​Հոլանդիայի «լագերներից» փախած սիրիահայը

18068_large

Վիգեն Փիլիպոսյանը Հալեպի կենտրոնում հագուստի խանութներ ուներ, որտեղ վաճառվում էր ոչ միայն արտերկրից բերված կանացի հագուստ, այլև սեփական արտադրանքը՝ կանացի մարզական հագուստ: «Ջիլ» կոչվող խանութների ցանցը, որ արաբերեն նշանակում է «սերունդ», Հալեպում մեծ հեղինակություն ուներ: Գործը չափազանց հաջող էր, հատկապես Բայրամի օրերին առևտուրը հասնում էր գագաթնակետին: Վերջին տոներից առաջ Վիգենը սովորականի պես հագուստի մեծ խմբաքանակ էր ներկրել, նաև սեփական հագուստն արտադրել և սպասում էր վաճառքի հաջող օրերին: Սակայն, ինչպես ասում են, շաբաթն ուրբաթից շուտ եկավ: 2012 թ. ներքաղաքական իրավիճակը Սիրիայում սրվեց, և ամեն ինչ անկանխատեսելի ընթացք ստացավ: Սկսվեց պատերազմը: Վիգենի ողջ ապրանքը մնաց խանութում:

Հասկանալով, որ ամեն ինչ շատ ավելի լուրջ է, քան պատկերացնում են, 2013 թ. Վիգենն ընտանիքի հետ տեղափոխվեց Հայաստան, որտեղից լուրեր էր ստանում, թե ինչպես են ավերվում ու թալանվում իր արտադրամասը, խանութներն ու պահեստները:

Թե որքան է կազմել նյութական ողջ կորուստը` Վիգենն անգամ չի կարող թվերի վերածել. «Հսկայական… 20 տարվա աշխատանք»,- ասում է նա:

Հայաստանը լավ երկիր է, Վիգենը մինչ պատերազմն էլ գնալ-գալ ուներ, միայն ափսոսում է, որ հեռատես չի եղել և գեթ մի անշարժ գույք ձեռք չի բերել, որ գոնե այսօր վարձով չապրեին:

Իսկ Հայաստանում ապրելն այնքան էլ հեշտ չէ. գործ չկա, բիզնես դնելու ռիսկերը մեծ են: Եվ երբ երեք ընկերներով որոշում են հագուստի բիզնես ձեռնարկել, սկսում են ուսումնասիրել շուկան ու հաշվարկներ անել` հասկանում են, որ «տակ կտան»:

«Ախր Հայաստանի շուկան շատ փոքր է,- ասում է Վիգենն ու Հալեպում իր վաճառքի ծավալները համեմատում Հայաստանի խանութների առևտրի չափերի հետ,- իմ ամենափոքր խանութում, օրինակ, ամառվա սեզոնին մոտ 16 հազար բլուզ էր վաճառվում, 7 հազար հատ էլ` կանացի սպորտային հագուստ: Այստեղ նման քանակի հագուստ 4-5 տարում էլ չես վաճառի: Եթե երեկոյան ժամը 6-ի կողմերը մտնեիր իմ խանութ և փորձեիր ինձ բարև տալ, ապա մեծ դժվարություն կունենայիր»:

Հասկանալով, որ հագուստի բիզնեսը ձեռնտու չի լինի, ընկերներով որոշում են արագ սննդի բիզնեսով զբաղվել: Սննդի կետը հիմնում են, բավականին ռեսուրսներ ներդնում, սակայն որոշ ժամանակ անց Վիգենն ինչ-ինչ պատճառներով հիասթափվում է և դուրս գալիս ընդհանուր գործից: Եվ քանի որ հիասթափված էր` որոշում է մեկնել Եվրոպա:

Ողջ խնայողությունները դնում է, միայն թե ընտանիքով հասնի Հոլանդիա և… հանձնվի: Մեծ ջանքերի և ֆինանսական մեծ ծախսերի շնորհիվ, ի վերջո, բաղձալի պահը գալիս է: Նրանք Հոլանդիայում էին, ավելի ճիշտ` Հոլանդիայի փախստականների ճամբարում: Հենց առաջին իսկ վայրկյանից Վիգենը հասկանում է, որ սխալվել է: Հասկանում է, բայց լռում է, որ ընտանիքի անդամներին ցավ չպատճառի: «Ամեն ինչն էր վատ այդ լագերներում,- պատմում է նա,- նախ` չորսբոլորը արաբներ էին: Բայց մեր ճանչցած արաբներն առաջին մակարդակի արաբներ էին, ասոնք տասներորդ մակարդակի մարդիկ էին: Լագերի մեջ միայն արաբերեն կխոսեին: Կային տեղացի հայեր, որոնք առանձին խնդիր էին: Ավելի լավ էր` ոչ մեկի հետ չշփվեիր»:

Այնուհետև ընտանիքն անցնում է ճամբարից ճամբար, որոնցից ամեն մեկում որոշ ժամանակ պիտի ապրեր, մինչև կացության իրավունք ստանար կամ մերժվեր: Այդ բոլոր ճամբարներում նրանք սթրես են ապրում, հասկանում, որ սա իրենց տեղը չէ. «Լագերներին մեջ մարդկանց ողջ օրվա խոսակցությունն այն էր, թե էսօր կեցությունս կլինի, բայց էսօր չեղավ, էսօր տունը պիտի լինի, չէ, էսօր չեղավ, էսպիսի ապուշ բաներով կզբաղվես ամիսներով, տարիներով: Իսկ այդ ամենի վերջն այն էր, որ քեզի պիտի մի գյուղին ծայրը նետեին, ընտանիքիդ ամսական 1200 եվրո պիտի տային, որից կեսը պիտի այդ տան վարձը տաս, մնացած կեսով տան մյուս ծախսերը փակես, վերջում սոված մնաս: Դրանից հետո էլ հանգիստ չունես, պիտի ամեն օր իջնես փոստդ նայես, տեսնես՝ ինչ թղթեր եկան, ամենը պետք է մեկ-մեկ ստուգես: Կարող է մեկը մոռանաս, ու մեծ տուգանքներ գան վրադ: Պիտի հագնվես «second hand»-ով, իսկ եթե որոշես աշխատանք գտնել, պիտի աման-չաման լվանաս կամ աղբահավաք աշխատես»:

Վիգենն ասում է` այդքան գումարը, որ ծախսեցին Հոլանդիա հասնելու համար, կարող էին Հայաստանում մի տուն գնել. «Մոտ 60 հազար դոլար մեզ վրա նստեց,-ասում է նա,- բայց հարցը միայն փողը չէ, մենք 4 ամիս մեր երեխաներին տանջեցինք: Մեծ աղջիկս այդ երկրորդ լագերում 2 ամսվա մեջ 5 անգամ սենյակեն դուրս չեկավ»:

Այդպես նրանք վերադառնում են, բայց վերադարձից առաջ մի լավ դաս են տալիս հոլանդացիներին: Երբ Վիգենին կանչում են հարցազրույցի, նա միանգամից ասում է, որ ուզում է վերադառնալ: Այնտեղ գիտեին, որ նրանք ոչ թե Հայաստանից են գնացել Հոլանդիա, այլ Սիրիայից: Երբ Վիգենն ասում է, որ չեն ուզում մնալ Հոլանդիայում, այլ ուզում են վերադառնալ Սիրիա, հարցազրույց վերցնող պաշտոնյան շատ է զարմանում. «Այնտեղ պատերազմ է, ինչպե՞ս եք ուզում վերադառնալ»:

«Ասացի, որ ավելի լավ է` ես գնամ Սիրիա, ճակատս բարձր մեռնեմ, քան ձեզ մոտ հանձնվեմ»:

Դա հոլանդացու համար սառը ցնցուղ էր: Նրանց վերադարձի պատմությունը բոլորից գաղտնի է պահվում:

Հայաստանում Վիգենի շնչառությունը բացվում է: Նա այստեղ իրեն լավ էր զգում: Հալեպում հագուստի բիզնեսում լուրջ հաջողությունների հասած երիտասարդ գործարարը Երևանում արագ սննդի կետ է բացում և ուժերը փորձում այս բնագավառում: «Թաուկ» (Թաուկ նշանակում է` հավ). Կողբացի 39 հասցեով անցնելիս հնարավոր չէ չնկատել ինքնատիպ ոճով տարբերվող այս սննդի կետը, որը Վիգենն իր ձեռքերով է վերանորոգել՝ մութ ու քանդած տարածքը վերածելով հաճելի վայրի, իսկ յուրօրինակ դիզայնի հարցում օգնել է ընկերը՝ Արսեն Թորոսյանը:

Թաուկ

Վիգենն այնտեղ է ողջ օրը՝ շուրջ 15 ժամ, քանի որ իր ձեռքով պատրաստում է, համեմում, մատուցում, զրուցում հաճախորդների հետ, որոնք մեկ անգամ նրա սենդվիչները համտեսելուց հետո էլի ու էլի են այցելում: Ընդամենը մեկ ամիս է, ինչ գործում է «Թաուկը», սակայն հասցրել է հավատարիմ հաճախորդներ ձեռք բերել: Վիգենը չի կարող դժգոհել, քանի որ սկզբի համար գործը լավ է: Ճիշտ է, մեծ ներդրումներ է արել և չի կարող կանխատեսել՝ ապագայում գործն իրեն կարդարացնի, թե ոչ, սակայն ուրախ է, որ իր հայրենիքում է, որ շրջապատված է բարի կամեցող մարդկանցով. հենց թեկուզ Կողբացի 39 հասցեի իր հարևանները, որոնք ի սրտե աջակցում են նորաստեղծ բիզնեսին: Վիգենն ուրախ է, որ թեկուզ զրոյից, կրկին փորձում է, աշխատում, ստեղծում իր ձեռքով, իր սրտով ու հոգով, ոչ թե պարապ-սարապ նստած` դժգոհում, թե սա երկիր չէ: «Հայաստանը լավ երկիր է, ուղղակի ժողովուրդն այս երկրի հարգը (գինը) չգիտի,- ասում է Սիրիայում ծնված, Հոլանդիայի իշխանություններին հանձնված և ի վերջո Հայաստան վերադարձած սիրիահայ Վիգեն Փիլիպոսյանը:

http://ankakh.com/