քանի որ ճիշտ ճանապարհով հասնում են «հասցեատերերին» և նպատակին ծառայում:

 – Ինչպե՞ս  սկիզբ  առավ  Ձեր  համագործացությունը:

Լորանս Շառոյան-Ճանաչում էի Կարենին, գիտեի, որ նման բարեգործական ծրագիր է իրականացնում:

2015 թվականի ապրիլի 24-ին` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի օրը, Կարենը եկավ եկեղեցի և ասաց, որ ցանկանում է նոր թափ հաղորդել ծրագրին: Քանի որ ես էլ նման մտադրություն ունեի, հավանություն տվեցի, որից հետո նվիրվեցինք այս կարևոր գործին: Մենք որևէ միության, խորհրդի, կուսակցության անդամագրված չենք: Այս ամենն իբրև հայ մարդիկ ենք իրականացնում, որոնք սրտացավ են Հայաստանի համար:

-Մինչև այժմ  ո՞ր մարզերում եք եղել:

Կարեն Հարությունյան– Որոշել ենք առանց որևէ տարանջատման ուշադրության կենտրոնում պահել Հայաստանի բոլոր մարզերը: Այս այցելության ընթացքում եղանք Արարատի մարզի Դարակերտ և հարակից այլ գյուղերում, ինչպես նաև Գեղարքունիքի մարզի Վահան գյուղում:

Լորանս Շառոյան-Վահան գյուղում հինգ ընտանիքի այցելեցինք: Ընտանիքներից մեկի համար, օրինակ՝ կով գնեցինք, որը, կարծում եմ` խիստ նպատակային էր: Մյուսներին, ըստ անհրաժեշտության,  սննդամթերք,  հագուստ,  դեղորայք և այլ պարագաներ տվեցինք:

Գնացինք նաև գյուղապետարան: Խոսելով աշխատակիցների հետ՝ պարզեցինք, որ մանկապարտեզը վերանորոգման կարիք ունի, եկեղեցի կառուցելու անհրաժեշտություն կա և այլն: Փորձելու ենք առաջադրած բոլոր խնդիրներին հնարավորության սահմաններում լուծում տալ:

Իսկ ընտանիքներին գտնում ենք հարցուփորձի միջոցով: Նախ համոզվում ենք, որ նրանք, իրոք, օգնության կարիք ունեն, թե ոչ, ապա նոր հանձն ենք առնում մնացած քայլերն իրականացնել:

Ուզում եմ հիացումս արտահայտել Հայաստանի գյուղերում ապրող մարդկանց մասին: Նրանք, իսկապես, հերոսներ են. այդ դժվարին պայմաններում ապրելով հանդերձ`շարունակում էին ժպտալ մեզ և լավատեսությամբ լցվել: Իսկ երբ հարցնում էինք, թե արդյոք չէին ցանկանա այլ վայրում ապրել, նրանք անհողդողդ պատասխանում էին, որ ինչ էլ լինի,  երբեք չեն հեռանա իրենց բնակավայրից:

2

Կարեն Հարությունյան– Երբ մտնում էինք նրանց բնակարաններ՝ անակնկալի էին գալիս, չէին պատկերացնում, որ Շվեդիայից իրենց կարող են հիշել և այցելության գալ: Հեռանալով այդ ընտանիքներից՝ հոգեպես հանգիստ ենք զգում, որ կարողացանք ինչ-որ կերպ թոթափել նրանց հոգսը և ժպիտներ պարգևել: Պետք է տեսնեիք երեխաների՝ ուրախությունից փայլող աչքերը, երբ իրենց երազած խաղալիքը կամ հագուստն էին ստանում: Մի ամբողջ աշխարհ արժի դա:

Առաջիկա օրերին հերթական ընտանիքներին Սուրբ Զատիկին ընդառաջ օգնություն կտրամադրենք, որպեսզի բարձր տրամադրությամբ նշեն բոլորիս համար այդչափ կարևոր տոնը:

Shvedia...

-Իսկ ինչո՞վ եք զբաղվում Շվեդիայում:

Կարեն Հարությունյան- Ես դերասան եմ: Նկարահանվում եմ SketchShow ժանրում: Սկզբում երեք ընկերներով «Råggywood» խումբն էինք կազմել: Պարզապես սիրողական մակարդակով հումորային տեսանյութեր էինք նկարահանում և տեղադրում Youtube-ում, ինչն էլ մեզ մեծ ճանաչում բերեց: Այնուհետև Շվեդիայի «SVT1» հեռուստաընկերության հետ համագործակցությամբ՝ հումորային ֆիլմ նկարահանեցինք: Ֆիլմում նաև հայկական հումորի առանձնահատկություններն ենք ներկայացրել: Սակայն խումբը այլևս չի գործում, այժմ մենակ եմ գործունեություն ծավալում` նկարահանելով «Karen Show» հումորային հոլովակները:

Լորանս Շառոյան–Գործուն մասնակցություն ունեմ համայնքային կյանքում՝ փորձելով իմ ավանդն ունենալ հայապահպանությանն ուղղված տարբեր ծրագրերում: Սյոդերթելյեի հայկական Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու խորհրդի անդամ եմ: Տասնհինգ տարի առաջ եմ Սիրիայի Կամիշլի քաղաքից Շվեդիա տեղափոխվել:

Համայնքի համար հատկանշական էր 2015 թվականի աշնանը Սյոդերթելյե քաղաքում Սուրբ Մարիամ Աստվածածին հայկական առաջին եկեղեցու բացումը,  որն ավելի համախմբեց  շվեդահայերին:

Ի դեպ, հայերի հոծ զանգված է նկատվում մայրաքաղաք Ստոկհոլմում, Ուպսալա և Սյոդերթելյե քաղաքներում: Վերջին շրջանում Սիրիայում տիրող պատերազմից հետո Շվեդիայում շատ սիրիահայեր են հաստատվել: Նաև հայաստանցիներն են մշտական բնակության գալիս:

Առհասարակ, տեղի հայերով միշտ առաջ ենք սլանում՝ չընկրկելով դժվարություններից:

Գևորգ Չիչյան

 4 5