Մարիսոլ Գադեյան․«Մի բան կա Հայաստանում, որ ես շատ եմ սիրում, երբեք մենակ չես, երբեք»

Բեատրիսը, Մարիսոլը և Սարգիսը Արգենտինայից և Ուրուգվայից տեղափոխվել են Հայաստան՝ այստեղ բնակություն հաստատելու: «Հետք»-ի հետ զրույցում պատմում են ծննդավայրում իրենց գործունեության, Հայաստանում ունեցած փորձառության և հույսերի մասին:

Բեատրիս Արսլանյանը (Բետի) և Մարիսոլ Գադեյանը Արգենտինայի Կորդովա քաղաքից են: Նախկինում, տարբեր տարիների կամավորություն են արել Հայաստանում: Սարգիս Փանոսյանը, ով ապրում էր Ուրուգվայի մայրաքաղաք Մոնտեվիդեոյում, նույնպես եղել է Հայաստանում, երբ երկու տարի առաջ մասնակցում էր համահոմենեթմենական խաղերին:

«Հայաստանը շատ սիրեցի, եւ մանաւանդ ժողովուրդը, էստեղ ապրիլը, ուրեմն ըսի որ օր մը, համալսարանս աւարտելէն յետոյ պիտի գայի, էստեղ հաստատուէի…»,- «Հետք»-ի հետ զրույցում պատմում է Բետին, ով աշխատում էր Կորդովայի հինգ հազար բնակիչ ունեցող հայկական համայնքի քարտուղարությունում: Ընկերները ծանոթացել են Հարավային Ամերիկայի երկրների հայ երիտասարդների հանդիպումների ժամանակ:

Բետին, Մարիսոլը և Սարգիսը / լուսանկարը՝ Նարեկ Ալեքսանյանի

Բետին պատմում է, որ ակտիվ մասնակցություն են ունեցել իրենց համայնքների կյանքին. «Կարծեմ այդ կողմով մի քիչ մեզի պիտի կարոտնան»: Հիշում է, որ Արգենտինայում հիմնականում Հայ դատի, արգենտինացիներին այդ մասին տեղեկացնելու համար էին աշխատում: Հայաստանում այդ խնդիրը չունեն, «ուրեմն կը ջանանք զբաղուիլ ուրիշ ձեւի գործերով և անոր վերաբերեալ փնտրում ենք, ինչպէս ժողովուրդին օգտակար դառնալ և ինչպէս օգնել, որ Հայաստանը աւելի զարգանայ»:

Բետին լրագրություն է սովորել Արգենտինայում, աշխատել է նաև իր ծնողների ռեստորանում, որտեղ հայկական և արաբական ուտեստներ էր պատրաստում:

Բետին լատինամերիկյան ըմպելիք՝ մատե է պատրաստում / լուսանկարը՝ Դավիթ Բանուչյանի

Հիշելով Հայաստան տեղափոխվելու որոշմանը հարազատների արձագանքի մասին՝ Մարիսոլը ասում է. «Մի քիչ դժուար եղաւ, որուհետեւ շատ հեռու է, ու վստահ չէին՝ ինչ կը լինի Հայաստանում: Գիտէին, որ մենք էստեղ ուրախ ենք ու կ՛ուզեինք փորձիլ»: Արգենտինայում նա հայկական մշակույթ է դասավանդել մի դպրոցում, որտեղ հայ ուսանողները շատ չէին՝ միջինը հինգ հոգի մեկ լսարանում: Կեսօրից հետո այն գործել է որպես հայկական դպրոց:

Կամավորության ութ ամիսների ընթացքում Մարիսոլն ապրել է Երևանում, Գյումրիում և Շուշիում: Եթե Երևանից դուրս ապրելու լիներ, կնախընտրեր Շուշին: «Կարծեմ որ ընտրեցինք Երեւանը, որուհետեւ Արգենտինային ամէնանմանն էր, որպէսզի փոփոխութիւնը շատ մեծ չլինի,- պատմում է Մարիսոլը և շարունակում, որ Կորդովայի համեմատ Երևանը փոքր է, բայց նաև՝ հանգիստ ու գեղեցիկ,- Մի բան կայ Հայաստանում, որ ես շատ եմ սիրում, երբէք մենակ չես, երբէք: Միշտ մարդ մը կայ, որ քեզ կօգնի: Մեր մոտ էդպէս չի, դրա համար սիրում եմ»:

Հիմնական տարբերությունը, որ նա նկատել է երկու հասարակությունների միջև, այն է, որ Արգենտինայում չկան կնոջ և տղամարդու հստակ բաշխված դերեր, ինչպես Հայաստանում է: «Օրինակ, տունիս մեջ հայրս է ճաշը պատրաստում, լուացք անում, ամէն ինչ անում, ու եթէ ես այստեղ այդ բանն եմ ասում, զարմանում են»,- պատմում է Մարիսոլը:

Օգոստոսին երեք ընկերները Շուշիում մասնակցել են Մարիսոլի հյուրընկալ ընտանիքի զավակի հարսանիքին: Լուսանկարում նրանք փեսայի տատիկի հետ են / լուսանկարը՝ Սարգիսի ֆեյսբուքյան էջից

Խոսելով Հայաստանի սոցիալական կյանքի և դրան իրենց մասնակցության մասին՝ երիտասարդները ուրախությամբ հիշում են «Էլեկտրիկ Երևան» շարժումը, որին հետևել են Հարավային Ամերիկայից: Ուրախ են, որ մարդիկ պայքարում են իրենց իրավունքների համար, և վստահեցնում են, որ գալիք հավաքների շարքերում իրենք էլ կլինեն: «Ես կարծեմ, որ փոփոխության մեջն է Հայաստանը, ու քայլում է իր ճանապարհին մեջ»,- ասում է Մարիսոլը:

«Ես կը կարծեմ, որ Հայաստանի քաղաքացիութիւնէ կարեւոր բանը էստեղ ապրիլն է, ոչ միայն քաղաքացիութիւն ունենալ և ուրիշ երկրի մէջ ապրիլը. այն չէ կարեւորը: Կարեւորն է այստեղ ապրիլ և ժողովուրդին և հայկական կեանքին մէջ պատկանիլը:- ավելացնում է Բետին,-  Մենք ժողովուրդին սիրահարուեցանք շատ, որովհետեւ ամէն տեղ, ուր կ՛երթայինք, միշտ ընտանիքի տան մէջ կը մնայինք: Ուրեմն կարծեմ այդ ձեւով մենք ծանօթացանք աւելի գիւղերու կեանքը և ընտանիքներու մտածելակերպը»:

Հարավային Ամերիկայից Հայաստան տեղափոխված երեք ընկերները իրենց ժամանակն անց են կացնում տեղացիների, Հայաստանում ապրող սփյուռքահայերի, ինչպես նաև նույն՝ «Դեպի Հայք» ծրագրով Արգենտինայից կամավորության եկած մի քանի երիտասարդների հետ: «Կարծեմ, որ մենք այս առաջին քայլով օրինակը տուինք, որ ուրիշներն ալ համարձակին, և եթէ մենք լաւ փորձառութիւն մը ունենանք այստեղ, մեր բարեկամներն ու ծանօթներն ալ կը համարձակին ու կուգան»,- ասում է Բետին:

Մարիսոլը կատակով ասում է, որ ինքը միայն բաղնիքում էր երգում: Ընկերուհու առաջարկով երգեց մի համերգի ժամանակ, հետո նաև նվագել սովորեց / լուսանկարը՝ Նարեկ Ալեքսանյանի

Սարգիսը, ով ծրագրավորող է, ժամանակավոր աշխատանք է գտել, սակայն հիմնավոր գործ է փնտրում: Ֆուտբոլ այլևս չի խաղում, ասում է՝ ես 28 տարեկան եմ, վերջացավ:

Երիտասարդները ցանկանում են Հայաստանում իրենց մասնագիտություններով աշխատանք գտնել: «Յուսամ լաւ փորձառութիւն կ՛ունենանք, որ աւելի խանդավառուած ըլլանք էստեղ մնալու: Վստահ՝ կստացուի»,- ասում է Բետին:

Scroll Up