Հեռահար հանդիպում «Սփյուռք ամառային դպրոցում»

Հուլիսի 26-ին «Սփյուռք ամառային դպրոց» ծրագրի Սփյուռքի լրագրողների դասընթացի մասնակիցների համար հեռահար կապ էր հաստատվել Լիբանանի «Ազդակ» թերթի և «Խոսնակ» պարբերականի գլխավոր խմբագիրներ Շահան Գանտահարյանի և Համբիկ Մարտիրոսյանի հետ:

Ողջունելով ծրագրի մասնակիցներին՝ «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը նշեց, որ ուրախ է հայրենիքում հավաքված տեսնել սփյուռքահայ լրագրողների, և ողջունեց ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությունը, որը համահայկական լրագրողական մարդուժի համախմբման ուղղությամբ տարբեր միջոցառումներ է կազմակերպում:

Ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ՝ Շահան Գանտահարյանը կարևորեց ԶԼՄ-ների դերը ներազգային և արտաքին հանրային կարծիքը ճիշտ կողմնորոշելու ուղղությամբ:

Նշեց, որ անհրաժեշտ է համահայկական ռազմավարական մեթոդներ և հակակշիռ գործողությունների ծրագիր մշակել:

«Ազդակի» խմբագիրը լրագրողների ուշադրությունը հրավիեց երկու կետերի վրա՝  ճանաչումից անցում իրավական հարթություն և իրավական թղթածրարի պատրաստում, որը համահայկական մտածողություն ու միասնական մոտեցումներ պետք է արտահայտի, միաժամանակ պետք է հստակեցնել, թե ինչ ենք պահանջելու Թուրքիայից:

Նշեց, որ մեր պահանջները երեք կետերի շուրջ պետք է ծավալվեն՝ անհատական ինչքերի, նախքան Ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում (Արևմտյան Հայաստանում) Հայոց եկեղեցու, եկեղեցապատկան կալվածքների հարցը՝  կարևորելով  երկու կաթողիկոսների հայտարարությունը:

Իսկ երրորդը տարածքային խնդիրների հարցն է:

Այս ուղղությամբ Շահան Գանտահարյանը ողջունեց վերջերս ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնած Հայ իրավաբանների համահայկական համաժողովը, որի ուղենիշը Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձն էր և ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հայտարարությունն այն մասին, որ Հայաստանի Հանրապետությունը կորցրած տարածքների վերադարձի խնդիր ունի, ինչը և պետք է հաշվի առնվի իրավական թղթածրարի պատրաստման ժամանակ:

Իսկ այս հարցերի լուսաբանման ուղղությամբ մեծ է ինչպես հայաստանյան, այնպես էլ սփյուռքյան ԶԼՄ-ների դերը:

«Խոսնակ» պարբերականի գլխավոր խմբագիր Համբիկ Մարտիրոսյանը ևս ողջունեց ծրագրի մասնակիցներին և նույնպես կարևորեց ԶԼՄ-ների դերն ինչպես ինքնության պահպանման, այնպես էլ Ցեղասպանությանը վերաբերող խնդիրներում:

Շեշտեց, որ լրագրողը հայ ժողովրդի բազկերակն է, և տեղեկատվական պայքարում նրա դերը շատ կարևոր է:

Համբիկ Մարտիրոսյանն անդրադարձավ նաև վերջերս Դավիթօղլուի արած հայտարարությանը և նշեց, որ զգոնությունը չպետք է կորցնել և անընդհատ հոգեբանական պայքարի մեջ պետք է լինել:

Իսկ վերջում Համբիկ Մարտիրոսյանն իր պատգամը հղեց սփյուռքահայ լրագրողներին, այն է՝ ունենալ սեփական կարծիք, միաժամանակ հարգել զրուցակցի կարծիքը, լրագրողական սեփական ոճ, լինել օբյեկտիվ, շրջահայաց և պատրաստված՝ չդավաճանելով բարոյական բարձր սկզբունքներին:

IMG_7

Լուսինե Աբրահամյան,  Ծաղկաձոր

Scroll Up