«Հայապահպանության գործում նշանակալի ավանդի համար» համահայկական մրցանակաբաշխություն-2015

mrcanakabashkhutyun

Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարությունը, Համաշխարհային հայկական կոնգրեսը և Ռուսաստանի հայերի միությունը «Հայապահպանության գործում նշանակալի ավանդի համար» 2015թ. մրցանակաբաշխության շրջանակներում հայտարարում են մրցույթների պայմանները հետևյալ անվանակարգերում`

  1. 1.    «Մայրենիի պաշտպան» (անհատ/կազմակերպություն),
  2. 2.    «Լավագույն հայկական համայնք»,
  3. 3.    «Հայկական ավանդական ընտանիք»,
  4. 4.    «Լավագույն գեղարվեստական խումբ» (պարային համույթ, երգչախումբ, նվագախումբ):

 «Հայապահպանության գործում նշանակալի ավանդի համար» մրցանակաբաշխության նպատակն է խրախուսել Սփյուռքում հայ ազգային ինքնության պահպանման ու զարգացման հարցում կազմակերպությունների, տարբեր խմբերի, առանձին անհատների ունեցած ներդրումը, գնահատել և արժևորել այս ուղղությամբ հայկական համայնքների գործունեությունը:

Բոլոր անվանակարգերում սահմանված են 1-ին, 2-րդ, 3-րդ կարգի (խրախուսական) մրցանակներ:

 1. «Մայրենիի պաշտպան» մրցույթի կազմակերպման նպատակն է խրախուսել սփյուռքյան կառույցներին և անհատներին, ովքեր մեծ ներդրում ունեն մայրենիի պահպանման, տարածման, հայեցի կրթության և դաստիարակության գործում:

Մրցույթին կարող են մասնակցել Սփյուռքում գործող համայնքային կազմակերպություններ, կրթօջախներ, մշակութային հաստատություններ, մայրենի լեզվի ուսուցիչներ, լեզվաբաններ, մշակույթի և գրական գործիչներ:

 2. «Լավագույն հայկական համայնք» մրցույթի նպատակն է ի հայտ բերել և խրախուսել Սփյուռքում հայապահպանության գործն առավել արդյունավետ իրականացնող համայնքային կառույցների և կազմակերպությունների գործունեությունը, որը նպատակաուղղված է՝

  • ազգային ինքնության պահպանմանն ու զարգացմանը, համայնքի ինքնակազմակերպմանն ու համախմբմանը,
  • հայոց լեզվի, ազգային պատմամշակութային արժեքների, ավանդույթների պահպանմանը, զարգացմանը և տարածմանը,
  • Հայրենիք-Սփյուռք և համայնք-համայնք կապերի ամրապնդմանը, ՀՀ սփյուռքի նախարարության ծրագրերի մասնակցությանը,
  • բնակության երկրի հասարակական կյանքի բոլոր ոլորտներում մեր հայրենակիցների առավելագույն ինտեգրմանը, որպես օրինապաշտ քաղաքացիների ձևավորմանը և կայացմանը,
  • բնակության երկրի իշխանություններին և հասարակությանը հայության հիմնահարցերի պատշաճ ներկայացմանը և լոբբինգին:

 Մրցույթի համար սահմանված են.

«Ամենակուռ/համախումբ հայկական համայնք»,

«Ամենահայախոս հայկական համայնք»,

«Ավանդապաշտ հայկական համայնք»,

«Ամենանախաձեռնող հայկական համայնք»,

«ՀՀ սփյուռքի նախարարության ծրագրերին առավել ակտիվ մասնակցող հայկական համայնք»

անվանակարգերը:

 3.«Հայկական ավանդական ընտանիք» անվանակարգով մրցույթի նպատակն է՝

  • Սփյուռքի հայ համայնքներում սերունդների գնալով խորացող լեզվամշակութային ուծացման, լեզվի կորստի, ազգային ինքնության գիտակցումից, ազգային արմատներից և հոգևոր-մշակութային արժեքներից աստիճանական հեռացման պայմաններում՝ հայկական ավանդական ընտանիքների դերն ու նշանակությունը ներկայացնելն է:
  • Ընտանիքում հայկականությունը, մայրենի լեզուն, ազգային ավանդույթները, ազգային կենսակերպը և ազգային խոհանոցը պահպանող ընտանիքների խրախուսումը:
  • Հայեցի և քրիստոնեական դաստիարակության գործում հայ ընտանիքների դերակատարության բարձրացումը:

 4.«Լավագույն գեղարվեստական խումբ» (պարային համույթ, երգչախումբ, նվագախումբ):

Մրցույթի նպատակն է Սփյուռքի հայկական համայնքներում հայ հոգևոր-մշակութային և ազգային արժեքների պահպանումը և սերունդներին փոխանցելը, հայ մշակույթի տարածմանը, Հայաստան-Սփյուռք մշակութային գործակցության զարգացմանը նպաստելը:

ՄՐՑՈՒՅԹՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ ՑԱՆԿԱՑՈՂՆԵՐԸ ԼՐԱՑՎԱԾ ՀԱՅՏԱԴԻՄՈՒՄՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՆԵՐԿԱՅԱՑՆԵՆ ՀՀ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԻՆՉԵՎ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-Ը:

 Մրցույթների արդյունքները կամփոփվեն 2016 թ. փետրվար ամսին:

 Հայտադիմուերին կից անհրաժեշտ է ներկայացնել.

– կրթության մասին փաստաթուղթ (պատճենը),

– համայնքի, կառույցի կամ դպրոցի կողմից տրված բնութագիր-երաշխավորագիր (հաստատված կնիքով և ղեկավարի ստրոագրությամբ),

– յուաքանչյուր անվանակարգի համար դիմողի գործունեության նկարագիր,

-նյութեր, այդ թվում՝ տեսանյութեր, որոնք կփաստեն մրցանակաբաշխությանը դիմողների կողմից իրականացված հայապահպանական ծրագրերի մասին:

Մրցութային հանձնաժողովը կարող է դիմել հայտատուին` վերջինիս գործունեությունը լուսաբանող լրացուցիչ տպագիր նյութեր, գրքեր, հրատարակություններ, բրոշյուրներ, տեսաերիզներ, լուսանկարներ և այլ լրացուցիչ նյութեր տրամադրելու խնդրանքով:

 Յուրաքանչյուր անվանակարգի համար գործում են մասնագիտական մրցութային հանձնաժողովներ:

 Հայտադիմումը կարող եք ներբեռնել www.mindiaspora.am նախարարության պաշտոնական կայքէջից կամ www.hayernaysor.am էլեկտրոնային թերթից, լրացնել, ստորագրել, համայնքային կազմակերպության (կամ եկեղեցու) կամ կրթօջախի կողմից տրված երաշխավորագրի հետ միասին ուղարկել gitakrtakan.diaspora@yandex.ru, gitakrtakan-diaspora@mail.ru, mshakuyt-diaspora@mail.ru էլեկտրոնային հասցեներին:

Մրցանակաբաշխության իրականացման պատասխանատու՝ ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի համահայկական ծրագրերի վարչության գիտակրթական ծրագրերի բաժին       (հեռ.՝ +37410 58 56 01 (117), +37460 500-830):

 «Հայապահպանության գործում նշանակելի ավանդի համար» համահայկական ամենամյա մրցանակաբաշխության 2015թ. մրցույթի վերաբերյալ ամփոփ տեղեկատվությունը, մրցութային հանձնաժողովների աշխատանքների և մրցույթների արդյունքների մասին տեղեկատվությունը կտեղադրվեն ՀՀ սփյուռքի նախարարության պաշտոնական կայքէջում` www.mindiaspora.am կամ www.hayernaysor.am «Հայերն այսօր» էլեկտրոնային թերթում