Independent. Էրդողանը Թուրքիան տանում է կործանման

Թուրքիայի իշխանությունների կողմից թույլ տված սխալների հետևանքով ի հայտ եկած ներքին խնդիրները և հարևանների հետ լարված հարաբերությունները երկիրը տանում են կործանման: «Ռիա նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ, իր հեղինակային հոդվածում այս մասին գրում է բրիտանական հեղինակավոր «Independent» պարբերականի վերլուծաբան Ռոբերտ Էլլիսը: Այս մասին հայտնում է Panorama.am-ը:

Ըստ հեղինակի, նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարած քաղաքականությունը տանում է Թուրքիայում ժողովրդավարության «էռոզիայի»:

«2002թ.-ին, մինչև այն պահը քանի դեռ իշխանության չէր եկել «Արդարություն և զարգացում» կուսակցությունը, Թուրքիան շատ թե քիչ, հետևում էր Քեմալ Աթաթուրքի պատգամին՝ «խաղաղություն` տանը, խաղաղություն` սահմաններից դուրս»: Այն ժամանակ երկիրը դեռևս ՆԱՏՕ-ի հարգված անդամ էր և, չնայած հեռու, բայց, այնուամենայնիվ, ԵՄ-ին անդամակցելու հեռանկարներ ունեցող պետություն»,- նշել է հեղինակը:

Այնուհանդերձ ԱԶԿ-ի իշխանության գալուց հետո, ըստ հեղինակի, այս կայունությունը խափանվեց: ԱԶԿ-ն ինքն իրեն ներկայացնում է որպես արևմտամետ, բարեփոխիչ, նեոլիբերալ և աշխարհիկ կուսակցություն: Իսկ եվրոպացի քաղաքական գործիչները մինչև 2012թ.-ը Թուրքիան անվանում էին աշխարհիկ և ժողովրդավար երկրի ոգևորիչ օրինակ:

«Սակայն ինչպես նշում է ընդդիմադիր ազգային կուսակցության առաջնորդ Ֆարուք Լոգօղլուն, երկրում իրավիճակի շուրջ իրենց պատկերացումները ցավոք սրտի փոփոխություն կրեցին»,- նշում է Էլլիսը:

Էրդողանի իշխանության գալուց հետո այն ժամանակվա արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն Աթաթուրքի պատգամը փոխարինեց «Զրո խնդիր հարևանների հետ» կոնցեպցիայով:

«Արդյունքում Թուրքիան փչացրեց իր հարաբերությունները իր բոլոր հարևանների հետ: Նրան նույնիսկ հաջողվեց իրենից վանել Ռուսաստանին այն բանից հետո, երբ թուրքական օդուժը Սիրիայի օդում խոցեց ռուսական ՍՈւ-24 ռմբակոծիչը»,- շեշտել է վերլուծաբանը:

Վերջինիս համոզմամբ, դեպի անսահմանափակ իշխանություն ունենալու իր մոլուցքի պատճառով Էրդողանը սանձազերծեց քրդերի դեմ քաղաքացիական պատերազմ, ինչը վտանգում է՝ քանդել Աթաթուրքի և նրա դաշնակիցների կողմից ստեղծված Թուրքիան:

Ամփոփելով՝ հեղինակը եզրակացնում է, որ «Զրո խնդիր հարևանների հետ» կոնցեպցիայի կրած պարտությունից գլխավոր տուժած կողմը Թուրքիայի ժողովուրդն է, այն պատճառով, որ Էրդողանը հետապնդում է այլախոհության բոլոր փորձերը՝ իր քննադատներին անվանելով «դավաճաններ» և «ահաբեկիչներ»:

Scroll Up