Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ «Լավագույն ուսուցիչ» ամենամյա մրցույթի 2015 թ. մրցանակաբաշխությունը

ուսուցիչ

Նոյեմբերի 10-ին, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում տեղի ունեցավ «Հայոց պատմություն», «Հայոց եկեղեցու պատմություն», «Հայոց լեզու և գրականություն», «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն» առարկաների ուսուցիչների ու դասվարների` «Լավագույն ուսուցիչ» ամենամյա մրցույթի 2015 թ. հաղթողների մրցանակաբաշխության հանդիսությունը:

Այն իրականացվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հովանավորությամբ և ՀՀ Կրթության ու գիտության նախարարության ու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի համատեղ ջանքերով:

Հանդիսավոր ցերեկույթն սկսվեց միասնական Տերունական աղոթքով, ապա ներկաներին բարիգալստյան խոսքով դիմեց Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Գերաշնորհ Տ. Վարդան եպիսկոպոս Նավասարդյանը: Ողջունելով 12 տարիների արդեն ավանդական դարձած մրցույթի մասնակիցներին` Սրբազանը գոհունակությամբ հաստատեց, որ մրցույթն իր ուրույն տեղն ու առաքելությունն ունի կրթական ոլորտում: Վարդան Սրբազանը ներկայացրեց մրցույթի անցկացման կարգը և արձանագրված հաջողությունները, ապա հորդորեց ուսուցիչներին շարունակել իրենց նվիրյալ ջանքերը գործադրել, որպեսզի երբեք նահանջ չապրեն հայոց գիրն ու ազգային կրթությունը: ՔԴԿ տնօրենը վերջում իր շնորհակալությունը հայտնեց Ամենայն Հայոց Կաթողիկոսին երիտասարդ սերնդի կրթության հանդեպ մշտական ուշադրության և հայոց ազգային դպրոցի կայացմանն ըստ ամենայնի նպաստելու համար:

Այնուհետև ելույթ ունեցավ ՀՀ ԿԳ նախարար տիար Արմեն Աշոտյանը: «…Դժվար է պատկերացնել ժամանակակից հայկական դպրոց`առանց հայկական բաղադրիչի գոյության և ընդգծվածության: Իհարկե, կարող ենք թվարկել առարկաներ` հայոց լեզու, գրականություն, պատմություն և այլն, բայց նախևառաջ դպրոցին ազգային նկարագիր է տալիս մտածելակերպը և արժեհամակարգը: Հետևաբար` այսօր, առավել քան երբևէ, հատկապես հաշվի առնելով բազմաթիվ նոր մարտահրավերներ` հայկական դպրոցը պետք է լինի ազգային, հետևաբար` այն չի կարող գոյություն ունենալ առանց իր ազգային ինքնության հիմնական առաքյալի` Մայր Աթոռի և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու», – նշեց ՀՀ ԿԳ նախարարը` անդրադառնալով նախարարության և Մայր Աթոռի միջև ձևավորված սերտ համագործակցությանը: Նախարարը խոսեց նաև դպրոցում արժեհամակարգի կերտման կարևորության մասին` ընդգծելով, որ Մայր Աթոռի գոյությունը կրթական համակարգում այն անկյունաքարերից մեկն է, որի վրա խարսխված է հայկական դպրոցի ազգային լինելու հանգամանքը:

Օրվա առիթով խոսքով հանդես եկավ նաև ՀՀ ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ տիկին Կարինե Աճեմյանը:

Հանդիսավոր ցերեկույթի շրջանակներում գեղարվեստական կատարումներով հանդես եկան «Լույս» երգեցիկ հնգյակն ու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Էօռնեկեան հանրակրթական դպրոցի» երգչախումբը, ապա Ամենայն Հայոց Կաթողիկոսը և ՀՀ ԿԳ նախարարը հաղթող ուսուցիչներին հանձնեցին մրցույթի մասնակցության վկայականներ, հոգևոր գրականություն ու դրամական պարգևներ:

Առաջին մրցանակի արժանացան «Հայոց պատմություն» առարկայի ուսուցչուհի Մարինե Քոչարյանը (Երևանի 182-րդ ավագ դպրոց), «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի ուսուցչուհի Ցողիկ Ստեփանյանը (ՀՀ Արարատի մարզ, Մասիսի 5-րդ ավագ դպրոց), «Հայոց լեզու և գրականություն» առարկայի ուսուցչուհի Զարուհի Նիազյանը (Երևանի 116-րդ հիմնական դպրոց), «Քիմիա» առարկայի ուսուցչուհի Սուսաննա Ալեքսանյանը (ՀՀ Կոտայքի մարզ, Հրազդանի 2-րդ հիմնական դպրոց):

 Երկրորդ մրցանակ ստացան «Հայոց պատմություն» առարկայի ուսուցչուհիներ Ռուզաննա Խաչատրյանը (Սիսիանի ավագ դպրոց) և Նարինե Գալստյանը (Երևան, ՃՇՀԱՀ  Աբեղյանի անվան  ավագ դպրոց), «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի ուսուցչուհիներ Լիլյա Գասպարյանը (ՀՀ Շիրակի մարզի Վահրամաբերդի միջնակարգ դպրոց) և Կիմա Խաչատրյանը (ՀՀ Արմավիրի մարզ, Աղավնատան միջնակարգ դպրոց), «Հայոց լեզու և գրականություն» առարկայի ուսուցչուհիներ Անժելա Նազարեթյանը (Երևան, Ա. Շահինյանի անվ. ֆիզմաթ հիմնական դպրոց) և Թամարա Մուրադյանը (Վանաձորի 10-րդ ավագ դպրոց), «Ֆիզիկա» առարկայի ուսոցչուհի Շուշանիկ Գասպարյանը (Երևանի 182-րդ ավագ դպրոց), «Քիմիա» առարկայի ուսուցչուհի Մարինե Գափոյանը (ՀՀ Գեղարքունիքի մարզ, Կարմիրգյուղի առաջին միջնակարգ դպրոց), դասվարներ Սիլվա Գասպարյանը (ՀՀ Գեղարքունիքի մարզ, Կարմիրգյուղի 2-րդ միջնակարգ դպրոց) և Լուսինե Ավալյանը (ՀՀ Տավուշի մարզ, Բերդի  3-րդ հիմնական դպրոց):

Երրորդ մրցանակն ստացան «Հայոց պատմություն» առարկայի ուսուցչուհիներ Լուսինե Աղազարյանը (ՀՀ Արմավիրի մարզ, Վաղարշապատի  4-րդ հիմնական դպրոց), Էմմա Ռուստամյանը (ՀՀ Գեղարքունիքի մարզ, Դդմաշենի միջնակարգ դպրոց), Վարդիթեր Թելունցը (Երևանի 123-րդ հիմնական դպրոց), «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի ուսուցչուհիներ Անժելա Իսպիրյանը (ՀՀ Արագածոտնի մարզ, Աշտարակի առաջին  հիմնական դպրոց), Սվետլանա Պապինյանը (ՀՀ Արմավիրի մարզ, Մեծամորի միջնակարգ դպրոց), «Հայոց լեզու և գրականություն» առարկայի ուսուցչուհիներ Սիրարփի Դավթյանը (Երևանի  182-րդ ավագ դպրոց), Նորա Գոզեյանը ( ՀՀ Գեղարքունիքի մարզ, Գավառի 5-րդ հիմնական դպրոց), Գոհար Հայրապետյանը (ՀՀ Սյունիքի մարզ, Սիսիանի հիմնական դպրոց), «Քիմիա» առարկայի ուսուցչուհի Վարդուհի Օհանջանյանը (ՀՀ Սյունիքի մարզ, Կապանի  5-րդ հիմնական դպրոց), «Ֆիզիկա» առարկայի ուսուցչուհի Ծովինար Սմբատյանը (Երևան, ՃՇՀԱՀ  Աբեղյանի անվան  ավագ դպրոց), «Կենսաբանություն» առարկայի ուսուցչուհի  Ռուբինա Հարությունյանը (Երևան, Հերացի ավագ դպրոց), դասվարներ Ժասմեն Խուրշուդյանը (ՀՀ Սյունիքի մարզ, Գորիսի  3-րդ հանրակրթական դպրոց), Գոհար Չարխիֆալակյանը (Երևան,  51-րդ հիմնական դպրոց), Լուսինե Մանուկյանը (ՀՀ Արմավիրի մարզ, Սարդարապատի միջնակարգ դպրոց):

Մրցանակների հանձնումից հետո շնորհակալական խոսք ասաց Երևանի 182-րդ ավագ դպրոցի «Հայոց պատմություն» առարկայի ուսուցչուհի Մարինե Քոչարյանը:

Այնուհետև «Էջ Միածինն ի Հօրէ» շարականի երգեցողության ներքո ներս բերվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի Սրբատառ կոնդակը` ուղղված ՀՀ Կրթության և գիտության նախարարությանը:

Հայրապետական Կոնդակում, որն ընթերցեց Մայր Աթոռի հոգևոր-կրթական հաստատությունների վերատեսուչ Գերաշնորհ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանը, մասնավորապես ասված է.

«Բարձրյալն Աստուծո բարերար կամքով առիթն ունենք գնահատանքի խոսք ուղղելու ՀՀ Կրթության և գիտության մեծարգո նախարար տիար Արմեն Աշոտյանին, նախարարության բարեջան պաշտոնեությանը, որ նախանձախնդիր հոգով ջանքեր են բերում մեր երկրում կրթության և գիտության զարգացման գործին:

Անհուն ուրախությամբ ենք անդրադառնում, որ ՀՀ Կրթության և գիտության նախարարության արդյունավոր գործունեության բարի արգասիքներն այսօր զգալի են մեր կյանքում: Իրականացվող բարեփոխումներով հնարավորություններ են ստեղծվում ուսումնակրթական ու գիտական հաստատությունների բարվոք գործունեության և արդիական կրթության ապահովման համար:

Մեր ժողովուրդը միշտ ձգտել է համաքայլ ընթանալ կրթական և գիտական զարգացումներին: Խաղաղ, թե աղետալի ժամանակներում հայրենիքում և սփյուռքի համայնքներում հայկական դպրոցը շարունակել է գործել: Գործել է ուսման և լուսավորության հանդեպ մեր ժողովրդի սիրով ու նախանձախնդրությամբ, գիտակցությամբ, որ դպրոցը հայրենիք է, ազգ է, ապագա է: Այսօր նախարարությունը և կրթության անդաստանի երախտարժան մշակները անհոգնաբեկ ջանքեր են ներդնում մեր զավակների սրտում արթուն պահելու համար ուսման սերը, նորարարության ձգտումը, արարելու, կյանքը բարելավելու և կատարելագործելու տեսլականը, լինելու արժանավոր քաղաքացիները մեր երկրի ու ժողովրդի: Գնահատելի են արդյունավոր ջանքերը հայեցի կրթությունը ամուր հիմքերի վրա պահելու և զօրացնելու ուղղությամբ, որպեսզի մեր զավակներին միշտ սիրելի ու հարազատ լինեն մայրենի լեզուն ու գիրը, մեր պատմությունն ու մշակույթը, որպեսզի նրանք կարողանան տեսնել ու արժևորել մեր ժողովրդի դերն ու ներդրումը մարդկության պատմության մեջ, քրիստոնեական կյանքում և հավատարիմ հայրենյաց ավանդին՝ շարունակեն մեր ժողովրդի ընթացքը ազգերի կողքին:

Գոհունակությամբ ենք անդրադառնում նաև, որ Կրթության և գիտության նախարարության և մեր Եկեղեցու միջև վերջին տարիներին կարևոր գործակցություն է ձևավորվել՝ առավել արդյունավոր ու նպատակային դարձնելու համար նոր սերնդի հայեցի կրթության ու դաստիարակության գործը: Համատեղ իրագործված ծրագրերը, հատկապես հանրակրթական դպրոցներում ներդրված «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի դասավանդումը, մեծապես նպաստում են, որպեսզի նոր սերունդը հաղորդ դառնա քրիստոնեական հավատքին, մեր Եկեղեցուն, հոգևոր-բարոյական արժեքներին՝ կարևորելով դրանք որպես հիմք կյանքի:

Փառք և գոհություն բարձրացնելով առ Աստված մեզ շնորհված հաջողությունների ու ձեռքբերումների համար՝ Հայրապետական Մեր գնահատանքն ու օրհնությունն ենք բերում ՀՀ Կրթության և գիտության նախարար Տիար Արմեն Աշոտյանին՝ արժանավոր զավակին մեր Սուրբ Եկեղեցու, որ ամենայն նախանձախնդրությամբ իր ավանդն է բերում մեր երկրի և ժողովրդի առաջընթացին, մշտապես աջակից է նաև մեր Եկեղեցու և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կրթական նախաձեռնություններին: Մեր գնահատանքն ու օրհնությունն ենք բերում ՀՀ Կրթության եւ գիտության նախարարության պաշտոնեությանն ու աշխատակազմին՝ մեր հայրենիքի և ժողովրդի կյանքում իրենց ազնիվ նվիրումի և բարի ծառայության համար:

Հայրապետիս աղոթքն է առ Երկնավոր մեր Տերը, որ Իր հովանու ներքո խաղաղ պահի ու պահպանի հայրենի մեր երկիրն ու հավատավոր մեր ժողովրդին, առաջնորդի մեզ ճշմարտության Իր Սուրբ Հոգով և օրհնի բարօրության ու առաջընթացի մեր ջանքերը, նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ պարգևի ՀՀ Կրթության և գիտության նախարարությանը իր ազգաշեն ու հայրենաշեն գործունեության մեջ»:

Հանդիսության վերջում մասնակիցներին իր օրհնությունն ու պատգամը բերեց Գարեգին Բ Հայրապետը:

Ողջունելով կրթության գործի մշակների ներկայությունը հայոց հոգևոր կենտրոնում` Ամենայն Հայոց Կաթողիկոսը նախ շնորհավորեց մրցույթի մրցանակակիրներին, ապա անդրադարձավ ուսուցչի գնահատարժան առաքելությունը:

«Մեծ շնորհ և պատասխանատվություն է ձեր ուսերին՝ գիտելիք հաղորդելու, իմացության և ճանաչողության ուղիներով առաջնորդելու մեր զավակներին, ձևավորելու նրանց որպես սկզբունքներ ունեցող անհատներ, որպես մեր երկրի հայրենասեր քաղաքացիներ ու մեր ժողովրդի ազգասեր որդիներ ու դուստրեր: Այս նպատակը ընդհանուր հասարակությանն  է, անշուշտ, բայց առավել չափով իրականանում է ձեր ամենօրյա աշխատանքի ու գործունեության արդյունքում: Ձեր նվիրումով, առօրյա ջանքերով են կրթվում ու հասակ առնում մատաղ սերնդի միտքն ու հոգին, և այդ պատճառով երբեք բարձրագոչ չէ ասելը, որ ձեր ձեռքերում մեր ժողովրդի ապագան է: Մենք կուզենայինք, որ այս գիտակցությունը  ամեն օր ներշնչեր ձեր գործունեությունը:

Մենք գիտենք, որ ձեր աշխատանքը չի սկսվում և չի ավարտվում զանգի հնչումով, յուրաքանչյուր դասաժամի դուք նախապատրաստվում եք տրամադրելով ավելի ժամանակ, քան այդ դասաժամն է: Նախապատրաստվում եք ոչ միայն դասանյութի մատուցմանը, այլև՝ ձեր սաների հետ ընդհանուր աշխատանքին՝ իբրև մանկավարժներ, հոգեբաններ, իբրև երկրորդ ծնող: Մեր օրերում համացանցի միջոցով ավելի ու ավելի դյուրին է դառնում գիտելիքների ձեռքբերումը, բայց ուսուցիչը հեղինակություն է ոչ միայն գիտելիք փոխանցելով, այլև` օրինակ լինելով և վայելելով իր սաների վստահությունը, հարգանքն ո սերը:

Մենք գոհունակությամբ ենք անդրադառնում, որ մեր երկիրը, Կրթության ու գիտության նախարարությունը ավելի մեծ հնարավորություններ է գտնում բարելավելու, արդիական պահանջներին համահունչ դարձնելու ուսումն ու կրթությունը և արժանիորեն գնահատելու մանկավարժների գործունեությունը:  Գոհունակություն է Հայրապետիս համար, որ զորանում են նաև նախարարության և մեր Եկեղեցու համագործակցությունը և համատեղ ծրագրերը՝ ի նպաստ մատաղ սերնդի կրթության, հոգևոր արժեքներով դաստիարակության: Մեր Եկեղեցին նույնպես ջանում է առավել մեծ հնարավորություններ ստեղծել, որպեսզի մեր զավակները սնվեն ու աճեն հավատքով, միմյանց հանդեպ սիրով, արդարության, ճշմարտության արժեքներով, լինեն հավատարիմ որդիները մեր ժողովրդի ու երկրի», – ասաց Նորին Սրբությունը:

Այս առիթով Վեհափառ Հայրապետը նաև իր գնահատանքը հայտնեց ԿԳ նախարարությանը, Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնին և մրցույթի կազմակերպիչներին:

Մանկավարժներին և կրթության գործի բոլոր նվիրյալներին Նորին Սրբությունը ցանկացավ, որ Աստված Իր շնորհներով առատապես շնորհազարդի նրանց և զորակից լինի՝ արգասավորելու իրենց մեծ առաքելությունը հայ ժողովրդի կյանքում: Հայոց Հայրապետը նաև մաղթեց, որ Ողորմած Աստված օրհնի հոգևոր ու ազգային կյանքի շենացման, լուսավոր գալիքի կերտման ջանքերը:

Ցերեկույթը փակվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի «Պահպանիչ» աղոթքով: