«Ուզում եմ մտածել հայերեն…». «Սփյուռք ամառային դպրոց-2015»-ի մասնակից

«Հայերն այսօրի» փոխանցմամբ` ՀՀ սփյուռքի նախարարության «Սփյուռք ամառային դպրոց-2015» ծրագրի Սփյուռքահայ լրագրողների դասընթացների մասնակից Լիլյա Ավագյանը գրում է.

«Իրականում այս կարծիք-ակնարկը վաղուց պիտի գրեի, բայց իմ «այստեղ, այնտեղ և ամենուր» խառնվածքի պատճառով երբեք էլ ժամանակին չգրվեց…

Ես, ինչպես միշտ, ուշացած նետվեցի լսարան ու տեղավորվելով` բացահայտող հայացքով մի պահ փորձեցի զննել ներկաներին: Ինչ իմանայի, որ 12000 կմ հեռավորությունը նորից հետ անցնելուց հետո էլ նրանցից յուրաքանչյուրն իմ սրտին այդքան մոտ կմնար:
Մենք ընդամենը քսանս էինք` որքան նման, այնքան էլ տարբեր: Ինչքան հեռու, այնքան էլ մոտ էինք: Ու քսանիս աչքերն էլ «ավելի հայ» լինելու տենչով էր լցված:
«Սփյուռք ամառային դպրոց-2015» լրագրողների վերապատրաստման ծրագիրը նախատեսված էր աջակցելու Սփյուռքի ԶԼՄ-ների գործունեությանը և հայ համայնքներում ազգային ինքնության պահպանմանն ու հզորացմանը:
Ճիշտ է, ՀՀ սփյուռքի նախարարության նախապատրաստած գերհագեցած ծրագրից վիթխարի պաշար քաղեցինք, բայց ինչն ամենաթանկն էր` դա միմյանց ճանաչելու մեզ ընձեռված բացառիկ հնարավորությունն էր:
Մհեր Հովհաննիսյանը (ԵՊՀ ՀՀԻ փոխտնօրեն-Հ.Ա), ում վստահել էին մեզ` «ինչուիկներիս», և ով հենց սկզբից դարձավ մեր ավագ ընկերն ումից այնքան շատ բան ունեինք ընդօրինակելու` հարցրեց, թե ի՞նչ ակնկալիք ունենք մենք` մասնակցներս, տվյալ ծրագրից:
Լռությունը խախտեց ղողանջուն մի ձայն. «ՈւԶՈւՄ ԵՄ ՄՏԱԾԵԼ ՀԱՅԵՐԵՆ…»:
Այդ արտահայտությունը կարծես դաջվեց իմ մտքում: Ավելի քան տասը տարի է, ինչ ես էլ թեժ պայքարի մեջ եմ ինքս ինձ հետ հանուն այդ նույն գաղափարի: Մտածել, շարժվել, դիտարկել, առհասարակ` ապրել հայերեն… Ինչպե՞ս:
Երևի սփյուռքահայերիցս շատերին է հոգու խորքում տանջում այդ հարցը, բայց բարձրաձայնելու համարձակություն քչերն ունեն: Հայրենիքից հեռու յուրաքանչյուրն ընտրում է հայ մնալու իր սեփական տարբերակը, հուսալով, որ այն սերնդեսերունդ կփոխանցվի ու մոտ կպահի իր սերունդը մեր արմատներին: Բայց ավա՜ղ…
Ծրագիրն ավարտվեց, և մենք դարձյալ ցրվեցինք աշխարհով մեկ` վերադարձի ակնկալիքը սրտներումս:
Իսկ ՆԱ չգնաց…
Ազգային ինքնության պահպանմանն ու հզորացմանը նպաստող իրականում ամենահամարձակ, ամենաճշմարիտ ու «ամենահայերեն» քայլն արեց…
Բառեր չեմ գտնում բնութագրելու Նարե Բեջանյանի քայլը:
«Քիչ խոսք, շատ օրինակ` ժողովրդասիրության, պարտաճանաչության, անձնվիրության: Առանց վեհ և հրահանգիչ օրինակների չկա դաստիարակություն», – ասել է Գարեգին Նժդեհը:
Հայրենիք վերադառնալն ու վերահաստատվելը արդի ժամանակների ամենաանիրական ու հերոսական թվացող քայլերից է:
Բայց նմանատիպ օրինակները պիտի հաջորդեն մեկը մյուսին:
Մոնթեն ասում էր. «Իմ կենացը մի խմեք, այլ իմ գործը շարունակեք»:
Նարեի քայլն իր տեսակով ապացույց էր, որ դեռ կան ու կլինեն երիտասարդ մոնթեներ, որ…

Ու պիտի գա հանուր կյանքի արշալույսը վառ հագած,
Հազա՛ր-հազարլուսապայծառ հոգիներով ճառագած,
Ու երկնահաս քո բարձունքին, Արարատի սուրբ լանջին,
Կենսաժըպիտ իր շողերը պիտի ժըպտան առաջին,
Ու պոետներ, որ չեն պըղծել իրենց շուրթերն անեծքով,
Պիտի գովեն քո նոր կյանքը նոր երգերով, նոր խոսքով,
Իմ նո՛ր հայրենիք,
Հզո՛ր հայրենիք…»:

Սփյուռք ամառային դպրոց

Scroll Up