Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել խորվաթ մասնագետ Դրաժեն Բրայկովիչը

Բասկետբոլի Հայաստանի մինչեւ 20 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել խորվաթ մասնագետ Դրաժեն Բրայկովիչը։

 Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ Բրայկովիչի գլխավորությամբ Հայաստանի թիմը հանդես կգա հուլիսին Հունաստանում կայանալիք Եվրոպայի «Բ» դիվիզիոնի առաջնությունում: Այժմ նա գլխավորում է Սլովակիայի Բարձրագույն խմբում հանդես եկող «Կոշիցե» ակումբը:

Խորվաթ մասնագետը 25 տարվա աշխտանքային փորձ ունի: Նախկինում նա աշխատել է մի շարք ակումբներում եւ հավաքականներում: Դրաժեն Բրայկովիչի գլխավորությամբ Խորվաթիայի մինչեւ 16 տարեկանների հավաքականը 2010 թվականին դարձել է Եվրոպայի չեմպիոն:

Բրայկովիչը աշխատել է նաեւ Վրաստանում՝ գլխավորելով այդ երկրի ազգային հավաքականը 2004-05թթ.: Այդ ընթացքում նա գլխավորել է նաեւ Թբիլիսիի «Դինամոն»:

Հիշեցնենք, որ Հայաստանի երիտասարդական հավաքականը հայտնվել է Եվրոպայի Բ դիվիզիոնի առաջնության A ենթախմբում, որտեղ մրցելու է Չեռնոգորիայի, Մակեդոնիայի, Պորտուգալիայի եւ Վրաստանի հավաքականների հետ: Եվրոպայի առաջնությունը տեղի է ունենալու հուլիսի 15-ից 24-ը Հունաստանի Խալկիդա քաղաքում:

Scroll Up