«Հայերենը հանգիստ և հանդարտ ծովի է նման, չխեղդվելու համար՝ պետք է լավ լողալ սովորես»

Դարերի խորքից եկող ոսկեղենիկ Հայոց լեզուն գովերգել են ոչ միայն մեր մեծերը, այլև՝ օտարազգիները: Հիշենք օրինակ՝ անգլիացի բանաստեղծ Ջորջ Բայրոնին, որն ասել է. «Աստծո հետ խոսելու միակ լեզուն հայերենն է», իսկ ֆրանսիացի գրող Վիկտոր Հյուգոն  հետևյալ խոսքերով է գովերգել հայերենը. «Ձեր հնամենի լեզուն ես չգիտեմ, բայց սիրում եմ այն: Դրա մեջ Արևելքն եմ զգում, դարերն եմ նշմարում այնտեղ, տեսնում եմ անցյալի խորհրդավոր նշույլի շողարձակումը: Ինձ համար պարծանք է հայերեն թարգմանելը»:

Հոգիդ հպարտությամբ լցնող այս խոսքերի շղթան կարելի է անվերջ շարունակել: Գուցե հենց այս խոսքերն են Հայաստանի բուհերում սովորող օտարազգի ուսանողների համար հայերենը սերտելու ոգեշնչման աղբյուր հանդիսացել:

Փետրվարի 21-ին՝ Մայրենիի օրվա կապակցությամբ, «Հայերն այսօրի» թղթակիցը Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Ընդհանուր  բժշկություն»  ֆակուլտետի հնդիկ, արաբ, պարսիկ, ինչպես նաև սփյուռքահայ ուսանողների և ԵՊԲՀ Հայոց լեզվի ամբիոնի վարիչ Հենրիետա Սուքիասյանի հյուրն էր:

IMG_5208 +copyՀանդիպման սկզբում՝ հայերենին չտիրապետող այլազգի ուսանողներին հայոց լեզու դասավանդելու նպատակների շուրջ զրուցեցինք Հայոց լեզվի ամբիոնի վարիչ Հենրիետա Սուքիասյանի հետ:

«Բշկական համալսարանի Հայոց լեզվի ամբիոնը օտարազգի ուսանողների ուսուցման երկարամյա փորձ ունի: Այնտեղ են հաճախում հնդիկ, արաբ, պարսիկ, հույն, ինչպես նաև սփյուռքահայ ուսանողներ:

Հայերենի ուսուցումը նպատակ ունի օտարազգի ուսանողներին հնարավորինս հաղորդակից դարձնելու մեր Մայրենիին, ազգային ոգու ակունքներին, ազգային ու համամարդկային արժեք ունեցող գործերին: Դասընթացի նպատակն է մշակել այլազգի ուսանողների բանավոր խոսքի մենախոսություն, երկխոսություն, բազմախոսություն կաղապարները, զարգացնել նրանց բանավոր խոսքի մշակույթն այն նկատառումով, որ կարողանան ճիշտ հայերենով շարադրել իրենց մտքերը, տիրապետել խոսակցական լեզվին, զրույցներ վարել առօրյա գործածական թեմաներով:

Հայերենի չտիրապեող ուսանողների հայոց լեզու դասավանդելն ունի ոչ միայն ուսումնական, այլև ճանաչողական նշանակություն: Օտարները հայերենով են ճանաչում Հայաստանը, այդ նպատակով անհրաժեշտ է օտարախոս ուսանողների մեջ հետաքրքրություն առաջացնել մեր հնագույն լեզվի և մշակույթի նկատմամբ: Եվ որպեսզի համալիր ուսուցումը նպատակին ծառայի, օտարախոս ուսանողները պետք է զգան հայոց լեզվի առանձնահատկությունն ու հնչեղությունը»,- նշեց Հենրիետա Սուքիասյանը:

Ամբիոնի վարիչի խոսքերով՝ ուսուցման գործընթացում մեծ նշանակություն ունի նաև էքսկուրսիաների կազմակերպումը: Փորձը ցույց է տալիս, որ օտարազգի ուսանողները մեծ հետաքրքրություն ունեն, սիրով են այցելում Մատենադարան՝ մեր դարավոր, հնագույն ձեռագիր մատյաններին ծանոթանալու, հիացմուքով են այցելում Գառնու տաճար, Գեղարդ, Օշական, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին:

«Օտարազգի ուսանողների դաստիարակչական աշխատանքները զուգակցվում են գրական-երաժշտական միջոցառումների կազմակերպմամբ, որոնց սիրով մասնակցում են շնորհալի ուսանողները:

Ուսանողները նվիրումով են հաճախում դասերին, գրեթե չեն բացակայում դասաժամերից: Մեծ հետաքրքրություն ունեն հայոց լեզվի նկատմամբ:

Օտարազգի ուսանողները հայերեն երեք տարի են անցնում: Եթե սկզբնական շրջանում առօրյա խոսքին տիրապետելու վրա ենք շեշտը դնում, ապա հետագայում սովորեցնում ենք բժշկագիտական լեզու և տերմիններ: Նրանք հիվանդանոցներում առանց խնդրի կարողանում են աշխատակիցների և հիվանդների հետ հայերենով հաղորդակցվել»,- իր խոսքը եզրափակեց Հենրիետա Սուքիասյանը:

Իսկ հիմա «լսենք» ուսանողներին:

Փարինազ Փարանջը Իրանից երեք տարի առաջ է եկել Հայաստան: Միշտ լսել է, որ Հայաստանն ու Իրանը հարևան պետություններ են եղել և բարիդրացիական հարաբերություններ  մեջ  գտնվել: Դա էլ աղջկան հույս է ներշնչել, որ Հայաստան գա:

Շատ է սիրում հայերենը, քանի որ հարազատ լեզու է դարձել իր համար: Արդեն մոռացել է այն  խոչընդոտները, որոնց  հանդիպել է լեզուն սովորելու ճանապարհին: Միշտ ոգեշնչվել է այն մտքից, որ կյանքում ոչինչ հենց այնպես չի տրվում, իսկ հաջողության հասնելու համար պետք է քայլեր ձեռնարկել: Փարինազը հայերեն ու պարսկերեն լեզուների միջև նմանություն է գտնում, նույնիսկ բառեր կան, որոնք  մի տառի տարբերությամբ են  հնչում, ինչպիսիք են՝ դժվար, բժիշկ և էլի շատ այլ  բառեր:

Հոգուն հարազատ է դարձել «Քանի լեզու գիտես, այնքան մարդ ես» ասացվածքը. այն պարսկուհուն ոգևորում է և նոր լեզուներ սովորելու խթան հանդիսանում: Նաև մայրիկին է հայերեն սովորեցնում, որն արդեն վարժ տիրապետում է հայոց լեզվին:

Փարինազը հայերենը հանգիստ և հանդարտ ծովի է նմանեցնում՝ ասելով, որ եթե ուզում ես չխեղդվել, ապա պետք է լավ լողալ սովորես:

5

Մրինալ Կանդպալը Հայաստան է ժամանել Դելիից: Հայաստանի մասին լսել է ընկերներից, որոնք նույնպես ժամանակին այստեղ են ուսանել: Նրանք պատմել են, որ Հայաստանն շատ հին, գեղեցիկ և հարուստ մշակույթ ունեցող երկիր է: Հիմա արդեն անձամբ է համոզվել: Շատ է սիրել Բժշկական համալսարանը, դասախոսներին և կուրսընկերներին: Նկատել է, որ այստեղ ամեն ինչ տրված է իրենց որակյալ կրթություն ստանալու համար: Ասում է, որ հայերենը սովորելուն հայոց լեզվի ամբիոնը ևս մեծ դեր է խաղացել:

Երբ նա հասարակական որևէ վայրում է լինում, հայերենը բարելավելու համար սկսում է հնարավորինս շատ խոսել մարդկանց հետ, նաև օտարազգի ընկերների հետ է հայերեն խոսում: «Չգիտեմ», «ի՞նչ կա չկա» բառն ու արտահայտությունն է, որ միշտ հումորով հնչեցնում է և ուրախացնում շրջապատին: Երբ դասախոսները նրան դաս են հարցնում, այստեղ նրան օգնության է հասնում «չգիտեմ»-ը: Սակայն այդ ժամանակ դասախոսները գլխի են ընկնում, որ այդ բառն ասում է ծիծաղ առաջացնելու նպատակով: Հայերենում շատ գեղեցիկ բառեր, արտահայտություններ կան, որոնք Մրինալը սովորում է և կիրառում:

Տղայից երկար ժամանակ է պահանջվել լեզուն սովորելու համար, սակայն չի վհատվել և ուժերի ամբողջ լարումով նվիրվել է հայոց լեզուն սովորելուն: Ազատ ժամանակ նաև ընթերցանությամբ է զբաղվում, որպեսզի ամրապնդի հայերենի իմացությունը: Հայ գրականություն է շատ կարդում, սիրում է Համո Սահյանի ստեղծագործությունները, հատկապես՝ «Հայաստան ասելիս» բանաստեղծությունը: Մրինալն իրեն Հայաստանի մի մասնիկն է համարում: Այն կարծիքին է, որ պարտավոր է սովորել հայերենը, քանի որ Հայաստանում է ապրում:

Մի զվարճալի պատմություն պատմեց Մրինալը, որի «մեղավորը» հայերենի չիմացությունն է եղել. համալսարանական ընկերները տղային սովորեցրել են, որ բակում կանգնած աղջկան մոտենա և «Ես քեզ սիրում եմ» ասի: Չիմանալով արտահայտության նշանակությունը՝ աղջկան սեր է խոստովանել՝ առաջացնելով նրա զարմանքը:

Սուլվադա Պրավաշը մինչև հիմա հիշում է, թե ինչպես Հնդկաստանից առաջին անգամ Հայաստան այցելելիս՝ լեզուն չիմանալու պատճառով օդանավակայանում անհարմարավետություն ունեցել: Սակայն խուճապի չի մատնվել և փորձել է անգլերենով աշխատակիցներից օգնություն հայցել:

Կարծում է՝ հայերենը ճկուն և հարուստ լեզու է: Հայերեն մասնագիտական բառերն ու տերմիներն են իր համար գեղեցիկ հնչում, իսկ առօրյայում սիրում է արտաբերել «բարև» և «շնորհակալություն» բառերը:

Վիվեկ Դաուլին բժշկություն շատ է սիրել, այդ պատճառով էլ ընտրել է այս ուղին:

Նա նույնպես հայերենը սովորելիս՝ դժվարությունների առջև է կանգնել, սակայն առանց տրտնջալու հաղթահարել է լեզվական խոչընդոտները՝ մտածելով, որ դժվարություններն անցողիկ են: «Խնդրեմ» և «շնորհակալություն» բառերն են Վիվեկին հոգեհարազատ, հաճախ օգտագործում  է  նաև  «ի՞նչ կա չկա», «ամեն ինչ լավ է»  արտահայտությունները:

Վիվեկը Հայաստանում իրեն լավ է զգում, շատ է սիրում հայկական բանջարեղենները, որոնք մեծ ախորժակով է ուտում: Տղան հրապուրված կարդում է Պարույր Սևակի բանաստեղծությունները, որոնցից առանձնացնում է  «Ես ատում եմ քո անունը»  ստեղծագործությունը: Այն անընդհատ կարդացել է, երբ անպատասխան սեր է ունեցել:

Սկզբնական շրջանում խնդրի առջև է կանգնել, երբ որևէ բան գնելու համար խանութ է գնացել և չի կարողացել վաճառողներին բացատրել իր ուզածը: Եվ հենց դա էլ եղել է շարժառիթներից մեկը, որ վճռականորեն որոշել է  հայերենը լավ սովորել:

6

Լակշմիպրիա Հարիկրիշնան Հնդկաստանում լսել է Բժշկական համալսարանի մասին և ընտանիքի հետ խորհրդակցելուց հետո որոշել Հայաստանում բարձրագույն ուսում ստանալ: Խոսելով մեր երկրի մասին՝ նա ասում է, որ Հայաստանը Հնդկաստանի պես հարուստ մշակույթ ունեցող երկիր է և որ իրեն այստեղ լավ է զգում: Այնքան է կապվել մեր երկրին, որ իր երկրորդ ծննդավայրն է համարում: Եվ սիրո դրսևորումն է եղել առիթը, որ առանց տրտնջալու յուրացրել է հայերենը: Անշուշտ, նաև մեծ դեր է խաղացել համալսարանի հայոց լեզվի ամբիոնը:

Հայերենն իր համար քաղցր լեզու է: Հատկապես քաղցր է հնչում «Բարև ձեզ»-ը, քանի որ այն հայերեն սովորած առաջին բառն է:

2

Նազիհ Դահդալն ազգությամբ արաբ է, երեք տարի առաջ է Սիրայից Հայաստան եկել: Հայրիկի հայ ընկերոջ խորհրդով է Հայաստանում սովորելու եկել, որը միշտ պատմել է հայաստանյան բուհերում սովորելու առավելությունների մասին:

Լեզուն սովորելու համար Նազին իր երախտագիտությունն է հայտնում համալսարանի Հայոց լեզվի ամբիոնին: Դասախոսներն ամեն ջանք ներդնում են, որ նրանք հայերենը լավ սովորեն: Հայաստանում տղան իրեն հանգիստ և ապահով է զգում: Բարձր է գնահատում հայ ժողովրդի հյուրընկալությունն ու ջերմ վերաբերմունքն այլազգիների նկատմամբ:

Նա մեծ ոգևորությամբ է սովորել հայերենը, իսկ ընթացքում առաջացած խնդիրներից չի վհատվել՝ գիտակցելով, որ կյանքում դժվարությունները հաղթահարելի են, եթե, իհարկե, կամք և ձգտում կա:

Նազին գերված է հայկական երաժշտոթյամբ: Նախընտրելի երգիչը Ռուբեն Հախվերդյանն է, որի կատարումները կարող է ամեն օր լսել և չհոգնել:

3

Նիշանտը Հայաստանում ուսում ստացած ծանոթի խորհրդով է ուսանում Բժշկական համալսարանում: Հնդկաստանից գալով Հայաստան՝ հայերը միանգամից սրտի մեջ են մտել, հիացել է նրանց բարությամբ և հոգատարությամբ: Նա ասում է, որ պարտավոր են հայերեն սովորել, քանի որ Հայաստանում են ապրում: Դա նաև հարգանքի նշան է:

Հայերենի գերազանց իմացությունը կարևորում է հատկապես հիվանդների հետ աշխատելու նկատառումից ելնելով, որպեսզի վստահություն ներշնչի:

4

Շամիդը նույնպես Հնդկաստանից է: Նա հեշտությամբ է սովորել հայերենը, միայն քերականական խնդիրների առջև է կանգնել: Հասցրել է հայ ընկերներ ձեռք բերել, որոնք օգնում են լեզուն սովորելու: Նա ժպիտով մեզ պատմեց, որ սկզբնական շրջանում, երբ հայերենին լավ չէր տիրապետում, ստիպված էր լինում շուկայում «ժեստերի» լեզուն օգտագործել:

22

Սոնա Սահակյանը ծնվել և մեծացել է Մոսկվայում: Մինչ մեկընդմիշտ Հայաստանում հաստատվելը՝ ամռանը պարտադիր եկել է Հայաստան՝ արձակուրդը պապիկի և տատիկի մոտ անցկացնելու: Շատ է սիրում Հայաստանը: Դա էլ եղել է պատճառը, որ ուսումը Հայրենիքում շարունակելու որոշում կայացնի:

Սոնան նկատել է, որ Հայաստանում որակյալ կրթություն են տալիս և լավ մասնագետներ պատրաստում: Լեզվի հետ կապված երբևէ խնդրի առջև չի կանգնել, քանի որ ընտանիքում միշտ հայերեն են խոսել:Մոսկվայում հայերի հետ շատ շփվելու համար հաճախել է «Հայորդյաց տուն»: Անշուշտ, Հայաստան գալն ավելի է նպաստել հայերեն գրագետ խոսելուն:

Սոնան կարծում է, որ հայերենը երգի պես է հնչում, ուրիշ ոչ մի լեզվի հետ ծանոթանալիս՝ նման զգացողություն չի ունենում: Նա հպարտանում է Մայրենիով և օտարազգի ընկերներին հպարտությամբ է ներկայացնում սեփական լեզուն:

1

Հեղինա Աթաշյանը Սիրիայի Հալեպ քաղաքից է: Շատ ընկերներ ունի, որոնց հետ ջերմ հարաբերություններ է ձևավորել:

Ընկերները խնդրում են, որ իրենց արևմտահայերեն բառեր կամ արտահայտություններ սովորեցնի և պատմի հալեպահայերի ավանդույթների մասին: Հեղինայի մոտ արևելահայերեն-արևմտահայերեն լեզվաճյուղային անցումը դժվարությամբ է տեղի ունեցել, հատկապես՝ քերականական առումով: Բայց նա անկոտրում ոգով աշխատել է իր վրա և ուժերի գերլարումով փորձել արևելահայերենը լավ սովորել:

Հեղինան կարծում է, որ հայերենը եզակի լեզու է, և  այն ուրիշ ոչ մի լեզվի հետ չես կարող համեմատել: Նա կոչ է անում աշխարհասփյուռ հայությանը՝ չմոռանալ իրենց սեփական լեզուն և չկորցնել ազգային դիմագիծը:

Պատրաստեց Գևորգ Չիչյանը

IMG-20160218-WA0033

Scroll Up