ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հանդիպումները Շվեդիայում

Հոկտեմբերի 24-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հանդիպեց Շվեդիայի խորհրդարանի (Ռիկսդագ) փոխխոսնակ Իսաբել Դինգիզյանի հետ։ Նախարարն իր երախտագիտությունը հայտնեց Դինգիզյանին Շվեդիայում հայ համայնքը լավագույնս ներկայացնելու և երիտասարդ հայորդիների համար սփյուռքահայ քաղաքական գործչի փայլուն օրինակ հանդիսանալու համար։ Հայաստան-Սփյուռք գործակցությանը նշանակալի ծառայություններ մատուցելու և Շվեդիայում Հայոց ցեղասպանության ճանաչման գործում զգալի ավանդի համար Նախարար Հրանուշ Հակոբյանը փոխխոսնակ Դինգիզյանին պարգևատրեց ՀՀ սփյուռքի նախարարության ոսկե հուշամեդալով։

 Տեղի ունեցավ նաև ՀՀ սփյուռքի նախարարի հանդիպումը Սյոդերթելյեի քաղաքապետ Բոել Գոդների հետ: Նախարարը գոհունակություն հայտնեց հայ համայնքի նկատմամբ քաղաքային իշխանությունների ցուցաբերած հոգատար վերաբերմունքի համար, ինչպես նաև ապրիլին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված Սյոդերթելյեի քաղաքապետարանում բացված ցուցահանդեսի կազմակերպման համար: Իր հերթին քաղաքապետ Գոդները բարձր գնահատեց հայության մասնակցությունը Սյոդերթելյեի հասարակական կյանքին: Մտքեր փոխանակվեցին Սյոդերթելյեի հայությանը հուզող հարցերի շուրջ:

 Երեկոյան Ստոկհոլմում նախարար Հակոբյանը հանդիպեց Ստոկհոլմի հայ համայնքի հետ։ Նա ներկայացրեց Հայաստան-Սփյուռք գործակցության արդի մարտահրավերները, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիմնական միջոցառումները և ընթացիկ արդյունքները, պատասխանեց համայնքին հուզող հարցերին:

 Հանդիպմանը ներկա էին Շվեդիայում ապաստանած բազմաթիվ սիրիահայեր, ովքեր նախարարին ներկայացրին իրենց խնդիրները և դրանց լուծման հնարավորությունները։ Հանդիպման ավարտին նախարար Հակոբյանը Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման, Շվեդիայում Հայոց ցեղասպանության ճանաչման գործում ներդրած ավանդի, ինչպես նաև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների պատշաճ կազմակերպման համար մեդալներով և շնորհակալագրերով պարգևատրեց շվեդահայ համայնքի մի շարք գործիչների։

a10a11a9handipum

Scroll Up