Կայացավ «Նոր Հալեպ» թաղամասի հիմնադրման աշխատանքները համակարգող հանձնախմբի նիստը

Օգոստոսի 14-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում կայացավ ՀՀ Նախագահի հանձնարարությամբ սիրիահայերի համար Աշտարակ քաղաքում «Նոր Հալեպ» թաղամասի հիմնադրման աշխատանքները համակարգող հանձնախմբի նիստը:

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը շնորհակալություն հայտնեց «Նոր Հալեպ» թաղամասի հիմնադրմանն աջակցող բոլոր կազմակերպություններին ու անհատներին, մասնավորապես նշեց թաղամասի նախագծի վրա աշխատած բոլոր ճարտարապետներին:

Երևանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանը ներկայացնելով սիրիահայերի համար Աշտարակում կառուցվող «Նոր Հալեպ» թաղամասի գլխավոր հատակագիծը, նշեց, որ առավել ամբողջական, ներդաշնակ կառուցապատում իրականացնելու համար Աշտարակում հատկացված 4,8 հեկտար տարածքը նախագծվել է որպես քաղաքատիպ թաղամաս՝ 4-5 հարկանի շենքերով, կանաչապատված բակային տարածքներով բնակելի համալիր:

Ճարտարապետների համահայկական ընկերակցության համանախագահ Վահե Թութունջյանը նշեց, որ թաղամասի նախագծմանը մասնակից լինելը լավ առիթ է, որպեսզի փորձի փոխանակության և համագործակցության հնարավորություն  ունենան Հայաստանի և արտասահմանյան մասնագետները: «Իմ կարծիքով, այս ծրագիրը Հայաստան -Սփյուռք գործակցության լավագույն օրինակ է», – ասաց նա:

Արագացված շինարարության հետ կապված խնդիրների, նոր տեսակի շինաքարի մասին խոսեց շինաքարի գյուտարար Միքայել Համամջյանը: Ցուցադրվեց տեսաֆիլմ նոր շինաքարով կառուցված տների առավելությունների, մասնավորապես, քարի թեթևության, ջերմապահպանման, սեյսմակայունության վերաբերյալ:

Ճարտարապետական պետական կոմիտեի նորանշանակ նախագահ Նարեկ Սարգսյանը նշեց, որ «Նոր Հալեպ» թաղամասը կունենա ճարտարապետական ժամանակակից լուծում, որն իր ոճով ու գեղեցկությամբ կլինի ոչ միայն գրավիչ, այլև հարմարավետ ու հեռանկարային:

«Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Լենա Հալաջյանը խոսեց սիրիահայերից ստացվող նոր դիմումների մասին: «Դրսից էլ են դիմում, ցանկություն  են հայտնում հաստատվել Հայաստանում»,- ասաց ՀԿ նախագահը:

Ամփոփելով նիստը,  ՀՀ սփյուռքի նախարարը նշեց ժամկետներ՝ աշխատանքների ընթացքը արագացնելու ուղղությամբ:

Scroll Up