ՀՀ Նախագահ. Հայ երիտասարդը բոլոր բնագավառներում պետք է լինի մրցունակ

Նոյեմբերի 27-ին մեկնարկեց ՀՀ սփյուռքի նախարարության, Ռուսաստանի հայերի միության, «Գալուստ Կյուլպենկյան» հիմնարկության  և Նիժնի Նովգորոդի «Իմաստ»  երիտասարդական ընկերակցության կողմից համատեղ կազմակերպուած Հայաստանի, Արցախի և Սփյուռքի հայկական  երիտասարդական կազմակերպությունների ղեկավարների և ներկայացուցիչների երկրորդ համաժողովը՝ «Ապագա» խորագրով:

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Համաժողովի մասնակիցներին ուղերձ է հղել, որը ընթերցեց ՀՀ սփյուռքի նախարար Հակոբյան

ՀՀ Նախագահը մասնավորապես ասել է.

«Ապագա» համահայկական երիտասարդական երկրորդ համաժողովի մասնակիցներին։

 Ջերմորեն ողջունում եմ համահայկական երիտասարդական երկրորդ համա­ժո­ղովի մասնակիցներին և հյուրերին:

«Ապագա»  խորագիրը կրող այս կարևոր հավաքը մեկտեղել է սփյուռքի տարբեր համայնքների երիտասարդ ներկայացուցիչներին:

Վստահ եմ, որ համաժողովի ըն­թաց­քում քննարկվելիք հարցերի շարքում են լինելու հայ երիտասարդության մաս­նագի­տա­կան ներուժի համախմբումը, հայոց լեզվի և ազգային ինքնության պահ­պա­նումը, ուծաց­ման մարտահրավերներին դիմակայելու տարբերակների առաջադրումը, ինչ­պես նաև միջհամայնքային կապերի զարգացումը՝ ի նպաստ Հայաստան-սփյուռք գործակցության ամրապնդման:

Արդի հարափոփոխ աշխարհում մրցակցությունը տեղափոխվել է առավելապես գիտելիքի դաշտ: Ուստի, հայ երիտասարդը բոլոր բնագավառներում և հատկապես իր մաս­նագիտության մեջ պետք է լինի մրցունակ ու առաջավոր:

Ձեզանից յուրա­քանչյու­րը պետք է ամենայն պատասխանատվությամբ մոտենա իր աշխատանքին և հանրա­յին դերակատարությանը, քանի որ նաև ձեր միջոցով են ճանաչում հային և հայ ժո­ղովրդին:

Խորհրդանշական է, որ այս համաժողովը տեղի է ունենում Հայոց ցեղասպա­նու­թյան 100-րդ տարելիցին:

Աշխարհի չորս կողմերում անցկացվեցին սրբա­դասված մեր նահատակների ոգեկոչման հազարավոր միջոցառումներ, որոնք հեր­թա­կան անգամ ապա­ցուցեցին հայի ապրելու, արարելու և պայքարելու անկոտ­րում կամքը:

Այդ գործում ամենալուրջ մասնակցությունը ցուցաբերեցին հայ երի­տա­սարդ­ները: Հենց դուք էիք այդ ձեռնարկների առաջամարտիկները և մեր արդար դատի նվի­րյալ պաշտ­պանները:

Վստահ եմ, որ այսուհետ ևս ավելի համա­խմբված ու կազ­մա­կերպված եք շարունակելու վերածնված մեր ազգի պայքարը:

Լիահույս եմ, որ լավագույնս կօգտագործեք այս համաժողովը առկա խնդիրները հանգամանալից քննարկելու և հետագա անելիքները նախանշելու համար:

Համաժողովին մաղ­թում եմ բովանդակալից և արդյունավետ աշխատանք, իսկ ձեզ՝ հաջողություններ, ուժ ու եռանդ:

ՀՀ Նախագահ

ՍԵՐԺ  ՍԱՐԳՍՅԱՆ

Scroll Up