Մեկնարկել է «Որդեգրիր մի գյուղ» ծրագիրը

Դեկտեմբերի 11-ին Վայոց Ձորի Արենի գյուղում տեղի է ունեցել «Որդեգրիր մի գյուղ» ցուցանակի տեղադրումը, որով հիմք է դրվել Նոր Զելանդիայի հայ համայնքի կողմից Արենիի եւ շրջակա գյուղերի որդեգրմանը: Այս մասին գրում է mediamax.am-ը:

«Որդեգրիր մի գյուղ» հայեցակարգը մշակվել է Նոր Զելանդիայի եւ Ավստրալիայի քաղաքացի, «Ծագումը: Բացահայտում» վեպի հեղինակ Լեն Ուիքսի կողմից:

Շրջելով Հայաստանի մարզերում եւ տեսնելով հայկական գյուղերի անմխիթար վիճակը՝ նա նախաձեռնել է այս ծրագիրը, որը կապում է հայկական գյուղերն ու դրանց շրջակայքը կոնկրետ երկրի հետ, որտեղ գործում է հայկական համայնք:

Ծրագիրն անմիջական կապ է ստեղծում երկու կողմերի միջեւ՝ առանց որեւէ միջնորդի եւ վերահսկվում է սփյուռքահայության կողմից: Այն իրականացվում է փոքր միկրոծրագրերի միջոցով` չպահանջելով մեծ գումարների ներդնում:

«Որդեգրիր մի գյուղ»-ի նպատակն է գեղեցկացնել, մաքրել հայկական գյուղերը ոչ միայն հենց գյուղի բնակիչների համար, այլեւ պոտենցիալ զբոսաշրջիկների համար:

Ներկայում հայեցակարգի հեղինակ Լեն Ուիքսն աշխատում է իր վեպի հիման վրա ֆիլմ-եռերգություն ստեղծելու ուղղությամբ, որը յուրօրինակ գովազդ կհանդիսանա Հայաստանի համար՝ մեծ էկրանին ցուցադրելով Հայաստանի գեղեցկությունը, մշակույթը, պատմությունը, ինչպես նաեւ անդրադառնալով Հայոց ցեղասպանությանը:

Scroll Up