Սիրիահայ կանանցից՝ սիրով

ցքւցահանդես6

Փետրվարի 11-12-ը ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետի նախասրահում ՀՀ սփյուռքի նախարարության և «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ի նախաձեռնությամբ կայացավ  «Սիրիահայ մշակույթի շունչը Երևանում» խորագրով բարեգործական ցուցահանդես-տոնավաճառը` նվիրված Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Տեառնընդառաջ տոնին:

«Հայերն այսօրի» փոխանցմամբ՝ ցուցահանդես-տոնավաճառին ներկայացված էին սիրիահայերի ձեռքի աշխատանքներ՝ զարդեր, քաղցրավենիք, զանազան կերակրատեսակներ, համեմունքներ, ձեռագործ աշխատանքներ:

Աիդա Սանդուրյանը (ժողվարպետ) արդեն չորս տարի է՝ ապրում է Հայաստանում: Ցուցահանդեսին նա ներկայացրել էր Մարաշի ասեղնագործության նմուշներ: Ձեռագործ աշխատանքների այս տեսակի ծննդավայրը պատմական Կիլիկիայի Մարաշ քաղաքն է: «Հայերն այսօրի» հետ զրույցում Աիդան պատմեց, որ Մարաշի ասեղնագործությունը  հյուսածո կար է՝ ձևի եզակիությամբ, նրբագեղությամբ և կարի բարդությամբ, որի գաղտնիքը հայտնի է եղել միայն Մարաշ քաղաքում: Այն հայ  ժողովրդի սեփականությունն է ու վկան՝ հայ ժողովրդի անցյալի գեղարվեստական հարստության:

ցքւցահանդես7ցքւցահանդես8

Սիրիայում ևս տիկին Աիդան զբաղվել է Մարաշի ասեղնագործությամբ՝ ասեղնագործել է սեղանի, մահճակալի ծածկոցներ, իսկ հայրենիքում սկսել է ասեղնագործել փոքր իրերի  վրա՝ պայուսակների, բարձերի, զարդերի:

Ցուցահանդեսի մասնակից Անի Արթինյանը փոքրիկ սեղանիկի վրա ներկայացնում էր իր և ընտանիքի ձեռագործ աշխատանքները: Նա արդեն երեք տարի է՝ ապրում է Հայաստանում: Հայրենիք է վերադարձել, որովհետև չի ցանկացել ապրել օտար երկրում, որպեսզի չկորցնի իր ինքնությունը և հայեցի դաստիարակի որդիներին:

ցքւցահանդես1 ցքւցահանդես3

Անին ուրախ է, որ ապրում է Հայաստանում, չնայած Սիրիայում լավ են ապրել, սակայն պատերազմը նրանցից խլել է տարիների վաստակած ունեցվածքը: Նա  շնորհակալ է ՀՀ սփյուռքի նախարարությանը և «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ին՝ նման ցուցահանդեսներ կազմակերպելու համար: Ցուցահանդեսներ,որոնք իրենց հնարավորություն են տալիս հայրենիքում ապրուստ վաստակել:

ցքւցահանդես4ցքւցահանդես5

Ռիտա Մարկոսյանը զբաղվում է ուլունքագործությամբ: Նա ցուցահանդես-տոնավաճառին ներկայացրել էր ինչպես թանկարժեք, այնպես էլ հասարակ ուլունքներից պատրաստված վզնոցներ, մատանիներ, թևնոցներ և այլ իրեր: Ռիտան չորրորդ անգամ է ներկայացնում իր ձեռքի աշխատանքները: Հարցին, թե ինչո՞վ է զբաղվել Սիրիայում, նա ժպտալով պատասխանեց՝ տանտիկին եմ եղել:

Պատրաստեց՝ Տաթև Դավթյանը

ցքւցահանդես2ցքւցահանդես