Մի լուսանկարի պատմություն.Վարդուհի Վարդերեսյան

ՀՀ սփյուռքի նախարարության «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերականը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում մի նախագիծ է պատրաստում, որտեղ խորհրդանշական լուսանկարների միջոցով ներկայացվում է Հայոց ցեղասպանության ողջ արհավիրքը: Լուսանկարների «հերոսների» թվում անվանի մարդիկ են, որոնց մեջ է նաև մեր սիրելի արտիստուհին:

… Վարդուհի Վարդերեսյանին պետք է լուսանկարեինք Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում: Պայմանավորվածության համաձայն՝ աշնանային մի օր, տան բակում՝ սրտի թրթիռով սպասում էինք նրան: Եկավ տիկին Վարդուհին՝ կոկիկ հագուկապով, հարդարված սանրվածքով, ժպիտը դեմքին՝ ինչպես որ միշտ էր…

Ծիծեռնակաբերդ հասնելուն պես՝ միանգամից ներգրավվեց աշխատանքային մթնոլորտին: Դեմքին ցավի, ցասումի և պահանջատիրության արտահայտություններ տալով՝ լուսանկարչին հորդորում էր ուշադրություն դարձնել ամեն մի մանրուքին: Շատ ոգևորված էր և անընդհատ շնորհակալության խոսքեր էր ասում…

Հրաժեշտ տալիս մեխակները, որոնք լուսանկարելու համար էինք տվել տիկին Վարդուհուն, սկսեց սիրահոժար բաժանել: Իսկ երբ հասավ ինձ մեխակ նվիրելու հերթը, ասաց. «Վերցրու՛, բարեկամս, սա էլ սիրածդ աղջկան կնվիրես…»:

Այդ օրից  մեկ տարի է անցել… Շուտով կյանքի է կոչվելու լուսանկարների ցուցադրությունը, որն  իր ներկայությամբ պետք է զարդարեր Վարդուհի Վարդերեսյանը, բայց…

… Կհավաքվեն մարդիկ, կարտահայտեն իրենց սրտի խոսքը, կծանոթանան լուսանկարներին, իսկ Դու՞ք… Դուք չե՛ք լինի, չե´ք հագնի նախապես որոշած սև զգեստը, որ պահել էիք այդ օրվա համար, ու չե՛ք ասմունքի խոստացած բանաստեղծությունները, որոնք պատրաստել էիք:

Վստահ եմ՝ իբրև սփոփանք, հիշողության վերջին պատառիկ՝ այդ օրը կժպտաք մեզ լուսանկարից, լուսանկար, որի պատմությունը միշտ վառ կմնա բոլորիս սրտերում:

Գևորգ Չիչյան

Լուսանկարը՝ Իննա Մխիթարյանի

Scroll Up