Կմեկնարկի ճարտարապետների համահայկական 3-րդ համաժողովը

Հոկտեմբերի 6-ին, ժամը 10.00-ին ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ, քաղաքաշինության նախարարության, Ճարտարապետների և ճարտարագետների համահայկական ընկերակցության, ՀՀ ճարտարապետների միության աջակցությամբ՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում կմեկնարկի Ճարտարապետների համահայկական 3-րդ համաժողովը (հասցե՝ Վազգեն Սարգսյան 26/1, «Էրեբունի պլազա» բիզնես կենտրոն, 9-րդ հարկ, «Էրեբունի» սրահ):

Ողջույնի խոսքով հանդես կգան ՀՀ ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը, Շինարարների միության նախագահ, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր Գագիկ Գալստյանը,  Ճարտարապետների և ճարտարագետների համահայկական ընկերակցության համանախագահ Գոհար Թութունջյանը:

Տեղի կունենա Համաձայնության քառակողմ հուշագրի ստորագրում՝ Ճարտարապետների և ճարտարագետների համահայկական ընկերակցության, ՀՀ ճարտարապետների միության, ՀՀ շինարարների միության, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի միջև:

Համաժողովը կշարունակի աշխատանքը լիագումար նիստերով: