ՀՀ սփյուռքի նախարարի շնորհավորական նամակը Մարի Փափազյանին Կալիֆորնիայի Սան Խոսե համալսարանի ռեկտորի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ

ԿԱԼԻՖՈՐՆԻԱՅԻ ՍԱՆ ԽՈՍԵԻ

ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ՆԱԽԱԳԱՀ 

ՊՐՈՖԵՍՈՐ ՄԱՐԻ ՓԱՓԱԶՅԱՆԻՆ

 Հարգելի´ տիկին Փափազյան,

 Ուրախությամբ և հպարտության անսահման զգացումով եմ շնորհավորում Ձեզ Կալիֆորնիայի Սան Խոսեի համալսարանի նախագահի պաշտոնում ընտրվելու առիթով: Սա մեծ պատիվ է ոչ միայն Ձեր, այլև ողջ հայ ժողովրդի համար:

 Սան Խոսեի համալսարանի 160-ամյա պատմության մեջ Դուք երրորդ կին ղեկավարն եք: Նախկինում լինելով Հարավային Կոնեկտիկուտի պետական համալսարանի ռեկտոր՝ Դուք արդեն իսկ հասցրել էիք աչքի ընկնել Ձեր ղեկավարման ձիրքով: Իսկ եթե նկատի առնենք նաև, որ Միացյալ Նահանգներում Դուք այլ պաշտոններ եք զբաղեցրել, ունեք դասավանդման 25 տարվա փորձ, ապա վստահաբար պետք է ընդգծենք, որ Ձեր այս նոր պաշտոնը Ձեր գործունեությանը տրված գնահատականն է, Ձեր գիտելիքներին, կառավարման հմտություններին, կազմակերպական ջիղին ու ստեղծագործական ներուժին, ինչպես նաև մարդկային համակրելի, վստահելի տեսակին տրված գնահատականը:

 Կասկած չունեմ, որ Ձեր շնորհիվ հեռավոր Ամերիկայի կրթական ամենակարևոր օջախներից մեկում նոր ձեռքբերումներ ու նվաճումներ պիտի արձանագրվեն, միաժամանակ հուսով եմ, որ Դուք Ձեր գործունեությամբ պիտի նպաստեք Հայրենիքի հետ կապի ամրապնդմանն ու համատեղ իրագործման կրթական ծրագրեր կյանքի կոչեք:

 Կրկին շնորհավորելով, փոխանցելով Ձեզ ՀՀ սփյուռքի նախարարության ամենա-ջերմ բարեմաղթանքները՝ Ձեզ հետ համագործակցելու մեր պատրաստակամությունն եմ հայտնում և ամուր սեղմում Ձեր ձեռքը:

 Բարի երթ և հաջող ընթացք բոլոր ձեռնարկներում:

 Սիրով սպասում եմ Ձեզ Մայր Հայրենիքում սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյա տարեդարձի օրերին:

ՀԱՐԳԱՆՔՈՎ ԵՎ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՄԱՂԹԱՆՔՆԵՐՈՎ՝

 ՀՐԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆ 

Scroll Up