Ռուբեն Քեշիշյան.«Կյանքիս լավագույն տարիներն եմ անցկացրել ՀԲԸՄ-ում»

«Հայերն այսօրի» զրուցակիցը Հայկական բարեգործական ընդհանուր միության կենտրոնական վարչության անդամ, Հարավային Ամերիկայի բարեգործական միության պատասխանատու և պատվո  ատենապետ  Ռուբեն  Քեշիշյանն է:

Ռուբեն Քեշիշյանը 1973 թվականից 50 տարի շարունակ անդադար աշխատել է Հայաստան-Սփյուռք կապերն ամրապնդելու ուղղությամբ՝ ղեկավարելով ՀԲԸՄ-ի վարչության քարտուղարի պաշտոնը:  Հայրենիքին մատուցած նշանակալի ավանդի և ծառայությունների համար նա մի շարք բարձրագույն պարգևների է արժանացել. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պարգևատրել է «Մխիթար Հերացի» մեդալով,  Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ «Գրիգոր Լուսավորիչ» մեդալով, իսկ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նրան շնորհել է «Պողոս Նուբար» մեդալը:

Ռուբեն Քեշիշյանի հայրը Հայոց ցեղասպանության ականատեսներից է եղել, որի աչքի առաջ սպանել են իր հորը:  Թուրքի  յաթաղանից  մազապուրծ լինելով՝  հայտնվել է Հալեպի ամերիկյան որբանոցում, իսկ 1927 թվականին հաստատվել է Արգենտինայում:

Պարոն Քեշիշյանը 17 տարեկանից որպես ատենապետ սկսել է աշխատել Արգենտինայի Երիտասարդաց լիգայում՝ գիտակցության մեջ մշտավառ պահելով Հայրենիքին  օգտակար  լինելու  գաղափարը:

«Ծնողներս ամեն քայլափոխի մեզ պատգամում էին՝ մեր գործունեությամբ, կատարած աշխատանքով նեցուկ լինել Հայաստանին, նպաստել Հայրենիքի զարգացմանը: Հետևելով նրանց պատգամին՝ Երիտասարդաց լիգայում 11 տարի շարունակ հայապահպանությանը, հայկական ինքնության պահպանմանն ուղղված զանազան մշակութային ծրագրեր եմ իրականացրել: Թիրախում հիմնականում համայնքի հայ երիտասարդներն էին »,-հիշեց պարոն Քեշիշյանը:

1973-2013 թվականներին լինելով ՀԲԸՄ-ի վարչության քարտուղար՝ Ռուբեն Քեշիշյանը շարունակել է մշակութային բուռն գործունեությունը: Ասում է, որ կյանքի լավագույն տարիներն է անցկացրել ՀԲԸՄ-ում, որոնք այժմ լուսավոր ժպիտով է հիշում:

Միայն 1973 թվականին  Հայաստանից հյուրախաղերով Արգենտինայի հայ համայնք են այցելել արվեստագետներ Ռուբեն Մաթևոսյանը, Էդուարդ Միրզոյանը, Էդգար Հովհաննիսյանը, Լուսինե Զաքարյանը և շատ այլ ճանաչված, սիրված դեմքեր: ՀԲԸՄ-ի ջանքերի շնորհիվ Բուենոս Այրես է եկել նաև շախմատի աշխարհի չեմպիոն Տիգրան Պետրոսյանը, որն իր այցելությամբ այնքան է ոգևորել համայնքի անդամներին, որ դպրոցներից մեկի դասասենյակը նրա անունով է անվանակոչվել:

Բոլոր ծրագրերն իրականացվել են այն ժամանակի միակ՝ Հայաստանը Սփյուռքին կապող պետական կառույցի՝ Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեի հետ սերտ համագործակցության արդյունքում: Հենց Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեի հրավերով Ռուբեն Քեշիշյանը 1971 թվականին առաջին անգամ Հայաստան է այցելել:

Պարոն Քեշիշյանն հիշում է, որ այդ տարիների ընթացքում, հակառակ բոլոր դժվարություններին, չեն վհատվել, այլ միախմբված շարունակել են կատարել բոլոր ծրագրերը՝ ի շահ Հայաստանի և հայ ժողովրդի: Բոլորի մոտ գերակա խնդիր է եղել հայ մնալը և երիտասարդներին հայրենասիրությամբ դաստիարակելը:

Ռուբեն Քեշիշյանը զրույցի վերջում ջերմութամբ և ուրախությամբ խոսեց Արգենտինայի, մասնավորապես Բուենոս Այրեսի հայ համայնքի մասին. «Բուենոս Այրեսի հայ համայնքը շատ կենսունակ է, որն աչքի է ընկնում համախմբվածությամբ և աշխատասիրությամբ: Այն Սփյուռքի կարևոր համայնքներից մեկն է, այստեղ ապրում են այնպիսի հայրենասեր ու նվիրյալ մարդիկ, որոնք իրենց գործունեությամբ փառք ու պատիվ են բերում ոչ միայն Հայաստանին, այլև Արգենտինային: Համայնքում գործում են 7 հայկական եկեղեցիներ, բարեգործական, մշակութային միություններ, պարախմբեր, երգչախմբեր և կարևոր նշանակություն ունեցող այլ հաստատություններ: Բուենոս Այրեսում հայտնի է «Արմենիա» փողոցը, որտեղ գտնվում են հայկական բոլոր կարևոր կառույցները՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» եկեղեցին, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» դպրոցը, ՀԲԸՄ-ի շենքը, «Մարի Մանուկյան» կրթամշակութային կենտրոնը, «Թեքեյան» մշակութային միությունը, «Սարդարապատի» խմբագրատունը, «Արմենիա» մշակութային միությունը,  Դաշնակցության ակումբը, Մարաշի հայրենակցական միությունը, Առաջադիմականները, Այնթափի տունը»,-եզրափակեց Ռուբեն Քեշիշյանը:

Այժմ էլ Ռուբեն Քեշիշյանը գործուն մասնակցություն է ունենում համայնքում տեղի ունեցող միջոցառումներին. 2006 թվականին՝ ՀԲԸՄ-ի հիմնադրման 100-րդ տարեդարձին, ընտրվելով ՀԲԸՄ-ի ատենապետ՝ շարունակում է ազգանպաստ ծրագրերի իրագործումը:

Պատրաստեց Գևորգ Չիչյանը

Scroll Up