Պետք է հողին տեր կանգնել ու շենացնել երկիրը. սիրիահայ Ասմարյանների վերագտած հաջողությունն Արցախում

սիրիահայ Ասմարյաններ

Սիրիահայ հայրենադարձ եղբայրներ Հովհաննես և Վրեժ Ասմարյաններն Արցախում հաստատվել են 4 տարի առաջ: Վրեժ Ասմարյանը պատմում է, որ հայրենիքում հաստատվելու գաղափարը ծագել էր դեռևս 2010 թվականին, սակայն Սիրայում սկիզբ առած պատերազմն արագացրել է դեպքերի ընթացքը:

«Սկզբում ցանկանում էինք Երևանում հաստատվել, սակայն այն բուսաբուծական գործունեությունը, որ ցանկանում էինք ծավալել, համապատասխան բնակլիմայական պայմաններ էր պահանջում, և առաջարկ եղավ փորձել Արցախում: Այստեղ գալով՝ շատ ջերմ ընդունելություն գտանք՝ թե՛ բնակչության և թե՛ կառավարության կողմից: Սկզբում ուսումնասիրեցինք Արցախի տարբեր շրջանների բնակլիմայական պայմանները, տեղից վերցված հողի նմուշն ուղարկեցինք Սիրիա՝ փորձաքննության, և դրական պատասխան ստանալով` ձեռնամուխ եղանք Արցախում առաջին անգամ ցիտրուսային և այլ պտղատու նոր ծառատեսակների մշակմանը:

Երբ բերեցինք ծառերի առաջին խմբաքանակը, մի մասն օգտագործեցինք մոտ 15 հեկտարի հասնող այգի հիմնելու նպատակով, իսկ ցիտրուսային ծառատեսակներն առայժմ գտնվում են ջերմոցներում, որտեղ կարողացել ենք դրանց ցրտադիմացկունությունը 0-ից հասցնել -4 աստիճանի: Ի դեպ, մեր երկու ջերմոցներում պահվում են նաև պտղատու կակտուսի, եղևնու և արդյունաբերական վարդի տեսակներ: Մասնավորապես կակտուսները, որոնք արդեն վաճառքում են, կարող են օգտագործվել ինչպես դեղագործության, այնպես էլ կոսմետիկա պատրաստելու նպատակներով:

Նպատակ ունենք այս տարի ցիտրուսային ծառատեսակները դուրս բերել ջերմոցներից և հաջողություն ունենալու դեպքում Արցախում հիմնել նախադեպը չունեցող ցիտրուսային այգի: Հատկանշական է, որ ցիտրուսային ծառատեսակները՝ մասնավորապես կիտրոնն ու նարինջն, արդեն հաջորդ տարվանից կսկսեն բերք տալ: Ցավոք, նախորդ տարիներին մեր հիմնած կիվիի տնկիները ջրի պակասի և ուժեղ ցրտերի պատճառով վնասվեցին, սակայն կիվիի մշակման առումով աշխատանքները կշարունակենք, քանի որ, արտեզյան ջրհոր ենք փորել և ծառերի ոռոգումը կատարում ենք կաթիլային եղանակով: Հիմնել ենք նաև ձիթենու և պարսկական դեղձի այգիներ:

Մասնավորապես՝ տնկված մոտ 600 ձիթենու ծառերը, որոնք արդեն հարմարվել են տեղի բնակլիմայական պայմաններին ու հողին, բերք են տալու 3 տարի հետո միայն: Ձիթապտղի աճեցման մեր հեռահար նպատակն այն տեղում վերամշակելն է՝ հիմնականում պահածո և ձեթ արտադրելու համար: Հողագործությամբ, այգեգործությամբ զբաղվողը պետք է ունենա ամեն ինչ, իսկ առաջարկի դեպքում պահանջարկն էլ կավելանա:

Այդ դեպքում հնարավոր է նաև մտածել բերքն արտահանելու մասին: Իրացման առումով խնդիրն էլ այն է, որ պետք է այգու և ջերմոցի գործերը կիսատ թողած գտնել գնորդներ, տեխափոխել ու հանձնել նրանց: Դրա համար էլ որոշեցինք մեր գործունեությունը կենտրոնացնել հիմնականում Սիրիայից տարբեր ծառատեսակների տնկիների ներկրման, բազմացման ու վաճառքի ուղղությամբ: Սիրիայում պատերազմական դրության պատճառով, այդ տնկիները մեծ դժվարությամբ ենք ձեռքբերում: Շատ հաճախ վտանգելով կյանքը, զինված ստիպված ենք լինում անցնել ռազմական գործողությունների վայրերով: Պատերազմի պատճառով էլ նյութական մեծ վնասներ ենք կրել, քանի որ, Սիրայում գտնվող մեր տնկիների պահեստները թալանվել էին: Գալով Արցախ, սկզբում մտավախություն կար, որ բիզնեսի առումով հաջողություններ չենք ունենա, քանի որ գործարարության մեջ, հատկապես առաջարկի և պահանջարկի առումով, տեսական ու գործնական հաշվարկները շատհաճախ չեն համընկնում: Սակայն օրերս ներկրած պտղատու ծառերի վերջին խմբաքանակի մի մասը՝ թթենու շուրջ 20 հազար ծառ, բերել ենք պետպատվերի շրջանակներում:

Սիրիայից ներկրել ենք նաև մոտ 13 հազար խնձորի, դեղձի և ծիրանի ծառերի նոր տեսակներ: Դրանց մշակումը հաջողություն ունեցավ՝ պտղատու ծառերի խմբաքանակը հասցնելով 30 հազարի: Այժմ հողամասում և ջերմոցներում շուրջ 30 աշխատող ունենք՝ 4000-5000 դրամ օրավճարով: Երբ մեր բոլոր ծրագրերը կյանքի կոչվեն, անշուշտ, կավելանա նաև աշխատատեղերի թիվը: Համոզված ենք, որ մարդիկ, տեսնելով, որ մենք առատ բերք ենք ստանում, կքաջալերվեն, և իրենք էլ ձեռնամուխ կլինեն մեր առաջարկած ծառատեսակների մշակմանը: Մենք փորձում ենք գործարար կապեր ստեղծել հնարավորինս շատ երկրների հետ, որպեսզի կարողանանք շատ նորություններ ներմուծել հայրենիք: Արտահանելու առումով առանձին ծրագրեր կան, սակայն դեռ վաղ է խոսել այդ մասին, քանի որ դրա համար պետք է ունենալ ամեն ինչ, որպեսզի կարողանանք ապահովել մեծ պահանջարկ»,- նշեց Վրեժ Ասմարյանը: Սիրիայում մոտ 4000 հեկտար հողատարածքի վրա գարու և ցորենի մշակությամբ զբաղվող Ասմարյան եղբայրները պատերազմի հետևանքով կորցրել են ամեն ինչ և, նորը որոնելով հայրենի եզերքում, հաստատվել են Արցախում և վերագտել իրենց հաջողությունը՝ ապացուցելով, որ աշխատող մարդու համար հարենիքը կարող է լինել հուսալի հենարան:

«Արցախում մենք շատ ջերմ ընդունելություն տեսանք: Ամեն ինչ նման է այն ժամանակներին, երբ բազմաթիվ սփյուռքահայեր պատերազմի ժամանակ եկան Արցախ և միահամուռ պապերի երազած հաղթանակը կերտեցին: Մեր պատերազմն էլ տնտեսական է, և պետք է փորձենք հողին տեր կանգնել ու շենացնել մեր երկիրը, որպեսզի օտարներն այլևս նկրտումներ չունենան մեր հայրենիքի նկատմամբ»,- եզրափակեց մեր հերոսը: