Հայաստանը ներկայացնող Լեոնորան SOFIA GRAND PRIX­2015 միջազգային մրցույթում արժանացելէ «Գրան Պրի» մրցանակի

Սոֆիայում կայացած «Գրան Պրի 2015» (SOFIA GRAND PRIX­ 2015) միջազգային մրցույթում «Գրան Պրի» մրցանակին է արժանացել Հայաստանը ներկայացնող երգչուհի Լեոնորան: Սեպտեմբերի 13-­17­-ին կայացած մրցույթում 18­-ից բարձր տարիքային խմբի «Դասական վոկալ» անվանակարգում եռագույնի ներքո հանդես է եկել ծնունդով գյումրեցի, լիրիկ սոպրանո Լեոնորան:

Այս նախագծին մասնակցելու առաջարկը երգչուհին ստացել էր «Կատարողական արվեստի աշխարհի ասոցիացիա»­-ի կողմից, իսկ Սոֆիա մեկնելու ծախսերը հոգացել է հովանավորը՝ ֆրանսահայ Լուսինե Հակոբյանը: «Մրցույթը բավական թեժ էր մինչև վերջին րոպեն, լավագույն երգիչներ են մասնակցել 10 երկրներից, բայց Լեոնորային հաջողվել է «Դասական վոկալ» անվանակարգում գրավել առաջին հորիզոնականը, իսկ ընդհանուր մրցույթում ճանաչվել է բացարձակ հաղթող»,­այս մասին «Արմենպրես»­ին տեղեկացրեց Լեոնորայի ամուսինը՝ Վիգեն Թանաշեանը, ով նաև երգչուհու պրոդյուսերն է: Որպես մրցույթին մասնակցելու պարտադիր պայման` յուրաքանչյուր մասնակից պետք է ներկայանար երկու կատարմամբ, որոնցից մեկը պետք է լիներ երգչի հայրենի երկրի կոմպոզիտորի ստեղծագործություն, մյուսը՝ օտար: Հայ երգչուհին ներկայացրեց Կոմիտասի «Կռունկ» և Լուիջի Արդիտի “Il Bacio” (Համբյուր) ստեղծագործությունները:

«Քվեարկությունը փակ էր, բայց առաջին իսկ ելույթից հետո՝ խոսքը Կոմիտասի մասին է, բոլորը մոտենում ու շնորհավորում էին` ասելով, որ շատ են հավանել ինչպես ստեղծագործությունը, այնպես էլ կատարումը»,­նշեց Վիգեն Թանաշեանը՝ շնորհակալություն հայտնելով ինչպես «Կատարողական արվեստի աշխարհի ասոցիացիա»­ին, այնպես էլ «Գրան Պրի 2015» (SOFIA GRAND PRIX­2015) միջազգային մրցույթի կազմկոմիտեին: «Ամեն ինչ հրաշալի էր: Գյումրի մենք վերադառնում ենք բաձառիկ տպավորություններով ու մեծ հաղթանակով»,­-հավելեց Վիգեն Թանաշեանը: SOFIA GRAND PRIX­2015 մրցույթը բավական հայտնի է ոչ միայն Բուլղարիայում, այլ նաև շատ երկրներում: Միայն այս տարի մրցույթի մասնակցության հայտեր են ներկայացվել Իտալիայից, Իսպանիայից, Ուկրաինայից, Սերբիայից, Ռումինիայից և Հայաստանից: Մրցույթն անցկացվում է «Sprint production»­ի և «Artvoices» Sofia երաժշտական գործակալության նախաձեռնությամբ՝ Սոֆիայի քաղաքապետարանի և Բուլղարիայի ազգային հեռուստատեսության հովանավորությամբ:

Մրցույթն անցկացվում է ինչպես սիրողական, այնպես էլ պրոֆեսիոնալ արվեսատգետների շրջանում: Լեոնորայի իրական անունն Արեւիկ է« նա սովորել է Երեւանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի դասական վոկալ բաժնում: Այս ընթացքում Լեոնորան տարբեր երկրներում ու բեմերում է հանդես եկել, ունեցել է մենահամերգներ, սակայն հայրենի քաղաքում երգչուհուն հիշում են «Անուշ» օպերայի 100­ամյակի առթիվ բեմադրված «Անուշ»­ի գլխավոր հերոսուհու դերերգով: Վերջին տարիներին երգչուհու համերգային ծրագրով, բեմական կեցվածքով ու մնացած բոլոր խնդիրնեով զբաղվում է Լեոնորայի ամուսինը՝ բեյրութահայ պրոդյուսեր Վիգեն Թանաշեանը:

Արմենուհի Մխոյան

Scroll Up