Գագիկ Գասպարյան.«Մասիսի գագաթին «Օտար ամայի ճամփեքի վրա» կատարումը հնչեցրի»

«Հայերն այսօրի» զրուցակիցը արգենտինահայ երաժիշտ Գագիկ Գասպարյանն է:

Պարզվում է՝ նա չի սահմանափակվում միայն երաժշտական գործունեությամբ, այլև Լատինական Ամերիկայում հաստատած իր կապերն օգտագործում է հայկական մշակույթը նաև օտար շրջանակներում ներկայացնելու, պահպանելու ու տարածելու ուղղությամբ:

Գագիկի՝ քսան  տարիների ընթացքում կատարած աշխատանքներն աննկատ  չեն մնացել Արգենտինայի պետական կառույցների կողմից. նա արժանացել է տարբեր պատվոգրերի ու շնորհակալագրերի:

-Գագի՛կ, Արգենտինայում ապրելու որոշումդ երկա՞ր մտածված քայլ էր:

-Ճիշտն ասած, կյանքս փոխելու համար կայացրի այդ որոշումը: Ցանկանում էի հայ լինելուս իրական արժեքը զգալ: Իսկ այդ ժամանակաշրջանում Հայաստանում իրավիճակն այդքան էլ բարվոք չէր և հնարավորություն չկար իրականացնել բոլոր երազանքներս ու նպատակներս:

Ուստի ստիպված փոխեցի բնակավայրս՝ իմ պատկերացրած հայի կերպարը կերտելու և ազգիս ամեն կերպ օգտակար լինելու մղումից ելնելով: Հոգումս այլ արգելքներ կային, որոնք հաղթահարել էին պետք:

Այդպես, 1997 թվականին՝  23 տարեկան հասակում, հայտնվեցի Արգենտինայում: Պատահական ընտրված երկիր, որտեղ չգիտեի էլ, թե ինչ է ինձ սպասում: Եվ հենց Արգենտինայում էլ ամուսնացա: Որդուս՝ Ռուբենին, կնոջս հետ միասին փորձում ենք հայեցի դաստիարակություն տալ և լավ մարդ մեծացնել:

գէթփ

-Իսկ երաժշտական ուղին ընտրեցիք իբրև մասնագիտությու՞ն թե՞ հոգու կանչ:

-Դեռևս մանկության տարիներից հատուկ սեր եմ տածել հայկական ժողովրդական գործիքների հանդեպ: Միշտ ձեռքս էի վերցնում գործիքները, ուսումնասիրում դրանք, որոնցից հոգիս հպարտությամբ էր լցվում:

Այս հանգամանքն էլ դարձավ Էջմիածնի Ակումբագրադարանային ուսումնարանի ժողգործիքների բաժինն ընդունվելու շարժառիթը (ծնունդով Էջմիածնից է-հեղ.): Հմտացա դուդուկ նվագելու մեջ. չնայած տիրապետում եմ մի շարք հայկական փողային գործիքների, ներառյալ կլարնետը:

Սակայն, բնավ,  չեմ շահարկում  երաժիշտ լինելս: Ես երաժիշտ եմ միայն բեմում՝ համերգների ժամանակ, իսկ դուդուկն օգտագործում եմ բացառապես հայի նկարագիրն օտար միջավայրում իմաստավորելու նպատակով: Բեմից դուրս հայկական մշակույթի խնդիրների լուծմանն ուղղված տարաբնույթ նախագծեր եմ իրականացնում: Սա է իմ կենսափիլիսոփայությունը:

g122

-Այն, ինչով զբաղվում եք Արգենտինայում, կարելի է իբրև հասարակական գործունեություն համարել:Ի՞նչ կասեք այս մասին:

 -Շնորհակալ եմ նման որակավորման համար: Կարծում եմ՝ յուրաքանչյուր հայ պետք է իր ուժերի և հնարավորությունների չափով ներդրում ունենա Հայաստանի զորեղացման, շենացման և հայի անունն աշխարհով մեկ տարածելու հարցում: Կարևորը ներքին զգացողությունն է: Շատ լավ գիտակցում եմ, որ արտերկրի հային ուծացումից փրկելու համար անհրաժեշտ է համապատասխան քայլեր ձեռնարկել: Գործունեությանս մեջ միշտ ընդհանուրի շահն եմ փնտրել՝ առանց մտածելու անձնական օգուտներիս մասին, որի համար երբեք չեմ զղջացել: Ասեմ, որ ինձ համար ուղենիշ եմ դարձրել Զորավար Անդրանիկի  «Ամեն գիշեր գլուխդ բարձին դնելուց առաջ մի պահ մտածի՛ր, թե ինչ ես արել ազգիդ համար» հանճարեղ խոսքերը: Դրանք հիշելիս աշխատանքի հանդեպ ավելի շատ պատասխանատվությամբ ու նվիրումով եմ լցվում:

Ահա այս մտորումներն էին, որ ինձ դրդեցին զբաղվելու, ինչպես դուք ասացիք, հասարակական գործունեությամբ: Իմ առջև նպատակ էի դրել մշակութային կամուրջ ստեղծել Արգենտինայի և Հայաստանի միջև, որը նաև Հայ համայնքի պահանջն էր:

Եվ այդպես Համայնքի առաջարկով Արգենտինայում զանազան համերգներ, մշակութային միջոցառումներ սկսեցինք կազմակերպել Հայաստանից հրավիրված երգիչ-երգչուհիների, երաժիշտների և այլ արտիստների մասնակցությամբ՝ այդպիսով խթանելով Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդմանը: Հիմա արդեն հասել ենք այն արդյունքին, որ Հայաստանի գրեթ բոլոր արտիստները ճանաչում են մեզ և վստահության հիմքի վրա միասին տարբեր ծրագրեր ենք իրականացնում: Սերտ համագործակցում ենք ՀՀ սփյուռքի նախարարության և Արգենտինայում ՀՀ դեսպանատան հետ՝ տարբեր համերգային ծրագրեր իրականացնելով: Առհասարակ, բարձր եմ գնահատում ՀՀ սփյուռքի նախարարության գոյությունը և նախարար Հրանուշ Հակոբյանի մոտեցումները Սփյուռքի հիմնախնդիրներին:

Փափագս է, որ Հայաստանի և Սփյուռքի հայերն առանց արգելքի շփվեն միմյանց հետ՝ չտարանջատելով սիրիահայ, ֆրանսիահայ, արգենտինահայ և նմանօրինակ այլ շերտերի:

Իմ հասարակական գործունեության մաս է կազմում նաև համագործակցությունս Չիլիի կառավարության հետ: Քսան տարվա համառ, հետևողական ջանքերիս արդյունքում Չիլիի մշակույթի նախարարությունը հայկական մշակույթը՝ մասնավորապես երաժշտությունը, ողջ 2015 թվականի ընթացքում պաշտոնապես ճանաչեց Չիլիի Հանրապետության տարածքում գտնվող բոլոր մշակութային և հասարակական լայն շրջանակների ուսումնասիրության գլխավոր առարկա: Նույնիսկ փաստաթղթով այն վավերացվեց և հավաստագիր հանձնվեց ինձ:

Իսկ բոլորովին վերջերս Արգենտինայի միգրացիոն կենտրոնը և Արտաքին գործերի նախարարությունը գիրք հրատարակեցին՝  «էմիգրանտների պատմություն» անվանումով: Գրքում ընդգրկված են Արգենտինայում ապրող այն օտարազգի ներկայացուցիչները, ովքեր Արգենտինա պետության զարգացման, ճանաչման գործում զգալի ավանդ են ունեցել: Ուրախությամբ տեղեկացնեմ, որ ինձ ևս տեղ է հատկացվել այդ գրքի էջերում:

g1

 –Գագի՛կ, Բուենոս Այրեսում Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկներին նվիրված հուշակոթող եք կանգնեցրել: Պատմե՛ք այդ մասին:

-Հայրս՝ Ռուբեն Գասպարյանը, Արցախյան պատերազմի մասնակիցներից էր. եղել է մահապարտների ջոկատից: Նրա հայրենասիրական ոգին միշտ ուղեկցում է ինձ և թևեր տալիս: Լինելով զոհված ազատամարտիկի որդի և պատերազմական շրջանում՝ 1992-1994թթ. ծառայելով հայոց բանակում, անընդհատ մտածում էի  նրա և զոհված մյուս հայորդիների հիշատակին որևէ բան ձեռնարկել:

Հարցի շուրջ քննարկում ունեցա Արգենտինայում ՀՀ նախկին դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանի հետ: Նա տեղեկացրեց, որ մինչ օրս Սփյուռքի ոչ մի համայնքում Արցախյան ազատամարտիկների հիշատակին նվիրված որևէ հուշակոթող չի տեղադրվել: Երկուսս էլ խանդավառվեցինք այդ մտքից և արեցինք հնարավոր անհնարինը գաղափարն իրականություն դարձնելու համար:  Ամեն ինչ անձնական ներդրումներով եմ արել՝ առանց կողմնակի միջամտությունների:

Հատուկ այդ նպատակով «Հոգևոր ճանապարհորդություն» անվանումով ձայնասկավառակ ձայնագրեցի, որի վաճառքից ստացված ողջ հասույթն ուղղեցի հուշարձանի կառուցման աշխատանքներին:

Ձայնասկավառակի համար ևս հետաքրքիր լուծումներ գտանք. ուսուցողական նպատակներով 20 էջանոց գրքույկ պատրաստեցինք, որի մեջ Արցախյան հերոսամարտի էջերից իսպաներեն և անգլերեն լեզուներով ողջ պատմությունն է ներկայացված: Իսկ գրքույկը ձայնասկավառակի մեջ է զետեղված:

Հուշարձան բացելու գաղափարը քաջալերեց նաև հայ համայնքի ղեկավարությունը: Նրանք սիրահոժար տարածք տրամադրեցին Բուենոս Այրեսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բակում:

Հուշարձանի ճիշտ դիմաց վեր է խոյանում Հայոց ցեղասպանության անմեղ նահատակների հիշատակին կառուցված հուշակոթողը: Երբ զբոսաշրջիկներ են գալիս եկեղեցու բակ, ակամա ծանոթանում են հայ ժողովրդի պատմության էջերին: Հայ ուսուցիչները ևս դրական արձագանքեցին այս ձեռնարկին՝ նկատելով, որ եկեղեցու բակում խաղացող աշակերտները հաճախ են հարցուփորձ անում հուշակոթողներից: Արդեն ավանդույթ է ձևավորվել Համայնքում, որ Արցախին նվիրված բոլոր տոներին և հիշատակության օրերին միջոցառումները  հուշակոթողի մոտ է կազմակերպվում:

Ուրախ եմ, որ այս քայլով ևս հայապահպանության գործում իմ փոքրիկ լուման ունեցա:

g6

-Նաև բարեբախտություն ունեցաք Բիբլիական Արարատը բարձրանալու:

-Իմ վաղեմի երազանքն էր Արարատի բարձունքին հայտնվելը: Մասիսին միշտ կորցրած ծնողի պես եմ վերաբերվում: Բայց այս դեպքում հույս ունենանք՝ մեր կորցրած ծնողին կկարողանանք ետ բերել:

2014 թվականի ամռանը օվկիանոսը կտրեցի բաղձալի երազանքս իրականություն դարձնելու նպատակով: Ուխտագնացությունս սկսեցի Արևմտյան Հայաստանից: Տասներկու հոգանոց խմբով եղանք Վանում, Բայազետում, Ալաշկերտում, Էրզրումում, Կարսում և Արդահանում: Իսկ Մասիս սար բարձրացանք Բայազետից:

Չորս օր տևեց վերելքը: Ճիշտ է, դժվարությամբ, բայց անկոտրում ոգով և մեծ ոգևորությամբ հատեցինք 5165 մետրը: Հիմա ինչքա՜ն էլ փորձեմ բառերով նկարագրել ապրումներս ու հույզերս, մեկ է՝ չեմ կարող պարզորոշ նկարագրել հոգեվիճակս. հուզմունք, ուրախություն, հպարտություն և ցասում միաձուլվել էին իրար այն աստիճանի, որ դուդուկով Մասիսի գագաթին հնչեցրի «Օտար ամայի ճամփեքի վրա»  կատարումը: Հետո միայն ինձ ասացին, որ առաջին հայ դուդուկահարն էի, ով Մասիսի գագաթին ծիրանափողն է հնչեցրել…

Մաղթանքս է, որ յուրաքանչյուր հայ վայելի մեր Աստվածային լեռը բարձրանալու անհուն բերկրանքը: Սակայն ոչ թե հյուրի, այլ տանտիրոջ կարգավիճակով:

Զրուցեց Գևորգ Չիչյանը

g3g9g2g7g11g10աա

Scroll Up