«Մենք անգամ օտար միջավայրում մեր արմատներից ենք սնվել». Լենա Շամլյան

Լենա Շամլյանը Հալեպում երկու աշխատանք ուներ՝ դպրոցում էր դասավանդում և զբաղվում սեփական բիզնեսի գործերով: Սակայն խաղաղ ու հանգիստ կյանքը մեկ օրում աննկարագրելիորեն փոխվեց. պատերազմը մտավ նրանց տները:

Թողնելով ծննդավայրը, հարազատներին, սիրելի Հալեպը՝ տիկին Լենան տեղափոխվեց ոչ պակաս սիրելի հայրենիք: «Հայերն այսօրի» թղթակիցը սիրիահայ կնոջ հետ խոսել է հալեպյան ջերմ միջավայրի, Արևմտահայաստանից ժառանգած ավանդույթների ու ներկայի մասին:

Տիկի´ն Լենա, չգիտեմ մի սիրիահայի, լինի Հալեպից, Դամասկոսից, թե Լաթաքիայից, որ հատկապես հենց հալեպյան միջավայրը չսիրի: Ասում են՝ այն յուահատուկ մշակույթ ու հետաքրքիր առանձնահատկություններ ունի: Պատմեք մի փոքր այդ մասին:

-Այո´, Հալեպը ուրիշ է: Անգամ հիմա, երբ պատերազմը քանդել է ամեն ինչ, հողին հավասարեցրել երբեմնի կենսունակ ու գեղեցիկ քաղաքը, Հալեպը էլի ուրիշ է մնում: Սա փոխադարձ հարգանքի ու ջերմության քաղաք է, որտեղ երկար ժամանակ մուսուլման ու քրիստոնյա, արաբ, հայ ու տարբեր ազգեր ապրել են միասին խաղաղ ու արարող կյանքով:

Մեզ հատկապես հարգում էին մեր աշխատասիրության ու պատմության համար: Կարևոր գործերը վստահում էին հայերին, մեր վարպետները քաղաքով մեկ ճանաչված էին, որոշակի աստիճանի էինք հասել բոլոր ոլորտներում: Ստեղծել էինք հայկական մի բարի ու գեղեցիկ մթնոլորտ, դարձել Հալեպի սիրտը:

Հարգում էին մեր կրոնը, մենք էլ՝ իրենցը: Տեղացիները մեզ երբեք չեն խանգարել: Ունեինք հայկական եկեղեցիներ, դպրոցներ, վարժարաններ, նշում էինք մեր տոները, փորձում հայկականության շունչ հաղորդել Հալեպին: Այդպես էլ կար: Սակայն ավաղ ամեն ինչ գլխիվայր փոխվեց: Հիմա հայկական եկեղեցիները քանդված են, պահպանվել է միայն Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին: Սակայն կան վայրեր մեր ծննդավայրում, որտեղ հիմա անգամ կյանքի նշույլ չկա: Ցավը անսահման է: Մեր հանգիստ ու գեղեցիկ կյանքի համար շատ մեծ տուրք վճարեցինք: Արևմտահայաստանի ավանդույթներն ու բարքերը սիրիահայերը պահպանում են նաև այսօր: Դուք գեներով Արևմտյան Հայաստանի ո՞ր նահանգից եք և ի՞նչ ավանդույթներ եք ժառանգել:

– Մեր կյանքը ասես շրջապտույտ լինի: Նախ իմ նախնիներն են ստիպված եղել Արևմտյան Հայաստանից գաղթել Սիրիա, նույն ճանապարհը դար անց մեզ բերեց հայրենիք: Մեծ պապիկս՝ հայրիկիս հայրը, Ուրֆայից էր: Գաղթի ճանապարհին հանդիպել է մեծ տատիկիս, որ այդ ժամանակ փոքր է եղել, աչքի է ընկել իր գեղեցկությամբ՝ շեկ մազերով և կապույտ աչքերով: Պապիկս վերցրել է նրան իր հետ, բերել Հալեպ: Տարիներ անց, երբ գեղեցիկ աղջնակը մեծացել է, պապիկս ամուսնացել է նրա հետ: Ունեցել են յոթ զավակ: Հայրիկս չորրորդ երեխան է եղել ընտանիքում: Այդպես հաստատվել են, շեն ընտանիք ու տուն ստեղծել:

Իսկ մորական կողմս Քոնիայից է, դարձյալ Արևմտյան Հայաստանից: Սակայն նրանք թրքախոս էին: Մանկության տարիներին նրանցից ես և քուրերս թուրքերեն ենք սովորել, սակայն մինչ օրս պապիկիս շուրթերից հնչած Ուրֆայի բարբառը ականջներումս է: Նույնիսկ հիմա ձեռքիս տակ ունեմ ուրֆայական ճաշատեսակների գրքույկը, որտեղ մեր ավանդական ճաշատեսակներն են՝ բորանի, սալմա՝ թփով տոլմա, քուֆթա և այլն: Մենք դրանք այսօր էլ պատրաստում ենք:

Այնթափից գաղթածների ժառանգները էլ իրենց ուտեստները ունեն, ավանդույթները, առանձնահատկությունները: Եվ այդպես շարունակ: Մենք անգամ օտար միջավայրում մեր արմատներից ենք սնվել:

Տիկի´ն Լենա, Հալեպում դպրոցում եք աշխատել նաև: Ի՞նչ կրթություն եք ստացել: Իմացած 5 լեզուներից ո՞ր մեկն էիք դասավանդում դպրոցում:

– Ես ինքս հաճախել եմ Լազար Նաջարյան-Գալուստ Գյուլբենկյան կետրոնական վարժարան, որտեղ մեծ գիտելիքների պաշար եմ հավաքել: Հայերեն մենք տանն ենք խոսել, մյուս սիրիահայերի հետ: Հալեպահայերին նրա համար եմ առանձնակի սիրում, որ իրար հետ հայերեն են խոսում, և միայն արաբների հետ` արաբերեն: Այսպիսով՝ հայոց լեզվին միշտ եմ անթերի տիրապետել: Դպրոցն ավարտելիս՝ արաբերենի պետական քննություն էինք տալիս, իսկ դրանից առաջ՝ հայերենի, և ստանում հայկական վկայական: Քանի որ արաբերենը պետական լեզու է, չէինք կարող վարժ չիմանալ:

Վարժարանն ավարտելուց հետո ուսումս շարունակեցի Հալեպի համալսարանում՝ որպես անգլերենի մասնագետ: Հետագայում նաև ֆրանսերեն սովորեցի, իսկ թուրքերեն, ինչպես նշեցի, մորական տատիկիցս ու պապիկիցս եմ սովորել:

Ավարտելուց հետս սկսեցի պետական դպրոցներում անգլերեն դասավանդել: Սակայն միակ աշխատանքս չէր: Սեփական բիզնես ունեինք, նաև այդ գործերով էի զբաղված լինում:

Ինչպե՞ս պատերազմը մտավ Ձեր բնակարանները: Ե՞րբ տեղափոխվեցիք Հայաստան:

– Պատերազմը չսպասված հյուրի նման եկավ: 2011-ին եկել էինք հայրենիք. հավաքվել էինք բոլոր դասընկերներով աշխարհի չորս ծագերից՝ նշելու դպրոցն ավարտելու 25-ամյակը: Սակայն այդ ժամանակ պատերազմ չկար, մենք վերադառնալու նպատակ չունեինք:

Գիտեք՝ դուք չեք կարող պատկերացնել, թե մեզ մոտ ինչպես էին պահպանվում հայկականն ու հայոց լեզուն, մենք ու մեր երեխաները մեծացել են հայրենասիրությամբ, հայրենիքի կարոտով, անսահաման է եղել մեր սերը հայրենիքի հանդեպ, հիմա էլ է այդպես, սակայն մեր տունը, ունեցվածը, հարազատները Հալեպում էին, և մենք չէինք կարող ամեն ինչ թողնել ու գալ: Այդ պատճառով էինք մենք Հալեպում մի փոքրիկ հայրենիք ստեղծել:

2012 թվականի հոկտեմբերի 22-ին եկանք Երևան: Այդ ժամանակ բոլոր սիրիահայերին հայկական անձնագերե էին տալիս: Վերցնելու համար պարտադիր պիտի Երևան գայինք, և մենք իրոք ցանկանում էինք այդ անձնագիրն ունենալ: Եկանք այստեղ առանց որևէ բանի՝ հույսով, որ հետ կգնանք մեր ունեցվածքի հետևից, սակայն օդանավակայանը փակվեց, թաղամասերը ավերվեցին, ամենը կորավ:

Ինչպե՞ս սկսեցիք ոտքի կանգնել այստեղ:

-Մեզ համար միշտ հայրենիքը խորհրդանշային է եղել՝ Մասիս, Արաքս, վանքեր ու բնություն: Սակայն հայրենիքում ապրելու փորձ չունեինք: Դժվարություններ եղան, այսօր էլ կան: Հեշտ չէ ամեն ինչ սկսել զրոյից, երբ տարիներ շարունակ տուն ես ստեղծել, աշխատել, երազանքով ու նպատակով ապրել: Սակայն ձեռքերս ծալած նստել չէի կարող: 2 տարի զբաղվեցի կոսմետիկայի վաճառքով, իսկ հիմա ահա այստեղ՝ «Հալեպի շուկայում», իմ տաղավարն ունեմ վարձակալության հիմունքով:

Վաճառքը քիչ է լինում, բայց փորձում եմ հարմարվել: Երբ մեր պապերը Հալեպ են եկել, ցանկացել են այդտեղ իրենց գողտրիկ հայրենիքը ստեղծել: Գալով այստեղ՝ մենք փորձում ենք մեր ծննդավայրից մի մասնիկ ստեղծել: «Հալեպի շուկան» կարծես այդ փոքրիկ մասնիկը լինի: Այստեղ ունենք նաև սիրիահայ կանանց կազմակերպությունը: Ես նաև ՀՕՄ-ուհի եմ՝ Հայ օգնության միության անդամ:

Տիկի´ն Լենա, ենթադրում եմ, որ Ձեր հարազատներից ոմանք մնացել են Հալեպում: Կապ կա՞ նրանց հետ: Ինչպե՞ս են ապրում պատերազմի մեջ:

-Այո´, կապը կա, բայց իրավիճակը ծայրահեղ է: Հայկական դպրոցներից մի քանիսը գործում են: Սուրբ Աստվածածին եկեղեցում կատարվում են պատարագներ, նշվում են բոլոր տոները՝ Բարեկենդան, Վարդանանց տոն, Տեառնընդառաջ: Բոլորը մեկ են դարձել՝ օգնելով ու հասկանալով իրար: Գործում է նաև «Զվարթնոց» երգչախումը, այս դժվարին պայմաններում պիտի ելույթ ունենան: Ես էլ այդ երգչախմբում երկար տարիներ երգել եմ: Այս ամենը ապացուցում է, թե ինչքան հզոր է սիրիահայ համայնքը: Այն ձգտում է պահպանել իր ինքնությունն ու դիմագիծը նաև հիմա՝ պատերազմի ճիրաններում, արյան ու ցավի մեջ:

Եվ վերջում, տիկի´ն Լենա, ո՞րն է Ձեր ամենամեծ ցանկությունը հիմա:

– Խաղաղություն ամենուր, հատկապես` իմ սիրելի Հալեպում: Թող ոչ ոք չմահանա, թող ոչ մի երեխա որբ չմնա, թող փախստականներ չլինեն: Մարդկային կորուստը ամենաանդառնալին է: Չնայած անտանելի պայմաններին՝ շատերը հիմա էլ չեն ցանկանում լքել պատերազմական գոտին, իսկ մեր խաղաղ երկրից մարդիկ հեռանում են:

Թո´ղ հայրենիքը բոլորի համար արժեք լինի:

Ամալյա Կարապետյան

ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողուհի

Լենա2 Լենա

Scroll Up