Եկեղեցական արարողություններ Հյուսիսային Իրաքի հայաբնակ շրջաններում

Սեպտեմբեր 3-ին տեղի ունեցավ Իրաքի Հավրեզք հայաբնակ գյուղի նորակառույց եկեղեցու նավակատիքը, կատարվեց օրհնության աղոթքի ընթերցում: Այս մասին «Հայերն այսօրին» Իրաքից հայտնում է Արամ սարկավագ Քեթենջյանը:

Հաջորդ օրը առավոտյան թեմի բարեջան առաջնորդ Գերշ. Տ. Ավագ արք. Ասատուրյանի ձեռամբ կատարվեց եկեղեցու օծման ծեսը՝ սկսելով Ս. Սեղանից, որին հաջորդեց 16 սյուների օծումը: Օծման արարողությունն իր ավարտին հասավ, երբ Առաջնորդ Սրբազան հայրը նոր օծված եկեղեցին անվանեց «Սբ. Սարգիս»:

Նույն շրջանի Ավզրուկ գյուղում (զուտ հայկական գյուղ, որի բնակչությունը ամբողջովին քրդախոս հայեր են) տեղի ունեցավ եկեղեցու Սբ. սեղանի օծում: Գյուղի «Սբ. Վարդան» եկեղեցին վերջերս բարենորոգումների ենթարկվեց և Սեղանը ընդարձակվեց: Հետևաբար, սեպտեմբեր 2-ին Թեմի Առաջնորդի ձեռամբ կատարվեց Սբ. Սեղանի օծման արարողությունը:

Իրաքի Թեմի բարեխնամ առաջնորդ Գերշ. Տ. Ավագ արք. Ասատուրյանի ձեռամբ Դհոքի «Սբ. Ներսես Շնորհալի» եկեղեցում կատարվեց քահանայական ձեռնադրություն:

Սեպտեմբեր 5-ին Սբ. Պատարագի Սրբազան հայրը Ռոստոմ սրկ. Սարգիսյանին քահանա ձեռնադրեց` վերանվանելով Տ. Տիրան:

Scroll Up