Կոմիտասի մասին արաբերեն առաջին աշխատությունը՝ Նորա Արիսյանի թարգմանությամբ

Պատմաբան և թարգմանիչ դոկտ. Նորա Արիսյանը Դամասկոսում լույս է ընծայել «Կոմիտասն ու հայկական երաժշտությունը» խորագրով գիրքը՝ արաբերեն լեզվով: Այս մասին «Հայերն այսօրը» տեղեկանում է իր աղբյուրներից:

Առաջին անգամ Կոմիտասի մասին արաբերեն լեզվով հրապարակված գիրքը պարունակում է զանազան գրքերից ընտրված 11 ուսումնասիրություններ և հոդվածներ. Ռոբերտ Աթայանի «Կոմիտասական» ժողովածուից թարգմանված է մի քանի ուսումնասիրություններ, ինչպես օրինակ` «Կոմիտասի երաժշտական ժառանգությունը», Մ. Մուրադյանի «Եկմալյանի պատարագը Կոմիտասի գնահատմամբ», Ն. Թահմիզյանի «Հայոց հոգևոր երգարվեստի ուսումնասիրության հարցեր» և այլն: Թարգմանվել են նաև Խաչիկ Սաֆարյանի «Կոմիտաս Սքանչելագործ» գրքից` «Խազերի վերծանության խնդիրները», «Կոմիտասը և ռուսական երաժշտությունը» և «Կոմիտասը և քրդական երաժշտությունը» հոդվածները, ինչպես նաև հատվածներ Հրանտ Գևորգյանի «Շնչել, ապրել Կոմիտասով» գրքից: Վարդան Վարդանյանի «Հավերժ Ճամբորդ» գրքից թարգմանվել է «Կենդանի նահատակը»:

Գիրքի երաժշտական խմբագրությունը կատարել է Սիրիայի սիմֆոնիկ նվագախմբի ղեկավար, մաեստրո Միսաք Բաղբուդարյանը, որն իր նախաբանում քաջալերում է արաբական աշխարհի երիտասարդ երաժիշտներին՝ քայլել վարպետ Կոմիտասի ուղիով և վավերացնել ժողովրդական երաժշտությունը:

Գիրքը բաղկացած ՝ 160 էջից: Գրքի թարգմանիչ Նորա Արիսյանն իր նախաբանում գրել է, որ գիրքը նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին և Կոմիտասի մահվան 80-ամյակին, և հույս հայտնել, որ հայ մշակույթն ու պատմությունը մարմնավորող Կոմիտաս հանճարին ներկայացնող գիրքն իր ներդրումը կունենա արաբական գրականության մեջ:

Scroll Up