«Ես միշտ այն զգացողությունն եմ ունեցել, ասես հայրենիք միայն հայերն ունեն». Արազ Գայմագամյան

Արազ Գայմագամյանն իր ընտանիքի հետ Սիրիայից հայրենիք է տեղափոխվել 12 տարի առաջ, երբ դեռևս պատերազմը չէր սկսվել: Հենց սկզբից էլ որոշել էին՝ վերադարձը ընդմիշտ  է: Արազի հետ «Հայերն այսօրի» թղթակիցը խոսել է հայրենիք եզրույթի, հաղթահարած դժվարությունների և այստեղ անցած ուղու մասին:

– Արա՛զ, եկել ես տարիներ առաջ, երբ դեպի Հայաստան սիրիահայերի հոսքն այդքան մեծ չէր:Ինչպե՞ս որոշեցիք հայրենիք վերադառնալ: Ինչո՞վ էիր դու զբաղվում այնտեղ:

-Հայաստանում հաստատվելու որոշում ընտանիքս դեռ վաղուց էր կայացրել: Բայց այնպես դասավորվեց, որ մեր երկար տարիների երազանքը իրականացավ 2003 թվականին, երբ մեր ողջ ունեցվածը վաճառացինք՝ հայրենիքում հաստատվելու նպատակով: Ես 11 տարեկան էի, իսկ քույրս՝ 14, երկուսս էլ՝ դպրոցական: Այդ ժամանակ Հալեպում պատերազմ չէր, բայց ծնողներս վստահ էին, որ օտարի հողի վրա մենք «մենք» չենք, հայ ենք, բայց ոչ լիովին: Այդ գիտակցումը մեզ բերեց Հայաստան:

-Արա՛զ, ենթադրում եմ, որ  նախնիներդ ժամանակին  ստիպված են եղել հեռանալ հայրենիքից: Ո՞րն է Ձեր պատմությունը, Ցեղասպանությա՛ն պատմությունը:

– Գրեթե բոլոր հայերը, նամանավանդ հայրենիքից դուրս,  ունեն նման պատմություն: Ես հորական կողմից պոլսեցի եմ, իսկ մորական կողմից՝ ուրֆացի: Մորս պապը գաղթի ժամանակ ցրտահարվել է և ճանապարհին ստիպված է եղել ցրտահարված ոտքի մատները սեփական ձեռքերով կտրել: Այսպես տանջանքի ճանապարհները տարել են Սիրիա:

-Փոքր ես եղել, երբ տեղափոխվել եք, սակայն կարծում եմ` երբեմնի հայաշատ սիրիահայ մեծ համայնքը հիշում ես: Ասում են` այն կարծես մի փոքր Հայաստան լիներ մահմեդական միջավայրի մեջ: Իրո՞ք այդպես է եղել: Չե՞ս կարոտում այդ միջավայրը: Ի՞նչ հիմնական տարբերություններ ես նկատում` համեմատելով Երևանը Հալեպի հետ:

– Հայաստանը ոչ մի երկրի նման չէ: Սիրիայում և, առհասարակ, Սփյուռքում, քեզ լավագույն դեպքում հայ կարող ես քեզ զգալ տանը, եկեղեցում, հայկական դպրոցում, կամ էլ՝ կուսակցության շենքում: Փողոցում հայ զգալու առիթ չկա, քանի որ շուրջբոլորդ արաբ են: Փողոցում տեղադրված պաստառները՝ արաբերեն: Հիշում եմ՝ ինչ մեծ հրճվանք էի ապրել, երբ առաջին անգամ Հայաստանում հայերենով պաստառ տեսա: Ժամերով քայլում էի փողոցում ու խանութների վրա հայերեն գրությունները կարդում: Շատ էի ուրախանում: Հալեպն ու Երևանը անհամեմատելի են, իհարկե, խոսքը հայկական թաղամասերի մասին չէ: Առաջ հայկական թաղամասերում արաբ չէիր տեսնի, բայց մեր՝ Հայաստան տեղափոխվելու ժամանակ արդեն սկսել էինք նկատել նրանց:

Արազ1

-Արա՛զ, գիտեմ, որ այստեղ գալով` դժվարություններ եք ունեցել: Կխնդրեի պատմել այդ մասին: Ինչպե՞ս հաղթահարեցիք խոչընդոտները:

-Դժվարություններ..ճիշտն ասած՝ դժվարություններ Հալեպում էլ կային, բայց մենք դրանք գիտակցելով եկանք Հայաստան: Գիտեինք, որ ինչքան էլ հայրենիք ենք տեղափոխվում, սակայն միջավայրը, արևելահայերենը, մի խոսքով՝ ամեն ինչի հետ համակերպվելու հարցում դժվարություններ ենք ունենալու, բայց հանդիպեցինք մեր հաշվարկների մեջ գոյություն անգամ չունեցող մի դժվարության՝ հիվանդության: Մենք դեկտեմբերի 14-ին եկանք Հայաստան, և հայրս դրանից ուղիղ 4 օր անց սուր մրսածության հետևանքով հիվանդացավ: Բժշկի օգնությանը դիմեցինք, բայց ճիշտ չախտորոշելու հետևանքով՝ հորս վիճակը գնալով վատացավ: Գրեթե մահամերձ էր, երբ նրան տեղափոխեցինք Մասիվի հիվանդանոց, որտեղ էլ 3 ամիս մնաց: Հայրենիքում առաջին Նոր տարին դիմավորեցինք հիվանդանոցում: Բառերով չեմ կարող նկարագրել այս ամենը: Հորս ծանր վիճակի պատճառով ես սկսել էի ատել Հայաստանը, ուր երկար տարիներ երազել էի ապրել: Երեք ամիս անց հայրս դուրս գրվեց հիվանդանոցից, սակայն օրեր անց նույն դժգոհությամբ վերադարձանք այնտեղ: Ի վերջո վիրահատեցին և ,փառք Աստծո, բուժվեց, բայց մենք հիվանդանոցից դուրս գրվեցինք պարտքերով:

Իմ՝ Հայաստանի և հայաստանցիների հանդեպ մանկական անհիմն ատելությունը տարիների ընթացքում վերացավ, երբ հասկացա, որ ինչպես մյուս երկրները, այնպես էլ՝ Հայասատանը, երկիր է՝ իր լավ ու վատով, բարի ու չար մարդկանցով, թերի և անթերի կողմերով: Եթե հորս առողջության վատթարացմանը նպաստեց մի բժիշկ, մյուսներն էլ նպաստեցին նրա բուժմանը: Այնպես որ՝ չէր կարելի մի հոգու պատճառով մի ամբողջ երկրի, առավել ևս հասարակության վատաբանել: Ես այսօր ուրախ եմ, որ հայրենիքում եմ:

-Սակայն դժվարությունները հաղթահարելուն համընթաց` դու նաև այստեղ շարունակեցիր կրթությունդ: Որտե՞ղ ես սովորել և հիմա ինչո՞վ ես զբաղվում:

-Ուսումս շարունակեցի թիվ 78 դպրոցում, շատ լավ տնօրեն ունեինք: Ուսուցիչներն էլ շատ լավն էին: Շատ հարցերում օգնեցին ինձ ու քրոջս, չնայած դասերից հետո արևելահայերենի պարապունքներ էինք անցնում: Դպրոցն ավարտելուց հետո ընդունվեցի Վալերի Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի անգլերենի թարգմանչական բաժին: Ավարտեցի, բայց հիմա աշխատում եմ՝ որպես թուրքերենի թարգմանիչ:

Արա՛զ, գիտեմ, որ ընտրյալդ ևս հայրենադարձ  է: Ինչպե՞ս հանդիպեցիք իրար:

 Արազ4

-Այո, նա էլ ԱՄՆ-ից է եկել: Ծանոթացել ենք այստեղ: Նա էլ ինձ նման հայրենիքից գնալու նպատակ չունի, մենք ցանկանում ենք ընդմիշտ այստեղ ապրել:

-Արա՛զ, փորձիր սահմանել հայրենիք եզրույթը: Ի՞նչ է այն սփյուռքահայի համար օտար հողում և ի՞նչ է այստեղ` իր պատմական հողի վրա:

-Բոլոր ազգերն էլ ունեն հայրենիք, բայց ես միշտ այն զգացողությունն եմ ունեցել, ասես հայրենիք միայն հայերն ունեն: Որովհետև հայրենիքը հեշտ չի կերտվում: Իսկ մեր հայրենիքը կերտվել է արյան գնով: Լինի Սփյուռքում, թե Հայաստանում, հայրենիքը մեկն է նրա իրական իմաստը ընկալողի համար:

-Ինչպե՞ս ես պատկերացնում քո ապագան: Ինչպիսի՞ Հայաստան կունենան քո հետնորդները:

Արազ2

-Իմ ապագան ես միայն ու միայն Հայաստանում եմ տեսնում՝ ազատ, անկախ և միացյալ Հայաստանում: Դա իմ երազանքն ու գերագույն նպատակն է: Իսկ մինչ երրորդը՝ ներկայիս Հայաստանում շատ բան կա անելու, բարելավելու, փոխելու: Կարևորը մնալն ու պայքարելն է: Մեզանից շատերը ուզում են գնալ Հայաստանից դժվարությունների պատճառով: Բայց ո՞ր երկրում է կյանքը հեշտ: Դժվարությունների պատճառով Հայաստանից հեռանալը ամենահեշտ արդարացումն է դարձել: Մենք պետք է ոչ միայն մնանք Հայաստանում, այլև գնացածներին հետ բերելու աշխատանքներ տանենք, որպեսզի մեր երկերը իսկական ԷՐԳԻՐ դառնա:

-Եվ Արա՛զ, վերջին հարցը: Ըստ քեզ` ո՞րն է ամենաարդյունավետ ուղին Հայաստանը Սփյուռքին ավելի սերտ կապելու համար:

-Հայաստանը Սփյուռքի հետ արդեն իսկ սերտ կապերի մեջ է: Բայց պետք է այնպիսի ծրագրեր մշակել, որը կնպաստի սփյուռքահայերի՝ Հայաստան հաստատվելուն: Օրինակ՝ ստեղծել այնպիսի պայմաններ, որը գրավիչ կլինի սփյուռքահայերի՝ ՀՀ-ում աշխատանք գտնելու, նաև աշխատավարձերի հարցում: Այս հարցով կարելի է և պետք է զբաղվել, քանի որ սա ոչ միայն սփյուռքահայերի համար լավ կլինի, այլ նաև տեղացիների:

Մեր ժողովուրդի կյանքը պետք է փոքր-ինչ հեշտացնել, որպեսզի նրանք ժամանակ և կամք դրսևորեն՝ հայերնիքին առնչվող հարցերով զբաղվելու համար:  Սակայն հայրենիքից հեռանալն արդարացում չունի:

Ամալյա Կարապետյան

ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողուհի

Scroll Up