Օֆելյա Ծատուրյան.«Հայաստան գալն ինձ համար ամենալավ ճամփորդությունն է»

«Հայերն այսօրի»  զրուցակիցը ԱՄՆ Գլենդել քաղաքի «Դավթյան և Մարիամյան»  կրթական հաստատության տնօրեն  Օֆելյա Ծատուրյանն է:

Տիկին Օֆելյան միայն Հայաստան աշխարհում է կարողանում լիարժեք հանգստանալ և կտրվել առօրյա հոգսերից: Իսկ այս տարվա ճամփորդությունը դեռևս երկար կմնա Ծատուրյանների հիշողության մեջ:

 -Տիկի՛ն Օֆելյա, որքան նկատել եմ, ամռանը միշտ  Հայաստան եք գալիս:

-Այո՛, շատ ճիշտ եք: Ամառային արձակուրդս ընտանիքիս  հետ Հայաստանում եմ կազմակերպում. Բազմիցս հնարավորություն եմ ունեցել գեղեցիկ երկրներում ճամփորդել, սակայն հրաժարվել եմ և որոշել Հայրենիքում օրերս անցկացնել:

Հայաստան գալն ինձ համար ամենալավ ճամփորդությունն է: Օտար որևէ երկիր գնալիս այդպես չեմ հագենում և հաճույք ստանում,  ինչպես Հայաստանում. այստեղ ես վայելքի մեջ եմ: Սոսկ ճամփորդելու նպատակով չեմ գալիս. Հայաստանում ինձ իմ տանն եմ զգում՝ հարազատներիս շրջապատում: Հայրենի հողից ուժ եմ ստանում, լիցքավորվում եմ ամեն մի քար ու թփից, բնությունից, նույնիսկ քաղցրանուշ մրգերի ու բանջարեղենների բույրից, ժողովրդիս բարի ժպիտներից:

Իսկ երբ վերադառնում եմ Ամերիկայի Միացյալ Նահանգներ՝ միանգամից սկսում եմ կարոտել Հայրենիքս և կարոտախտի մեջ ընկնել:

Այս  տարվա  այցելությունն առավել արդյունավետ դարձավ. փոքր տղաս՝ Քրիստոֆերը, մասնակցեց ՀՀ սփյուռքի նախարարության  «Արի տուն»  ծրագրին: Հպարտությունս մեծ է, որ վերջապես որդիս ծրագրի մասը կազմեց, դա մեր ընտանիքի համար կարևոր ձեռքբերում էր, խանդավառված ենք բոլորս:

Պետք է ասեմ, որ Քրիստոֆերը շատ գոհ է մնացել ծրագրից: Ես նույնպես իբրև ծնող մասնակցությունից հետո դրական տեղաշարժեր եմ նկատել նրա մոտ:

 -Ըստ Ձեզ՝ «Արի տուն»  ծրագիրն ի՞նչ է տալիս սփյուռքահայ երիտասարդին:

-Նախ ասեմ, որ ես և ամուսինս՝ Վահիկ Ծատուրյանը, «Դավթյան և Մարիամյան» կրթական հաստատության միջոցով ամեն առիթի դեպքում Գլենդելի հայությանն իրազեկում ենք «Արի տուն» ծրագրի մասին և աշակերտների ծնողներին հորդորում, որ երեխաներին ուղարկեն այս կարևոր ծրագրին մասնակցելու:

Շատ գոհ եմ «Արի տուն»  ծրագրից: ՀՀ սփյուռքի նախարարությունն իսկապես Հայաստանը Սփյուռքին կապելու գործում մեծ աշխատանք է կատարում: Անուրանալի են իմ սիրելի Հրանուշ Հակոբյանի անսպառ ջանքերն ու անմնացորդ նվիրումն առհասարակ Սփյուռքի նկատմամաբ, նա մեծ գովասանքի է արժանի: Տիկին Հակոբյանն իսկապես ինձ համար շատ հարգված մարդկանցից մեկն է, ում գործունեությունն ու մարդկային որակները բարձր եմ գնահատում:

Անդրադառնալով Ձեր հարցին՝ նշեմ, որ «Արի տուն» ծրագիրն աշխարհասփյուռ հայորդիներին աննախադեպ հնարավորություն է տալիս Հայրենի երկրի եզերքները տեսնելու, ավելի մոտիկից Հայաստանը զգալու հարցում:

Խոսքերը քիչ են արտահայտելու հիացումս Ծաղկաձորի «Արի տուն» ճամբարի մասին, որտեղ «Հրաժեշտի խարույկին»  ներկա գտնվեցի: Հուզվում էի անընդհատ, երբ տեսնում էի  երեխաների ջերմ ու անկեղծ շփումը, իսկ ոգևորությունս այնքա՜ն շատ էր, որ նրանց պարելու միացա: Կարծես՝ երիտասարդացա նրանց շարքերում:

Պետք է փաստեմ, որ «Արի տուն» ծրագիրը հայապահպանության, ազգային խնդիրների լուծմանն ուղղված հայրենասիրական գլխավոր ծրագիրն է:

 -Տիկի՛ն Օֆելյա, իսկ Դուք մասնակցեցիք «Սփյուռք» ամառային դպրոցի  «Սփյուռքի համայնքային գործի կազմակերպիչներ» դասընթացին: Ի՞նչ տպավորություններ ունեք  դասընթացից:

-Ծրագրի շրջանակներում արդյունավետ դասընթացներ ունեցանք: Մանրակրկիտ ծանոթացանք ՀՀ սփյուռքի նախարարության կողմից իրականացվող ծրագրերին, Սփյուռքի հետ տարվող աշխատանքներում նախարարության ռազմավարությանն  ու մոտեցումներին:

Նախարարության աշխատակիցները համայնքային գործի կազմակերպիչների համար համայնքային խնդիրների լայն քննարկում կազմակերպեցին, ինչն, անշուշտ, հրատապ հարց էր:

Ապա մեզ հնարավորություն տրվեց ներկայացնել համայնքային կառույցների, կազմակերպությունների խնդիրները և հայապահպանության ուղղությամբ կատարվող քայլերը: Ինչպես նաև քննարկեցինք հետագա  համագործակցության ծրագրերը:

Ուրախությունս անչափ էր, որ  ծանոթացա տարբեր երկրներից ժամանած գործընկերներիս հետ: Խոսելով հայապահպանությանն ուղղված տարաբնույթ խնդիրների շուրջ՝ հասկացանք, որ բոլորիս դժվարություններն ու ցավը Սփյուռքում մեկն է ՝ օգտակար լինել Հայաստանին: Օտար ափերում ապրողներս վստահաբար կարող եմ ասել, որ փորձում ենք հնարավորության սահմաններում ձեռք մեկնել Հայրենիքին:

Ակամայից հիշեցի Զորավար Անդրանիկի խոսքերը՝ «Ամեն գիշեր գլուխդ բարձին դնելուց առաջ մի պահ մտածի՛ր, թե ինչ ես արել  քո ազգի համար»:

Այս անգին խոսքերը պետք է ուղենիշ լինեն բոլորիս համար:

  -Ձեր ընտանիքի այցը Հայաստան կարևորվեց նաև ՀՀ սփյուռքի նախարարության և «ԴավթյանՄարիամյան» կրթական հաստատության միջև համագործակցության հուշագրի կնքումով: Կխնդրեի մի փոքր մանրամասնել այս կարևոր իրադարձությունը:

-Նախ ասեմ, որ Սփյուռքի նախարարության ստեղծման առաջին տարիներից հասցրել ենք բարեկամական հարաբերություններ ձևավորել նախարարության հետ և երկուստեք սերտ համագործակցել: Միշտ զգացել ենք ՀՀ սփյուռքի նախարարության սրտացավ, հոգատար վերաբերմունքը մեր նկատմամբ:

Այնուամենայնիվ, ուրախ եմ, որ «ԴավթյանՄարիամյան» կրթական հաստատության և ՀՀ սփյուռքի նախարարության կապերն այս հուշագրի կնքումով  ավելի կամրապնդեն և համագործակցության նոր ուղիներ կնշմարվեն: Անխոս, շարունակելու ենք հետամուտ լինել Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման, մշակութային, կրթական, դաստիարակչական և քարոզչական ծրագրերի իրականացման, Սփյուռքում հայոց լեզվի պահպանմանը և հայապահպանության խնդիրների լուծմանն ուղղված ազգանպաստ գործունեությունը:

Զրուցեց Գևորգ Չիչյանը

a2a3 a4a1a5a6a7a8

Scroll Up