«Զավակներիս հետ տանը հայերեն եմ խոսում». ռուս մայրիկ

Մոսկվայի «Հայորդյաց տուն» ընդունված յուրաքանչյուր սանի մասին կարելի է անվերջ պատմել։ Բացառություն չէ նաև Ալեսյա Աբրահամյանը, ում երեք զավակներն այս տարի «Հայորդյաց տուն» են ընդունվել։

««Հայորդյաց տան» մասին իմացա այստեղ սովորող գործընկերներուհուցս և երեխաներիս ասացի, որ կիրակի օրերին հայերեն սովորելու և այսուհետ իրենց ազգակիցների հետ շփվելու հնարավորություն ունեն։ Հատկապես մեծ որդիս շատ ուրախացավ»,- «Հայերն այսօրի» փոխանցմամբ՝ «Հայորդյաց տան» տեղեկատվական կենտրոնի թղթակցի հետ զրույցում ասաց ազգությամբ ռուս Ալեսյան՝ հավելելով, որ տարբեր մշակույթի ներկայացուցիչներից ծնված երեխաները պետք է լինեն երկու մշակույթի կրողն էլ և անպայման տիրապետեն երկու լեզուներին էլ։

Իր համոզմունքներից հետ չմնալու և զավակներին իրենց հայրիկի մայրենի լեզուն սովորեցնելու համար Ալեսյան օգտագործում է բոլոր հնարավորությունները։ Նախ, գտնվելով ամուսնու բարեկամների շրջապատում և որոշ ժամանակ ապրելով նրանց հետ, ինքն է սովորել հայերենը, ապա սկսել զավակների հետ շփվել ամուսնու մայրենի լեզվով։

«Սկզբում հայերենի վերջավորությունները ճիշտ չէի ասում, բայց ժամանակի ընթացքում սկսեցի քիչ սխալներ անել և չամաչել խոսելուց։ Հիմա աշխատում եմ նրանց հետ տանը հայերեն խոսել, քանի որ ամուսինս աշխատանքի է և հայերեն լսելու այլ հնարավորություն զավակներս չունեն։ Մեծ որդիս՝ Սերժը, մեծ ոգևորությամբ է հայերենը սովորում, իսկ փոքրիս՝ Արսենի մոտ որոշակի դժկամություն եմ նկատում։ Սակայն իրեն համոզում եմ, որ հայերենն իր մասնիկը պետք է լինի։ Մարիամս նույնպես սիրով է գալիս դասերին, նաև լավ երգում է։ Վոլգոգրադում, որտեղ ապրում էին Մոսկվա տեղափոխվելուց առաջ, նա մասնակցել է հայկական երգի մրցույթի և հաղթել։ Ժամանակին ես էլ էի հայերեն երգում»,- ասում է չորրորդ բալիկին սպասող Ալեսյան և հավելում, որ զավակները հիացած են նաև հայկական պարով և անպայման ցանկանում են յուրացնել այն։

Այն հարցին, թե Ալեսյան կարճ ժամանակում իրականանալիք ինչ ցանկություններ ունի երեխաների հետ կապված՝ պատասխանեց,  որ ցանկանում է զավակներին հնարավորինս շատ տանել Հայաստան, ապա՝ չորրորդ զավակի ծնունդից հետո, ամուսնու հետ պսակադրվել հայկական եկեղեցում։

 ռուս մայրիկ ռուս մայրիկ1

Scroll Up